կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 13:24
Քաղաքական

"Փարոս"-ից անտեսվածները

"Փարոս"-ից անտեսվածները

Թառաթումբում գյուղամեջով անցնող արահետը բերեց մի տուն, որը նման էր խրճիթի: Դեռեւս 1960-ականներին կառուցված տանը ապրում է 50-ամա Անուշ Նիկողոսյանը՝ երեխաների և սկեսրոջ` 87-ամյա Լուսինգայի հետ միասին: Ամուսինը մեկ տարի առաջ է մահացել, և օրեր առաջ նշել են մահվան տարելիցը. «Դե, մենք էլ ենք մարդ, ասեցի՝ գյուղացի են, եկող-գնացող կլինի, ու փող չունենալու պատճառով բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյողից 150 հազար դրամ վարկ ձեւակերպեցի»:

 

Աղքատության մեջ ապրող ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը Լուսինգա տատի 25 հազար դրամ թոշակն է: «Ամուսինս մահացավ, եւ ոչ մի օգնություն չեմ ստացել, անգամ մահվան գումարը»,- ասում է տիկին Անուշը:

 

Թառաթումբի գյուղապետ Գագիկ Մաթեւոսյանը «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց, որ Անուշի ամուսինը երիտասարդ է մահացել, իսկ օրենքով մահվան փոխհատուցում տրվում է միայն թոշակառուներին: Նա նույնպես հաստատեց, որ ընտանիքն ապրում է չքավորության մեջ, սակայն գյուղապետարանն էլ հնարավորություն չունի օգնել ընտանիքին. «Գյուղում բնակվող 100 ընտանիքի գրեթե կեսը նման պայմաններում է ապրում: Ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ հնարավորություն: Ով հնարավորություն ունի, լքում է գյուղը եւ այլ տեղերում փորձում բնակություն հաստատել»:

 

Կեսդարյա վաղեմություն ունեցող երեք սենյականոց տան առաստաղը ճաքճքել է, եւ ըստ տիկին Անուշի` իրենք այս եղանակին արդեն կհայտնվեն անձրեւի տակ: Կիսախարխուլ սենյակներից մեկում Լուսինգա տատը, որպես մասունք, պատին է ամրացրել 1930-ականներին արվածէ ամուսնու, տագրոջ եւ եղբոր լուսանկարները: Նա պատմում է, որ նրանք պատերազմ են գնացել ու չեն վերադարձել, իսկ եղբայրը սովամահ է եղել սովի տարիներին:

 

Բակում վեր են խոյանում ընկուզենիները, որոնք իրենց սաղարթով փակել են տան տանիքը: Տիկին Անուշն ասում է, որ ծառի ճյուղերն այնքան են հաստացել, որ վնասել են կեսդարյա տանիքի ասբեստե ծածկը: «Էս ծառերը ուրիշինն են: Սրա տերը Ղարաբաղում է ապրում հիմա: Արդեն քանի տարի է՝ խնդրում եմ, որ կտրտի ճյուղերը, բայց չի անում: Հեսա, էս քանի օրը կգա, պոպոկը կհավաքի, զիբիլն էլ կթողի ու կգնա»,- ասում է տանտիկինը:

 

Գյուղապետ Մաթեւոսյանն այդ խնդրին ծանոթ է, եւ մեզ հայտնեց, որ այս անգամ ինքը կկանչի ծառերի տիրոջն ու կասի, որ անպայման այդ հարցը լուծի. «Մի քանի անգամ Անուշն էլ է դիմել ինձ, որ այդ հարցին լուծում տամ, ու այդ հարցը կլուծվի»:

 

«Երկիր»-ի հետ զրույցի ամբողջ ընթացքում Անուշն անդադար արտասվեց ու ասում է, որ այդ տանը երեխաներ է մեծացրել, իսկ հիմա աղջկա 3-ամյա որդուն է մեծացնում. «Տղայիս բանակ չտարան: Պարզվեց, որ հիվանդ է, իսկ հիմա ամիսը մեկ-երկու անգամ, ով անասուն է ունենում պահելու, տանում է հանդը, որ մի էրկու կոպեկ աշխատի»: Մեր այցելության ժամանակ Անուշի տղան տանը չէր. «Երկու հորթ ունենք, տարել է ջրելու»: Պարզվեց նաեւ, որ տունը գտնվում է սողանքային գոտում, եւ դեռեւս 1990-ին, ինչպես այս ընտանքին, այնպես էլ սողանքային գոտում գտնվող մյուս ընտանիքներին տրամադրվել է 1000 քմ տնամերձ, որ տեղափոխվեն: Սակայն Խորհրդային միության փլուզումից հետո ոչ մի ընտանիք մինչ օրս չի տեղափոխվել: «Մի օր էլ էս սահքը մեզ է առնելու ու լցնի ձորը»:

 

«Հազար մետր այգի տնատեղ են տվել, էն էլ գումար չունեմ տամ, որ ջրեմ այգին, ու ամբողջ այգին չորացել է»,- պատմում է Անուշն ու հավելում, որ հարեւաններն են մեկ-մեկ օգնում, իսկ գյուղի խանութում պարտքերը շատ են: Մի կով ու մի քանի հավ ունենալու համար ընտանիքը զրկվել է «Փարոս» համակարգից: «Մի հատ կով, մի քանի հատ էլ հավ եմ պահում: Երեխան հավի հետեւին է նայում, որ մի ձու գցի կամ չգցի, խաշենք, ուտի»,- ասում է Անուշը:

 

Ձմռան ու գարնան գալուն էլ այս ընտանիքը չի սպասում: Անուշն այս ձմեռ որոշել է մի քանի ծառ ու ճյուղ կտրել ու աթարով տաքացնել ընտանիքը: «Սա տան վիճա՞կ ա: Այս տանը կարա՞ էս կնիկը երեխա ամուսնացնի ու թոռ մեծացնի»,- նեղված ասում է Անուշի հարեւանը:

 

Լուսինգա տատն այդ ամբողջ ընթացքում ման էր գալիս ստվերոտ բակում ու արտասվելով կրկնում նույն խոսքերը. «Ինչու եմ մնացել ու ապրում՝ ես էլ չգիտեմ»:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

 

Լուսանկարը` հեղինակի