կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 17:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր սրտերում միայն սեւ է, մեզ համար վաղուց մարել են գույները․ զոհվածի մայրը դեմ է «գունագեղ» միջոցառմանը

Ես ակնկալում էի, որ մինչեւ «գունագեղ» միջոցառման հասնելը կոչ կարվեր հանրապետության ողջ ազգաբնակչությանը՝ մեկ մարդու նման հավաքվել այս նույն հրապարակում եւ մեկ մարդու նման քայլերթով խոնարհումի եւ հարգանքի տուրք մատուցել այն հերոս տղաների հիշատակին, որոնք կյանքով վճարեցին այսօրվա խաղաղության եւ կազմակերպվելիք ուրախությունների համար.Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ խնդրելով եւ պահանջելով հաշվի նստել զոհված զինծառայողների ընտանիքների հետ։

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «գունագեղ եւ մասշտաբային» միջոցառման գաղափարից վիրավորված ու զայրացած՝ 2020 թ․ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով գործող իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում, որպեսզի հասկանան ծրագրի բովանդակությունն ու էությունը։

«Մենք հասկանում ենք, որ կյանքը շարունակվում է, այն չի կարող կանգ առնել, չնայած մեզ համար այն կանգ առավ նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, երբ հայտարարվեց այս չարաբաստիկ պատերազմը։ Մեզ համար այդ պահից կյանքը կանգ առավ, եւ մեր սրտերում միայն սեւ է, մեզ համար մարել են գույները վաղուց։ Մենք ՀՀ քաղաքացի ենք, տվել ենք մեզ համար ամենաթանկը՝ մեր զավակներին, որոնց դժվարությամբ, տառապանքով, ցավով, հույսով ու հավատով կրթել ու դաստիարակել ենք, որպեսզի տեսնենք նրանց երջանկությունը, ուրախությունը, ապագան, ուրախանանք նրանց հաջողություններով։ Այսօր պարտավոր են հաշվի նստել որդեկորույս մայրերի հոգեվիճակի հետ։ Այսուհետ ցանկացած միջոցառում կազմակերպելիս, անկախ մասշտաբից եւ օրացուցային տոն լինելուց, պիտի հաշվի նստել մայրերի հոգեվիճակի եւ հանրապետությունում գործող իրավիճակի հետ»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։


Նա վիրավորված նշեց, որ սեպտեմբերի 27-ին լրանում է զոհերի մեկ տարին, Եռաբլուրը դեռ պատրաստ չէ, այն ամբողջովին հողի, փոշու, ցեխի ու աղմուկի մեջ է։ «Այն ընկղմված է խոր մթության մեջ, եւ եթե երեկոյան ժամի փորձես այցելել, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջանալ՝ կապված լուսավորության հետ։ Արդյո՞ք շռայլություն չէ՝ միլիոնավոր դոլարներ ծախսել գունագեղ միջոցառում կազմակերպելու համար, երբ դեռ ունենք ընտանիքներ, որոնք չեն գտել իրենց զավակների մասունքներն անգամ։ Եռաբլուրում շարունակվում են հուղարկավորությունները, թարմ են շիրիմները, դրանք պատրաստ չեն նույնիսկ տարելիցի կապակցությամբ»,- ասաց Արցախի հերոսի մայրը՝ շեշտելով՝ ունեն հարցեր, որոնց պատասխանները ուզում են ստանալ իշխող ուժից։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան