Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը, 2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, ընդունեց, որ հարգելու է եվրոպական արժեքները, մասնավորապես` Եվրոպայի ընտրական ժառանգության հիմնարար սկզբունքները. այսօր լրագրողներին ասաց Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող` ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը:
Նա հիշեցրեց, որ իրենց պատվիրակությունն այս ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող միակ պատվիրակությունն էր: Այն բաղկացած է եվրոպական տարբեր երկրների 12 ներկայացուցչից, որոնք այցելել են 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասեր եւ դիտարկել ընտրական գործընթացը` սկսած բացման պահից մինչեւ փակումը, ինչպես նաեւ քվեները հաշվելու գործընթացը:
Ստյուարտ Դիքսնը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ներկայացվել են ընտրությունների հետ կապված որոշ մտահոգություններ, մասնավորապես` Երեւանում չբնակվող, բայց ընտրացուցակներում ընդգրկված անձանց անունների, պետական ու վարչական ճնշումների, քվեների գնման մասին: Դիքսոնը, մեկնաբանելով այդ մտահոգությունները, նշեց, որ իրենք բավարարված են` լսելով, որ որոշակի առաջընթաց է գրանցվել զսպումների ու հակակշիռների համակարգի ուժեղացման, ինչպես նաեւ լրատվամիջոցների ազատության եւ հակակոռուպցիոն միջոցառումների առումով:
Ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները` Ստյուարտ Դիքսոնը նշեց, որ, բացառությամբ մի քանի միջադեպերի, այն ընտրատեղամասերում, ուր այցելել են դիտորդական պատվիրակության անդամները, քվեարկություններն անցել են խաղաղ, եւ ընտրություները տեխնիկապես լավ նախապատրաստված են եղել, նաեւ, նախորդ ընտրություների հետ համեմատած, անձնագրերում դրվող կնիքների համար օգտագործվող թանաքի որակն է բարելավվել: Բրիտանացի դիտորդը տպավորություն է ստացել, որ ընտրատեղամասերում ավելի լավ վերահսկողություն է իրականացվում:
Դիտորդական առաքելության ղեկավարը անդրադարձավ տեղամասերում առկա տեսախցիկներին եւ տարբեր շահագրգիռ կողմերի կողմից նկարահանումների պրակտիկային` նշելով, որ մի կողմից սա նպաստում է գործընթացի թափանցիկությանը: «Սակայն կարող է հակադարձ ազդեցություն ունենալ եւ թափանցիկությունը մեծացնելու փոխարեն անվստահության մթնոլորտ ստեղծել քվեարկողների շրջանում, քանի որ ընտրական գործընթացը դրանով դառնում է գերվերահսկելի»,- ասաց Ստյուարտ Դիքսոնը:
Նա անդրադարձավ արձանագրված միջադեպերին, խոսեց ընտրատեղամասերում տեղական դիտորդների մեծ թվի, իսկ երբեմն նրանց` ինչ-որ քաղաքական ուժի կամ կուսակցության օգտին աշխատելու երեւույթի մասին: Ստյուարտ Դիքսնը նշեց, որ մի քանի միջադեպեր են գրանցել որոշ ընտրատեղամասերում, ինչպիսիք են բազմակի, ինչպես նաեւ կարուսել քվեարկությունները:
«Եվ մենք կհետեւենք դրանց արդյունքում պաշտոնապես ներկայացված բողոքների զարգացումներին եւ այս ինֆորմացիան, ըստ անհրաժեշտության, կներկայացնենք մեր համապարփակ զեկույցի մեջ, որը կհրապարակենք առաջիկա շաբաթների ընթացքում: 10 օր հետո Հայաստանը ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, եւ սա չափազանց կարեւոր պահ է ձեր երկրի համար, նաեւ ավելի ամրապնդվելու համար Եվրոպայի խորհրդի 47 երկրներից բաղկացած ընտանիքում: Կցանկանայի տեղական եւ շրջանային կոնգրեսի մարմինների անունից քաջալերել Հայաստանի իշխանություններին, որ օգտվեն իրենց նախագահության հանգամանքից եւ բարելավեն իրավական դաշտը, ընտրական պրակտիկան, ինչպես նաեւ այն միջավայրը, որում անցկացվում են ընտրությունները»,- շեշտեց պատվիրակության ղեկավարը:
Ստյուարտ Դիքսոնի խոսքն ամբողջությամբ դիտե’ք տեսանյութում: