Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կոտայքի մարզի Ալափարս համայնքում հուղարկավորեցին ապրիլի 3-ին Չարենցավանի ջրանցքում խեղդված ամուսիններ Զավեն և Հռիփսիմե Սայադյաններին: Նրանց մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն, սակայն շրջանառվող հիմնական վարկածը դժբախտ պատահարն է:
Դեպքի օրը` ժամը 14-ի սահմաններում, 79-ամյա Զավենը և նրա կինը` 73-ամյա Հռիփսիմեն, դուրս են եկել տանից և ուղևորվել Չարենցավան քաղաք` կենսաթոշակ ստանալու: Տանեցիների խոսքով` իրենք շատ նորմալ ճանապարհել են նրանց` պատկերացում անգամ չունենալով, թե ի՞նչ կարող է պատահել:
Սայադյանների ընտանիքն ավելի քան 80 տարի է, ինչ բնակություն է հաստատել Ալափարս գյուղում, սակայն տարեց ամուսինները գրանցված են եղել Չարենցավան քաղաքում: Այդ էր պատճառը, որ կենսաթոշակը ստանում էին հենց այդ քաղաքից: Չարենցավանում են բնակվում նաև նրանց 4 որդիներից 2-ը` իրենց ընտանիքներով, իսկ մյուս երկուսը` գյուղում: Ամուսինները բնակվել են իրենց 2-րդ որդու հետ, ով ամուսանացած է և ունի երեխաներ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանը` նշելով, որ դժբախտ դեպքը, ամենայն հավանականությամբ, պատահականություն է:
Վարկածը, թե հնարավո՞ր է ամուսիններն ինքնասպանություն գործելու ինչ-որ դրդապատճառներ ունենային, գյուղապետը հերքեց. «Նորմալ ընտանիք էր: Ճիշտ է` որդին մշտական աշխատանք չուներ, սակայն, ինչպես գյուղի շատ ընտանիքներ, իրենք էլ զբաղվում էին գյուղատնտեսությամբ` հող էին մշակում, անասուն պահում և այդպիսով վաստակում իրենց հացը»:
Ի դեպ, այն որդին, ում հետ բնակվել են ծնողները, դատապարտված է եղել, սակայն, ինչպես նշեց գյուղապետը, լուրջ բան չկա, քանի որ տղան ծանր հանցագործություն չի կատարել և բանտում երկար ժամանակ չի անցկացրել:
Թեև ջրանցքն ընկելու պահին ամուսիներին ոչ ոք չէր տեսել, սակայն մարդիկ արդեն հասցրել էին երեւակայել, որ նրանք, ձեռք ձեռքի տված, նետվել են ջուրը:
ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի աշխատակիցները դիակները դուրս բերելուց հետո բռնության հետքեր չեն հայտնաբերել, ինչը վկայում է, որ սպանության կանխանշաններ ևս չէին կարող լինել: Ոստիկանության Չարենցավանի բաժնից yerkir.am-ըտեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իսկ թե, ո՞րն էր տարեց ամուսինների մահվան իրական պաշտճառը, պարզ կդառնա նախաքննության ավարտից հետո: