Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մինչեւ հիմա լուրջ խնդիրներ ունենք․ թշնամին անցած տարվա մայիսից ՀՀ պետական սահմանը հատել եւ մինչ օրս գտնվում է մեր տարածքում։ Իսկ ի՞նչ է արվել պետական մակարդակով, ոչինչ, փաստն այն է, որ որեւէ միջոցառում չի ձեռնարկվել, որ թշնամին դուրս շպրտվի մեր սահմանից․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին փոխքաղաքապետ, այժմ ավագանու անդամ Իրինա Յոլյանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների՝ Ղազախստան զորք ուղարկելու որոշման մասին։
Հիշեցնենք, որ, Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է գործուղվել ՀՀ զինված ուժերի 100 զինծառայող՝ այն պարագայում, երբ ՀԱՊԿ-ը մատը մատին չտվեց ո՛չ 44-օրյա պատերազմի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո։ Մայիսի 12-ից մինչ օրս ադրբեջանցի զինվորականները Հայաստանի Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում են։ Նմանատիպ իրավիճակ է նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա եւ Նորաբակ գյուղերի հատվածում, որտեղ ադրբեջանցիներն անգամ ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։
Այս իրողություններ բավարար հիմք էին տալիս Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՊԿ համաձայնագրի համապատասխան կետով դիմելու համար։ Յոլյանը հիշեցնում է՝ բազմաթիվ մեկնաբանություններ են արդեն եղել այն մասին, թե ինչ իրավական ձեւերով է Փաշինյանը դիմել ՀԱՊԿ։ Հիշեցնենք, որ նա ՀԱՊԿ էր դիմել հոդված 2-րդի 2-րդ պարբերության համաձայն, մինչդեռ՝ պետք է դիմեր 4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է կազմակերպության անդամ պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը․ այդ պետության դիմումով դրան անհապաղ համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում ՝ ռազմական։
«Թե ի՞նչ իրավական փոստաթղթով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին, այս առնչությամբ բազմաթիվ մեկնաբանություններ եղել են։ Ընթացակարգերի հետ կապված պետք էր այլ համատեքստում դիմել։ Չգիտեմ՝ միտումնավոր է արվել այս քայլը, թե՝ ոչ, բայց կա հստակ փաստ՝ թշնամին դեռ մեր երկրի ներսում է, եւ չկան ձեռնարկված քայլեր»,- ասաց Յոլյանը։
Խոսելով սահմանային լարվածության մասին՝ նա նշեց, որ այս պահի դրությամբ Գորիսի հատվածում հանգիստ է, թշնամին սադրանքների չի դիմում։
Հիշեցնենք, որ Ղազախստանի ղեկավարությունը երբեք չի թաքցրել Ադրբեջանի ղեկավարության հանդեպ քաղաքական համակրանքը, ավելին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ։ ՀԱՊԿ-ի կազմում հայկական զորախումբ ուղարկելու որոշումից հետո հասարակության շրջանում առաջացած զանգվածային բողոքին ու դժգոհությանը ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ եթե Հայաստանը «ոչ» ասեր, կնմանվեր նեղացած երիտասարդի. «Մենք ոչ թե ամոթխած երիտասարդի կամ նեղացած երիտասարդի պես պետք է ասեինք, որ՝ այ տեսեք` դուք չեք արել, մենք էլ չենք արել, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք»։
Լիանա Սարգսյան