Ապրիլի 29-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված էր մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին` Սաշա Աֆյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրեց, որ նախընտարական շրջանում և ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Իսկ ոստիկանության հիմնական խնդիրը տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումն է, իրավախախտումների բացառումը:
Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս հանձնարարական-ցուցումն է տրված ոստիկանության պետի կողմից, և այն անվերապահորեն պետք է որպես ուղեցույց լինի ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանների համար:
Սաշա Աֆյանը նշեց, որ ընտրությունների հետ կապված նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները ոստիկանության կողմից կատարված են հավուր պատշաճի, ստեղծված են լիարժեք ծառայություն իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Պետք է առաջնորդվել ոստիկանության իրավաբանական վարչության պատրաստած ուղեցույցով, որում ներկայացված են ընտրությունների ժամանակ ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից կազմված պլանը` մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման ուժերի տեղաբաշխման վերաբերյալ:
Սաշա Աֆյանը կոնկրետ հանձնարարություններ տվեց խորհրդակցության մասնակիցներին` պահանջելով կրկին ստուգել անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը եւ այլն: