Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս մտահոգություն էր հայտնել Երեւանի վերաբերյալ, որին անմիջապես եւ բավականին կոշտ արձագանքեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
«Առկա խնդիրները կուտակվել են անկախության ողջ ժամանակահատվածում, ներառյալ` Վարդան Օսկանյանի` կառավարության անդամ լինելու 10 երկարուձիգ տարիներին, երբ նա ցանկության դեպքում հնարավորություն ուներ բարձրացնել իրեն հուզող հարցերը երկրի բարձրագույն ղեկավարության առջեւ»:
Թե ինչո՞ւ պետք է արտգործնախարարը բարձրացներ Երեւանի կառուցապատման կամ կանաչ տարածքների բետոնապատման հարցերը, նույնիսկ` կառավարության անդամ լինելու պարագայում, այնքան էլ հասկանալի չէ, բայց կարեւորը Վահե Նիկոյանի «պատասխանի» շարունակությունն է. «Ինչ վերաբերում է որպես կանաչ գոտու բետոնապատման օրինակ ներկայացված «Օպերային կից տարածքում» կատարվող բարեկարգման աշխատանքներին, ապա հենց բերված կոնկրետ օրինակից ակնհայտ է դառնում, որ այն՝ իրողությունների աղավաղման ճանապարհով, հետապնդում է պոպուլիստական նպատակ: Նշված տարածքում որեւէ սանտիմետր կանաչ տարածք չի բետոնապատվում, այլ, քաղաքապետարանի հսկողությամբ, պարոն Օսկանյանի պաշտոնավարման տարիներին գործելու թույլատրություն ստացած սրճարանն իրականացնում է տարածքի մաշված եզրաքարերի եւ սալաքարերի փոխարինման ու վերանորոգման աշխատանքներ: Դրա փոխարեն հենց այդ նույն սրճարանի հարեւանությամբ Վարդան Օսկանյանի` կառավարության անդամ լինելու տարիներին թույլատրվեցին ու վեր խոյացան կապիտալ կառույցներ, ինչն, իհարկե, անթույլատրելի էր»:
Ու այստեղ, ինչպես ասում են, «թագավորի տղեն մատը կծեց…», որովհետեւ «անթույլատրելի էր» ձեւակերպումը մայրաքաղաքի կառավարման հարցերում, այն էլ` փոխքաղաքապետի բերանից հնչելով, նշանակում է կա’մ ինքնախոստովանություն, եթե այդ «անթույլատրելի» արարքը կամ գործունեւությունը տեղի է ունեցել այն ադմինիստրացիայի կառավարման օրոք, որի ներկայացուցիչն է նման արտահայտություն անողը, կա’մ «անթույլատրելի» կառուցապատումներ անելու մեղադրանք է նախկին քաղաքապետերի հասցեին:
Բայց ո՞ր քաղաքապետին կամ քաղաքային ադմինիստրացիային նկատի ուներ պարոն Նիկոյանը: Վարդան Օսկանյանը կառավարության կազմում` արտգործնախարարի պաշտոնում, աշխատել է 1998-2008 թվականներին: Այդ ժամանակահատվածում Երեւանն ունեցել է 4 քաղաքապետ` Սուրեն Աբրահամյան, Ալբերտ Բազեյան, Ռոբերտ Նազարյան եւ Երվանդ Զախարյան:
Սուրեն Աբրահամյանն ու Ալբերտ Բազեյանը եղել են «Միասնություն» դաշինքի անդամներ, իսկ այդ դաշինքին մաս էին կազմում ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն, ու թեեւ այսօր այլ քաղաքական ուժի են պատկանում, բայց քաղաքապետ եղած ժամանակ ՀՀԿ-ականների հետ նույն դրոշի ներքո էին «պայքարում»: Ռոբերտ Նազարյանը մինչ օրս շարունակում է պաշտոնավարել պետական համարվող կառույցում, այսինքն` իշխանության ներկայացուցիչ է, այսինքն` իրենցից է: Ինչ վերաբերում է Երվանդ Զախարյանին, ով նույնպես շարունակում է պատասխանատու պետական պաշտոն զբաղեցել մինչ օրս, ՀՀԿ-ական է 2006 թվականից:
Ստացվում է, որ մեր հարգարժան փոխքաղաքապետը, մեղմ ասած, «բոչկա է գլորում» նախկին ու ներկա` առնվազն չորս թիմակիցների վրա… Փոխքաղաքապետի պատասխանից մեզ մոտ բնական հարց է առաջանում` իսկ ո՞վ էր խանգարում Երեւան քաղաքի այսօրվա ղեկավարությանը, այդ թվում` նույն փոխքաղաքապետին, շտկել «Օսկանյանի կառավարության» թույլ տված սխալները եւ քանդել «անթույլատրելի» կառույցները:
Մեկ կոնկրետ օրինակ եւս` իսկ ո՞ր կառավարության օրոք է Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկին կից կառուցվել մի քանի հարկանի ինչ-որ ժամանցի վայր, որի շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզումից հետո անգամ շենքը չքանդեցին: Եվ նույնիսկ այն պայմաններում, երբ պարզվեց, որ շենքի կառուցման թույլտվություն չկա: Փլուզման պահին Օսկանյանը կառավարության` այլեւս նախկին անդամ էր, իսկ Վահե Նիկոյանը՝ գործող փոխքաղաքապետ:
Դրանից բացի, երբ խոսքը վերաբերում է ինչ-որ շինության ու դրա մասին ասում են «անթույլատրելի», ապա նշանակում է, որ այդ շինության կառուցումը եղել է ապօրինի, քանի որ դա թույլատրվում է համապատասխան փաստաթղթերով, որոնք տրվում են օրենքին համապատասխան: Ու եթե չկա շինթույլտվություն, կամ այն տրված է, բայց հակասում է օրենքին, ապա շինություն կառուցելը ապօրինի է: Ուստի փոխքաղաքապետի հայտարարությունը` «անթույլատրելի» շինության մասին, ընկալում ենք որպես հաղորդում հանցագործության մասին:
Եվ հարց է առաջանում` այս հայտարարությունն ընդունվե՞լ է որպես հաղորդում հանցագործության մասին:
«Այդ հարցով պետք է քաղաքապետարանում զբաղվեն, եւ եթե դա քրեորեն պատժելի արարք լինի, ապա կարող են հայտնել, ու դա կընդունվի որպես հանցագործության մասին հաղորդում` ոստիկանության կամ դատախազության կողմից»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այնպես որ` այդպես էլ պարզ չէր` փոխքաղաքապետն ի՞նքն էր պոպուլիստական բնույթի հայտարարություն անում, թե՞, իրոք, հանցագործության մասին հաղորդում էր հրապարակում: Համապատասխան մարմինների ականջը կանչի…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ