կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 19:44
Աշխարհ

Երկու հազար պարկի պարունակություն ստուգելը մեծ դժվարություն չէ

Երկու հազար պարկի պարունակություն ստուգելը մեծ դժվարություն չէ

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջամարտիկ է, ով պաշտպանում է բոլորի իրավունքները, եւ բոլորս պետք է պաշտպանենք մեր իրավունքները. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Վ. Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

 

Նա խոստովանեց, որ ինքն ընտրությունների ժամանակ ընտրել է Անդրիաս Ղուկասյանին, սակայն ոչ թե դա է կարեւորը, այլ մեծամասնության կարծիքը, ու հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է, որ ինքը ժողովրդի մի մասնիկն է:

 

«Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կեղծել են այս ընտրությունները, նրանք էլ են ժողովրդի մասիկը: Նրանց չենք պատժելու ու չենք վանելու: Իսկ ի՞նչ պետք է անենք, թվում է` ելքը չկա, սակայն կա ելքը. Պետք է ստեղծել մի հանձնաժողով, որը ընտրությունների արդյունքը վերահաշվարկի: Ի՞նչ մի դժվար բան է՝ 2000 պարկի պարունակությունը պարզել: Եթե այսօր կամ երեկ պատրաստ էիք պատմաբանների հանձնաժոզով ստեղծել` պարզելու` Ցեղասպանությունը եղել է, թե՝ ոչ, ապա այսօր ի՞նչ մի դժվարություն կա հանձնաժողով ստեղծել` պարզելու, թե ինչ պարունակություն ունեն պարկերը»,- ասաց Սուրեն Զոլյանը:

 

Նա հայտարարեց, որ իշխանությունը պատկանել եւ պատկանում է ժողովրդին, պետք է միայն ազատել այն օկուպացիոն ուժերից, ու ժողովուրդը պետք է ի վիճակի լինի ինքնակազմակերպվել, որպեսզի իրականացվի ժողովրդի իշխանությունը: