կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-06 15:52
Քաղաքական

Մարդկանց պետք է դատել` ըստ նրանց գործողությունների. եվրոպացի դիտորդ

Մարդկանց պետք է դատել` ըստ նրանց գործողությունների. եվրոպացի դիտորդ

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, ընտրությունների բովանդակության հետ կապված, ամբողջական կարծիքը կհայտնի այն ժամանակ, երբ ներկայացնի իր ամբողջական զեկույցը. այսօր ասաց պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը:

 

Ինչ վերաբերում է հարցին, որ ոչ իշխանական ուժերը բավարարված չեն ընտրությունների արդյունքներով եւ դրանք համարում են ոչ օրինական, պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք պատրաստ են հանդիպել բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, լսել նրանց կարծիքներն ու մտահոգությունները:

 

Քանի որ այսօր ներկայացված զեկույցը միջանկյալ զեկույց է, պատվիրակության անդամները կհանդիպեն միասին, կհավաքեն բոլորի կարծիքներն ու հաշվետվությունները, կլսեն մարդկանց, կուսակցության ներկայացուցիչներին եւ միայն այդ ժամանակ կկարողանան ամբողջական տեսքի բերել իրենց կարծիքն ու վերջնական զեկույցում դա ներառել:

 

 

Լրագրողների խնդրանքով Ստյուարտ Դիքսոնը անդրադարձավ նաեւ ընտրատեղամասերում չափից շատ «լրագրողների» ու «դիտորդների» ներկայությանը եւ նրանց ուղարկած քաղաքական ուժից այդ հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալուն եւ նշեց, որ իրենք անձնական հանդիպումներ չեն պատրաստվում ունենալ քաղաքական կուսակցությունների հետ:

 

ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը գրավոր հաղորդակցություն է ունենալու բոլոր ուժերի հետ, նրանց ուղարկելու է իր բոլոր գրավոր հարցերն ու սպասելու է դրանց պատասխաններին: Միայն բոլոր պատասխանները ստանալուց եւ պատվիրակության անդամների միջեւ ժողովրդավարական բանավեճերն ու քննարկումներն ավարտելուց հետո դիտորդական առաքելությունը կհրապարակի իր վերջնական զեկույցը:

 

«Մարդկանց պետք է դատել` ըստ նրանց գործողությունների, եւ ես վստահեցնում եմ, որ հետագայում եւս մենք հնարավորություն կունենանք գալու եւ նորից դիտարկելու հայաստանյան ընտրությունները, եւ այդ ժամանակ կտեսնենք, թե արդյոք մեր կողմից արված առաջարկությունները կատարվե՞լ են»,- նշեց եվրոպացի դիտորդը:

 

 

ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավարը խոսեց նաեւ միկրոավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր տեղափոխելու երեւույթի մասին, ասաց, որ ինքը եւս նման երեւույթ նկատել է, բայց տեղեկացրեց, որ շատ եվրոպական երկրներում տրանսպորտային միջոցների տրամադրումը ընտրողներին, որպեսզի նրանք գան տեղամաս, ոչ հազվադեպ հանդիպող երեւույթ է: Ստյուրտ Դիքսոնը հավելեց, որ իր երկրում բազմաթիվ ընտրողներ կընտրեն ոչ իրենց համակիր կուսակցության կողմից առաջարկվող տրանսպորտային միջոցը` քվեարկության գնալու, որպեսզի այդ օրը կարողանան իրենց միջոցները տնտեսել:

 

 

 

 

 

Լրագրողների հարցին, թե ընտրությունների օրը դիտորդական առաքելության անդամները վարչական ռեսուրսի կիրառման եւ քվեների գնման դեպքեր դիտարկե՞լ են, արդյոք, պատվիրակության ղեկավարը պատասխանեց, որ այդ մտահոգություններն իրենց հաղորդել են, եւ իրենք բոլոր կուսակցություններին հնարավորություն կտան, որ այդպիսի մտահոգությունների հետ կապված իրենց մեկնաբանությունները ներկայացնեն:

 

«Իսկ եթե լինեն լուսանկարչական ապացույցներ կամ միջադեպեր, նրանք նույնպես հնարավորություն կունենան մեզ փոխանցելու այդ ապացույցները: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մեր վերջնական զեկույցի մեջ մենք այդ հարցին անդրադառնալու ենք»,- հավաստիացրեց Ստյուարտ Դիքսոնը:

 

Նա հիշեցրեց, որ իրենց պատվիրակության կողմից վերջնական զեկույցը հրապարակվելու է հոկտեմբեր ամսին Ստրասբուրգում` կոնգրեսի հերթական ժողովի ժամանակ: