Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքական Անթալիա քաղաքում «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովն ավարտվեց: Այն անցկացվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Փարիզում իրականացված` 152 մարդու կյանք խլած ահաբեկչությունների թարմ տրամադրությունների ներքո, և թվում էր, թե կդառնա ԻՊ-ի դեմ միջազգային համընդհանուր ճակատի ձևավորման հարթակ: Մինչդեռ` առաջատար 20 երկրների ղեկավարները Անթալիայից մեկնեցին իրենց երկրները` առանց արդյունքի: Գերտերությունները, փաստորեն, Փարիզում կատարվածն ընդունեցին ի գիտություն:
Գագաթաժողովին ընդառաջ` ՌԴ արտգործնախարարությունը հիշեցրեց ՄԱԿ-ի հովանու ներքո ԻՊ-ի դեմ լայնածավալ կոալիցիա ձևավորելու մասին` նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Չնայած փաստին, որ Պուտինն Անթալիայում երկկողմ հանդիպումներ ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, կարծես չհաջողվեց հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորման հարցում պայմանավորվածությունների հասնել` չնայած դրա անհրաժեշտության վերաբերյալ հավաստիացումներին:
Այդ մասին է խոսում նաև փաստը, որ գագաթաժողովի օրերին ֆրանսիական ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարված հասցրին ԻՊ-ի` Սիրիայի Էր Ռաքքա քաղաքում գտնվող ստրատեգիական կետերին, ինչն ակնհայտորեն հոգեբանական նշանակություն ուներ` մի կողմից` Ֆրանսիայի ընկճված հասարակությանը, մյուս կողմից` ԻՊ-ին ապացուցելու, որ Փարիզի ահաբեկչությունները ոչ միայն չեն վախեցրել Ֆրանսիային, այլև ստիպել են ավելի ինտենսիվացնել ԻՊ-ի դիրքերին և օբյեկտներին ուղղված հարվածները: Իր հերթին, ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը Անթալիայում հայտարարեց, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան մտադիր են ակտիվացնել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ուղղված օդային հարվածները:
Թե\' Սիրիայում Ֆրանսիայի առանձին գործողությունները և թե\' Ռոդսի այս հայտարարությունը վկայում են, որ Արևմտյան կոալիցիային մաս կազմող Փարիզն ու Վաշինգտոնը տրամադրված չեն փոխել արդեն ստեղծված հակաահաբեկչական պայքարի ձևաչափը: Դա է, թերևս, պատճառը, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն անպատասխան թողեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի` իրականում ամբողջ համաշխարհային հանրության ցանկությունները բարձրաձայնող կոչը, թե անհրաժեշտ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի եւ Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու համար ընդհանուր ռազմավարություն մշակեն: «ԻՊ-ին կարելի Է կանգնեցնել միայն ռազմական միջոցներով: ԻՊ-ին չսանձահարելով` անկարելի է քաղաքական լուծման հասնել Սիրիայում»,- ասել է Յագլանդը:
Այս հարցում Արևմուտքի հապաղելու պատճառը, թերևս, այն է, որ նրանք չեն ցանկանում լեգիտիմացնել Սիրիայում Ռուսաստանի ներկայությունն ու գործողությունները և բարձրացնել Մոսկվայի միջազգային կշիռը: Խնդիրն այն է, որ, դնելով ՄԱԿ-ի հովանու ներքո համընդհանուր կոալիցիայի ձևավորման պահանջ, Մոսկվան իրականում ցանկանում է ճեղքել իր նկատմամբ Արևմուտքի կողմից իրականացվող քաղաքական մեկուսացումը: Սակայն որքան էլ Արևմուտքը չցանկանա խոստովանել, Ռուսաստանն արդեն այդ ճեղքումն ապահովել է, և դա արվել է Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված` այսպես կոչված` «վիեննական ձևաչափի» ստեղծման միջոցով: ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների և մերձավորարևելյան պետությունների մասնակցությամբ Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքում նախօրեին հաջողվել է գտնել սիրիական հարցի քաղաքական լուծման բանալին, ըստ որի` որոշվել է, որ Սիրիայի գործող իշխանությունը և նրա դեմ պատերազմ մղող ընդդիմությունը պետք է բանակցություններ սկսեն 18 ամսվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնելու և հրադադար հաստատելու շուրջ: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ, մի կողմից, Արևմուտքն ու Ռուսաստանը կարողանում են լեզու գտնել սիրիական հարցի քաղաքական լուծման հարցում, բայց, մյուս կողմից, չեն կարողանում կամ չեն ցանկանում վերջապես լուծել իրենց իսկ անպատասխանատվության պատճառով գերհրեշի վերածված «Իսլամական պետության» դեմ միասնական ճակատ կամ կոալիցիա ձևավորելու և ԻՊ-ին վերջնականապես ոչնչացնելու հարցը:
Չի կարելի բացառել, որ դրա պատճառներից մեկը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ցուցաբերած դիմադրությունն է` հաշվի առնելով, որ երկուսի համար էլ սկզբունքային է մերձավորարևելյան տարածաշրջանում ԻՊ-ի գոյությունն ու դրա միջոցով հաստատված ստատուս քվոյի պահպանումը: Բայց դրանից առավել կարևոր է, որ, փաստորեն, անգամ ահաբեկչության համար ուղղակի թիրախի վերածվելու պարագայում Եվրոպան չի ուզում խոստովանել, որ վաղուց արդեն իրենց հիմնական խնդիրը կամ գլխացավանքը ոչ թե Ասադի ռեժիմն է, այլ ԻՊ-ն ու մերձավորարևելյան տարածաշրջանում գործող ծայրահեղ իսլամական խմբավորումները, և որ Ասադի հեռացումը չէ, որ երաշխավորելու է սեփական հասարակությունների անվտանգությունը սեփական երկրում և իրենց մայրաքաղաքները զերծ է պահելու հնարավոր նոր ակտերից: Ու թեև թվում էր, որ գոնե Ֆրանսիային պատուհասած ողբերգությունը կսթափեցնի եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխող էլիտաներին, Անթալիայում անցկացված անպտուղ գագաթաժողովը, առանձին-առանձին, սիրիական անապատներում կիսատ-պռատ օպերացիաներ կազմակերպելու և ԻՊ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում ցամաքային ընդհանուր գործողությունների դիմելուց համառորեն հրաժարվելու փաստերը հուշում են, որ առաջնորդողը մնում է real politik-ի ցինիկ, ընդհուպ` հակամարդկային քաղաքականությունը, ներքին դիրքային պայքարին տուրք տալը, որի համար սեփական կյանքով «վճարում են» բացարձակապես անմեղ մարդիկ:
Հետաքրքիր է` ԻՊ-ը եվրոպական երկրների մայրաքաղաքներում դեռ քանի՞ ահաբեկչական ակտ պետք է կազմակերպի, որպեսզի, ի վերջո, իշխող էլիտաների ընկալումներում ինչ-որ բան փոխվի:
Գևորգ Դարբինյան