կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-16 18:44
Հասարակություն

Անտեսվածները

Անտեսվածները

Այս օրերին շատ է խոսվում Մելիքգյուղում արդեն 7-րդ տարին իր ավերիչ գործունեությունն իրականացնող ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության «Մեգո Գոլդ» դուստր ձեռնարկության մասին: Մելիքգյուղի բնակիչնեը արդեն որերորդ տարին է իրենց անհանգստությունն են հայտնում, որ ընկերությանը միայն իր շահույթն է հետաքրքրում, իսկ իրենք անտեսված են թե՛ իշխանությունների, թե՛ Թուխմանուկ ոսկու հանքավայրը շահագործող ընկերության պաշտոնյաների կողմից:

 

Փափուկ բարձի քաղաքականության ջատագովները թղթերում եւ իրենց երեւանյան գրասենյակում պնդում են՝ իրենք իդիալական են աշխատում, մելիքգյուղցիները եւ բնապահպաններն էլ իրենց ապացույցերն են ներկայացնում, որ վիճակն անհանգստացնող է, որ հանքավայրը շահագործող ընկերությունը գործում է 19-րդ դարի հանքափորների մեթոդաբանությամբ:

 

Այսինքն, այստեղ-այնտեղ պայթեցնելով, միայն վնաս են բերում ոչ միայն շրջակա միջավայրին, այլեւ մթնոլորտային եւ ջրային ավազաններին, ինչպես նաեւ հողային ռեսուրսներին` գյուղատնտեսական նշանակության հողերին եւ բնական կերհանդակներին:

 

Ամերիկյան հանքարդյունաբերողն արդեն իսկ մեծ ջանքեր է գործադրում, որ կառավարությունը իրեն թույլատրի, որ Մելիքգյուղի մերձակայքում կառուցի մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր՝ թվով երրորդ պոչամբարը, որը երկու անգամ ավելին է, քան 1-ին և 2-րդ պոչամբարները՝ միասին վերցրած: Նախատեսվող պոչամբարը, ըստ նախագծի, չորս կողմերից շրջապատված է լինելու հողային պատնեշով: Պարզվում է նաեւ, որ նոր պոչամբարը նախատեսվում է կառուցել այն վայրում, որը սեյսմիկ գոտի է՝ 9 բալ ուժգնությամբ:

 

Մասնագետները անհանգստություն են հայտնում, որ հողային պատնեշով պոչամբարների վթարի դեպքում կխախտվի Մելիքգյուղի էկոհամակարգը:

 

Պոչամբարներից երկուսը արդեն իսկ լեցուն են և ենթարկված չեն ռեկուլտիվացիայի, ըստ գյուղացիների «Մեգո Գոլդ» ընկերությունը պատրաստվում է դրանք ռեկուլտիվացիայի ենթարկել պոչանքներից համապատասխան մետաղական նյութերը կորզելուց հետո:

 

Իսկ, թե ինչ տեխնիկայով եւ ինչ մեթոդներով, ընկերության պատասխանատուները դեռ լռում են: Սակայն պարզից էլ պարզ է, որ ամերիկյան ընկերությանը հետաքրքրում է միայն ոսկին, այլ ոչ թե պոչամբարներում կուտակված պոչերում առկա այլ տարրերը: Գյուղացիները մեզ հետ զրույցում պնդում էին, որ հանքահարստացումն իրականացվում է Մելիքգյուղից մի քանի հարյուր մետր հեռու, որի անմիջական հարեւանությամբ գտնվող թեք տարածքի վրա անմխիթար վիճակում գտնվում է հողաթումբ՝ պատնեշով պոչամբարը:

 

Քանի որ տվյալ գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, ընդամենը պետք է կանխատեսել, որ տարիներ անց գյուղը կհայտնվի տեղահանման վտանգի տակ, քանի որ հանքավայրը շահագործելուց եւ այդ նույն հանքավայրի պոչերը նույն տարածքում կուտակելուց հետո գյուղացին չի կարող սննդի կամ կերի համար պիտանի գյուղատնտեսական կուլտուրաներ աճեցնել:

 

Ո՞վ է պատասխանատու Մելիքգուղի բնակիչների պատճառված վնասները փոխատուցելու համար: Այս հարցին ոչ ոք չի պատասխանում: Գյուղապետարանը պնդում է, որ ամեն ինչ պետք է անի, որպեսզի «Մեգո Գոլդ» ընկերությունը հետագա իր գործնեության ընթացքում մինիմումի հասցնի շրջակա միջավայրին եւ բնակչության առողջությանը հասցվող վնասները, «Մեգո Գոլդ»-ն էլ ջայլամի քաղաքականություն է վարում, թե ամեն ինչ «OK» է:

 

Մանրամասն` տեսանյութում

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Մելիքգյուղ- Երեւան

Շարունակելի