կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 13:21
Քաղաքական

Օսկանյանը` ավագանու ընտրությունների մասին

Օսկանյանը` ավագանու ընտրությունների մասին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամովր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրում է.

 

«Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ես գլխավորելու եմ ԲՀԿ ցուցակը: Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու:



Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով՝ այո, սա քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին և այն անպայմանորեն դիտարկեր և՛ քաղաքական, և՛ քաղաքային հարթություններում:



Սա քաղաքական ընտրություն է․



Նախ, որովհետև քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարևորագույն դերակատարը:

 

Երկրորդ, որովհետև ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից մինաշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը և քաղաքացին:

 

Երրորդ, որովհետև այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերևս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը և պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաև այս ընտրությունների ընթացքում:

Վերջապես, որովհետև այս ընտրությունների ընթացքում ոչ իշխանական ուժերի համագործակցությունը և միասնական հաղթանակը առավել լայն հնարավորություն կստեղծեն այդ համագործակցությունը տեղափոխելու Ազգային ժողով՝ այնտեղ ձևավորվող համապետական օրակարգի իրականացման շուրջ:

Ինչ վերաբերում է ընտրությունների քաղաքային բնույթին, ապա քաղաքի վիճակը մոտավորապես այն է, ինչ ընդհանուր հանրապետությանը: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բացթողումներ, չարաշահումներ, ոչ թափանցիկ գործարքներ և ընթացակարգեր, որոնք բացասական էական ազդեցություն ունեն Երևանի բնակիչների վրա:

Նախքան այդ խնդիրների մասին խոսելը՝ կուզենայի ընդհանրական մի դիտարկում անել քաղաքի մասին. Երևանի նկատմամբ կարծեք գյուղապետական մոտեցում կա: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ հրապարակային միջոցառումներում, շինարարության որակում և քաղաքի զարդարանքներում: Երևանի նկատմամբ մեր փիլիսոփայական մոտեցումը պետք է փոխենք և քաղաքին վերաբերվենք որպես ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության մայրաքաղաքի և օտարազգի այցելուների համակրելի վայրի: Նման փիլիսոփայությամբ մենք էապես նպաստած կլինենք ոչ միայն քաղաքի տեսքի և որակի փոփոխությանը, այլ նաև բնակչության նույնիսկ ամենատարրական առօրյային վերաբերող խնդիրների արդյունավետ լուծմանը:

Քաղաքի խնդիրները ես դիտարկում եմ չորս հարթություններում.

Առաջինը Երևանի բնակիչների առօրյային վերաբերող հարցերն են՝ ջրամատակարարում, աղբահանություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հնարավորությունների ստեղծում, կանաչ գոտիներ, ապահով շենքեր և վերելակներ և այլն: Այս բոլոր ոլորտներում էլ լրջագույն խնդիրներ կան, և հաճախ ոչ միայն առաջընթաց չկա, այլև նույնիսկ վատթարացում կա: Սակայն խնդիրն այն է, որ ճիշտ և արդյունավետ կառավարման դեպքում բոլոր խնդիրները լուծելի են:

Երկրորդը քաղաքի ճարտարապետական տեսքն է: Այստեղ միանշանակորեն մենք հետընթաց ունենք: Ապօրինի շինարարություն, շենքերի կտուրների անճաշակ և վտանգավոր ավելացումներ ու կցակառույցներ, ազգայինին անհարիր ճարտարապետական կառույցներ և այլն: Քաղաքապետի առաջին խնդիրը պետք է լինի նախ կասեցնել Երևանի դիմագծի աղճատումն ու աղավաղումը և հետո լրջորեն մտածել վերականգնելու այն, ինչ այս տարիների ընթացքում կորցրել ենք:



Երրորդը քաղապետարանում և թաղապետարաններում բյուրոկրատական քաշքշուկներն են: Այստեղ քաղաքացիների շփումը քաղաքային իշխանությունների հետ պետք է հնարավորինս հեշտացնել, դարձնել թափանցիկ, կրճատել թույլտվություններ ստանալու ընթացակարգերը և այլն:



Վերջապես, Երևան քաղաքում փոխել գործարար մթնոլորտը, բոլոր բիզնեսների համար հավասար պայմաններ ստեղծել մասնակցելու և շահելու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Նոր մթնոլորտում մեծացնել քաղաքի ֆինանսական եկամուտների հնարավորությունները և խնդիր դնել Երևանը դարձնել ֆինանսապես լիովին ինքնաբավ:

Այս ամենը հնարավոր կլինի միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Սա իսկապես հերթական հնարավորություն է երկրում իրավիճակ փոխելու համար: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստանն» իր ընտրարշավի երկու կարգախոս է ընտրել՝ «Փոխելու ենք» և «Սկսենք Երևանից»: