կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 17:05
Իրավական

Քանի դեռ գլխավոր դատախազ եմ, ես իմ գործն անելու եմ` հետևից ականջներ կերևան, թե` առջևից. Արթուր Դավթյանը`ԼՀԿ-ական պատգամավորին

Քանի դեռ գլխավոր դատախազ եմ, ես իմ գործն անելու եմ` հետևից ականջներ կերևան, թե` առջևից. Արթուր Դավթյանը`ԼՀԿ-ական պատգամավորին

Եթե մարդն իր որակներով, արժանիքներով չի համապատասխանում ռեժիմի հաստատած կարգուկանոնին, ապա կարող էր դուրս թռչել համակարգից և ընդհանրապես առաջխաղացման հնարավորություն չունենալ.  այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազության` 2018 թվականի գործունեության քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը` պատասխանելով դատախազ Արթուր Դավթյանին իր իսկ ուղղած այն հարցին, թե ի՞նչ արժանիքների համար է Սերժ Սարգսյանն առաջադրել նրա թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում:

Անդրադառնալով համակարգում առկա կոռուպցիոն թեմաներին` պատգամավորը նշեց. «Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք ձեր զարմիկ Սարգիս Թարխանյանին: Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ 2017թ.-ին Լոռու մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկ Արսեն Մարտիրոսյանին: Արդյո՞ք կոռուպցիա չէ այն փաստը, որ 2016թ.-ին Շիրակի մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկ Կարեն Գաբրիելյանին: Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ ձեր մտերիմին՝ Սևակ Հովհաննիսյանին, տեղափոխել եք գլխավոր դատախազություն և ընդամենը երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ: Արդյո՞ք կոռուպցիա չէ այն իրողությունը, որ, գալով գլխավոր դատախազություն, որոշել եք դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել, և այդ հարկը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ, հետո այդ հարկ եք տեղափոխել Ձեր կաբինետն ու այսօր, համեստ սենյակ զբաղեցնելու փոխարեն, 140 քմ տարածք եք զբաղեցնում այդ հարկում։ Արդյո՞ք կոռուպցիա չէ այն, որ պետության միջոցներից 14 մլն դրամով վերելակ եք կառուցել, որն ուղիղ գնում է Ձեր առանձնասենյակ և այդ հարկի առաստաղներն այնքան եք բարձրացրել, որ հարմարեցնեք այդ պայմաններին։ Եվ վերջապես` արդյո՞ք կոռուպցիա չէ Տարոն Մարգարյանի կողմից  Ձեզ հատկացված հողատարածքն Աջափնյակում, որտեղ 2 տարվա ընթացքում մեծ առանձնատուն եք կառուցել»:

Բաբաջանյանը մանրամասնեց նաև, որ ինքը կողմ է ներառականությանը, որ նախկին համակարգից պրոֆեսիոնալները պետք է աշխատեն: «Հույս ունեմ՝ մենք հասկանում ենք, որ Արթուր Դավթյանն այդպիսի որակներ չունի, և այս հարցում նրան չի օգնի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրա` վերջին շրջանի մտերմությունը։ Հույս ունեմ, որ այդ բարքերն այլևս մեզանում տեղ չունեն»,- հավելեց նա:

Բաբաջանյանի հարցադրումներին ու մեղադրանքներին ի պատասխան` գլխավոր դատախազն իր եզրափակիչ ելույթում նշեց. «Ուզում եմ ասել, որ հիասթափեցնում եմ պարոն Բաբաջանյանին՝ իմ տրամադրությունը կամ օրը չի փչացել: Ինչ ներկայացնում էր, ես ամաչելու որևէ առիթ չունեմ»:

Նա ասաց, որ ԼՀԿ-ական պատգամավորն այդ պահին նիստերի դահլիճում չէ` կարծիք հայտնելով, որ երևի հնարավորություն չի ունեցել մնալու և այս ամենը լսելու: «Ժողովրդական խոսք կա՝ «Երեսը երեսից կամաչի» կամ «Ճշմարիտ խոսքն աչքերի մեջ նայելով պետք է ասել»,- հավելեց Դավթյանը:

Նա նշեց, թե իր «հետևողական և սկզբունքային գործելաոճով մարդկանց խորն է ցավեցնում»: «Ես դա շատ լավ հասկանում եմ։ Հասկանում եմ՝ այդ մարդիկ պատահական չեն, երբեմն՝ բավական լուրջ ռեսուրսներով, ընդհուպ այնպիսի ռեսուրսներով, որ այս դահլիճում իրենց ձայները կարող են հնչել, բայց դուք նրանց չտեսնեք: Այդ ամեն ինչը հասկանալով, քանի դեռ  գլխավոր դատախազ եմ, անելու եմ այդպես: Այստեղից կհնչի խոսք, հետևից ականջներ կերևան, թե ականջները առջևից կլինեն, ես իմ գործն անելու եմ»,- ասաց գլխավոր դատախազը:

Նա նաև անդրադարձավ պատգամավորի կողմից իրեն հասցեագրված` կոռուպցիայի վերաբերյալ հարցադրումներին: «Կարծում եմ՝ չարժե անցնել դասախոսության, մանավանդ, որ բերվող հարցերին ես պատասխանում եմ: Առաջարկում եմ՝ ցանկացած դեպքով սուտ մատնության համար հաղորդում տալ: Իսկ ես հանրությանը հաշվետու եմ և նշված դեպքերով պատասխանները կտամ: Հիմա եմ պատրաստվում տալ, ցավոք, ժամանակը չհերիքեց»,- եզրափակեց Արթուր Դավթյանը: