կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 17:35
Իրավական

Րաֆֆի Հովհաննիսյանը վրան տեղադրելը թողնում է ոստիկանապետի խղճին

Րաֆֆի Հովհաննիսյանը վրան տեղադրելը թողնում է ոստիկանապետի խղճին

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը:

 

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նախ հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը` հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին վրան չտրամադրելու` ոստիկանության սխալ որոշման վերաբերյալ, միաժամանակ կոչ արեց ՀՀ ոստիկանությանը` թույլատրել վրան տեղադրել:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր սրտացավ քաղաքացիներին, սակայն խնդրեց նրանց այդ հարցով ոչ ոքի այլևս չդիմել: «Ես ոչ ոքի չեմ խնդրել դա անել, դա պետք է աներ ոստիկանությունը, սակայն չարեց: Ես չեմ դիմի այդ քայլին, քանի դեռ գեներալ ոստիկանապետը,  իմ առողջական վիճակը հաշվի առնելով, չի որոշի վրան տեղադրել: Երբ նրա խիղճը շարժի, թող հրահանգի ոստիկաններին` վրան տեղադրել»,- ասաց նա:

 

Հովհաննիսյանն անընդունելի համարեց ոստիկանների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ: «Ես թույլ չեմ տա, որ քաղաքացիներն ու ոստիկանությունն իրար դեմ կանգնեն»,- հայտարարեց նա:

 

«Ժառանգության» ղեկավարը նաև տեղեկացրեց, որ արգելել են երգիծաբան Վարդան Պետրոսյանի մուտքը Ֆրանսիական համալսարան: Նա թվեց նաև այսօր իրեն այցելած հասարակական, քաղաքական գործիչների անունները` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, Լևոն Խեչոյան, Աշոտ Ադամյան, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան, երկրապահներ, զինվորներ և այլք: