Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին yerkir.am-ը ընդարձակ հրապարակմամբ ներկայացրել էր, թե ինչ գործընթացներ են ծավալվում «Արմավիա» ընկերության շուրջ:
2012 թվականի նոյեմբերին մեր` «Արմավիա»-ի պարտքերը հայ ժողովուրդն է փակելու» վերնագրով նյութում նշել էինք, որ այս տարվա մարտ ամսին լրանում է «Արմավիա»-ի լիցենզիայի գործողության ժամկետը, եւ եթե կառավարությունը նոր լիցենզիա չտա, այդ դեպքում ընկերությունը կգնա սնանկացման:
Արդեն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասաց, որ «Արմավիա»-ի սնանկացումը չի բացառվում, քանի որ ընկերությունում «լարված» ֆինանսական վիճակ է:
Yerkir.am-ը նշել էր, որ «Արմավիա»-ի պարտքերի չափի մասին ոչ ոք կոնկրետ բան չգիտի: Գիտենք հետեւյալը` 2012 թվականի նոյեմբեր 23-ին «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի փոխտնօրեն Պավել Մանուկյանը լրագրողներին ասել է, որ «Արմավիա» ավիաընկերությունը կենտրոնին պարտք է 93 մլն դրամ: Ըստ նրա` այդ պարտքը ամեն թռիչքի համար ծառայության դիմաց գանձվող (33000 դրամ) գումարից է կուտակվել:
«Արմավիան» խոշոր պարտքեր ուներ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին, որոնք պարբերաբար պատճառ են դառնում այս երկու ընկերությունների միջեւ լարված իրավիճակների: yerkir.am-ի տեղեկություններով` ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին, 2012 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ, պարտք էր 3.5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար: Տեղեկություններ ունենք, որ «Արմավիան» պարտք է նաեւ ՀՀ-ին` 19 միլիարդ դրամ` մոտ 470 միլիոն ԱՄՆ դոլար, հարկային պարտավորությունների գծով, որը հարկային մարմիններից ճշտել մեզ այդպես էլ չէր հաջողվել:
Դեռ չգիտենք, թե ընկերությունն ինչքան պարտք ունի «Աերոնավիգացիա»-ին, «Ավիաբուժին», տեխնիկական սպասարկման համար, վառելիքի համար, ընկերության աշխատողների աշխատավարձերի համար: Սա միայն Հայաստանում, իսկ դրսի մասին առհասարակ ոչինչ չգիտենք:
Մի խոսքով` ընկերությունը «սկած» է, եւ դրա սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ուզում էր այն վաճառել: Սակայն, ըստ էության, վաճառելու բան էլ չկա. ընկերության ավիապարկում այսօր առկա 2 հատ Airbus A-320-ից, 1 հատ Յակ-42-ից, 3 հատ Բոինգ 737-55 S-ից եւ 3 հատ CRJ-200 LR-ից, միայն Airbus-ներն են պատկանում ընկերությանը, իսկ մնացած ինքնաթիռները լիզինգով են ձեռք բերվել կամ գրավադրված են: Իսկ այլ` իրենից մեծ արժեք ներկայացնող գույք ընկերությունը չունի:
Այսինքն, ըստ էության, մնում էր վաճառել միայն ավիափոխադրումներ իրականացնելու լիցենզիան եւ ընկերության ապրանքանիշը: Լիցենզիան, սակայն, որը «Արմավիա»-ին տրամադրել է ՀՀ կառավարությունը, իրենից մեծ արժեք չի ներկայացնում, քանի որ գործողության ժամկետը սպառվում է:Եթե կառավարությունը նոր լիցենզիա «Արմավիա»-ին չտա, ընկերությունը վաճառելու բան չի ունենա ու կգնա սնանկացման:
Այս դեպքում Հայաստանի համար ստեղծվում է շատ բարդ իրավիճակ: Որովհետեւ այդ դեպքում «Արմավիա»-ի պարտքերը ստիպված փակելու է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն` մենք` բոլորս: Որովհետեւ լիցենզավորող մարմինը, որն այս դեպքում ՀՀ կառավարությունն է, պատասխանատվություն է կրում լիցենզավորված ֆիզիկական կամ իրավաբանական անձի կատարած եւ չկատարած պարտավորությունների համար: Ու եթե «Արմավիան» սնանկ ճանաչվի, ապա նրա պարտքերը պետք է ՀՀ կառավարությունը փակի: Այնպես որ` հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Երբ այս ամենի մասին yerkir.am-ը զգուշացնում էր, այն ժամանակ մեզ մեղադրում էին «սեւ» ակնոցով իրականությանը նայելու մեջ: Իսկ այժմ կառավարությունը` իր «վարդագույն» ակնոցով, ստիպված է բացատրել մեր` «սեւ» ակնոցով տեսածն ու զգուշացրածը…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ
Հ.Գ. Այս ընթացքում «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հասցրել է «ԱՐՏԱԳԱՂԹԵԼ». Մոսկվայի թանկարժեք թաղամասերից մեկում շատ շքեղ առանձնատուն է կառուցել եւ, ըստ մեր տեղեկությունների, բնակվում է այնտեղ: