կարևոր
2206 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-13 10:31
Քաղաքական

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը նաև միջազգային դերակատարների խղճին է․ «Հրապարակ»

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը նաև միջազգային դերակատարների խղճին է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրապարակը» զրուցել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։

- Մեր տեղեկություններով, ադրբեջանցիները Բերձորի անցակետում արցախյան պատերազմների մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել, հայտարարում են, որ երբ վերջիններիս դատեն, եւ պարզվի, որ անմեղ են, նոր կարող են հեռանալ Արցախից։

- Շատ կարեւոր հարց եք բարձրաձայնում։ Եթե նման մարդիկ կան, կխնդրեի, որ անպայման ինձ հետ կապ հաստատեն, որովհետեւ ես ներկայացնում եմ, որ նման խնդիր կարող է ծագել, իսկ միջազգային կառույցի ներկայացուցիչներն ասում են, որ կոնկրետ փաստեր են պետք։ Մեզ, համենայնդեպս, նման օրինակ չեն ներկայացրել։

- Սա ի՞նչ է՝ ցեղասպանական քաղաքականությո՞ւն, թե՞ միջազգային իրավական պրակտիկայում ընդունված իրավական գործընթաց։

- Իրականում Ադրբեջանի նախագահի կողմից համաներման մասին հայտարարությունները եւ նման հիմարություններն իրականության եւ իրավական որեւէ հիմքի հետ կապ չունեն, եւ, ընդհանրապես, մեր հակամարտության պատմության հետ ծանոթ բոլորը գիտեն, որ Արցախի ինքնապաշտպանական բոլոր մարտերը, պատերազմներն ուղղվել են հենց իրավունքների պաշտպանության համար։ Միջազգային իրավունքը տալիս է ինքնապաշտպանության այդ իրավունքը, որը եւ Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակահատվածներում իրացրել է։ Եվ եթե որեւէ մեկը իրավական տեսանկյունից կարող է ասել, որ այդ մարդիկ ռազմական հանցագործ են, ապա ոչ միայն ոչինչ չի հասկանում միջազգային իրավունքից, այլեւ հատուկ ուղղորդված՝ մի քիչ կոշտ կհնչի՝ ցնդաբանություններ է դուրս տալիս։ Որեւէ ձեւով անձանց իրավունքը սահմանափակել նրա համար, որ իրացրել են իրենց ինքնապաշտպանության իրավունքը՝ սա աբսուրդի հասնող իրավիճակ է։ Արցախում տղամարդկանց մեծամասնությունն է մասնակցել ռազմական գործողություններին, եւ այդ առումով կարող ենք ասել, որ եթե կան նման խոսակցություններ, ապա թիրախում տղամարդկանց մեծամասնությունն է հայտնվում։

- Այսինքն՝ ցեղասպանական գործունեությո՞ւն է սա։

- Միանշանակ է այն, որ Ադրբեջանի բոլոր քայլերը, գործողություններն ու նման հայտարարությունները հենց այդ նպատակին են միտված։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան կամ մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, բազմիցս բարձրաձայնել եմ եւ շարունակում եմ ահազանգել դրա մասին, որ այն բոլոր գործողությունները, որոնք այսօր կիրառվում են ադրբեջանական ղեկավարության կողմից, ուղղված են Արցախի ժողովրդի ցեղասպանությանը, նպատակ են հետապնդում ոչնչացնելու։ Անգամ, տեսեք` «Լեռնային Ղարաբաղ» տերմինի չօգտագործումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք ոչնչացնում են այն ամենը, ինչը կապված է Լեռնային Ղարաբաղի եւ ԼՂ ժողովրդի հետ։ Այո, սա ցեղասպանական նպատակներ հետապնդող քաղաքականություն է, եւ Ադրբեջանն ամեն օր իր գործողություններով դա է ապացուցում։

- Չնայած Ադրբեջանի չափազանց ագրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունն Արցախի նկատմամբ եւ միջազգային հանրության՝ լուռ դիտորդի դերում հանդես գալը չե՞ն խոսում այն մասին, որ միջազգային իրավունքը դարձել է այս կամ այն երկրների շահերի սպասարկման լծակ։

- Այսօր միջազգային իրավունքը տարբեր դերակատարների կողմից կիրառվում եւ մեկնաբանվում է՝ հարմարեցվելով սեփական շահերին՝ լինի դա քաղաքական, տնտեսական եւ այլն։ Խոսքը միայն միջազգային իրավունքի մասին չէ, այլ նաեւ, ցավոք սրտի, մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ կոնվենցիաների եւ դրանցում ամրագրված իրավունքների մասին։ Այդ հիասթափությունը, որ կա միջազգային հանրության անտարբերության պատճառով, ուղղակի աննկարագրելի է։ Վեց ամիս շարունակ մենք ահազանգում ենք այդ իրավիճակի մասին, բայց գոնե մեկ միջազգային պաշտոնյա այս ընթացքում չի եղել Արցախում, որպեսզի հավաստի տեսնի, թե ինչ է կատարվում` արդյոք մեր ահազանգերն օբյեկտի՞վ են, օրինաչա՞փ են, թե՞ ոչ։ Եվ երբ իմ կողմից հարց է բարձրացվում` գոնե այդ առումով ինչու որեւէ տեղաշարժ չկա, միշտ բացատրում են, որ Ադրբեջանը չի թողնում կամ խոչընդոտներ է հարուցում։ Եվ մենք գալիս ենք այն եզրակացության, որ, այո, հարմարեցված է պետությունների շահերին, եւ զուտ միայն իրավական դաշտում հաջողություն ունենալը որեւէ ձեւով չի երաշխավորում իրական իրավունքների պաշտպանություն։ Եվ օրինակն ունենք, 2023 թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն արդեն 112 օր շարունակ Ադրբեջանի կողմից չի կատարվում։ Լրջագույն ճգնաժամ է այս առումով՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ նաեւ աշխարհում առհասարակ, եւ այս հումանիտար ծանր դրությունը նաեւ հենց միջազգային դերակատարների խղճին է։

- Հայաստանյան Ձեր գործընկերոջ, ՀՀ իշխանությունների հետ համագործակցո՞ւմ եք, կապ կա՞, թե՞ այդտեղ էլ է բլոկադային «իրավիճակ»։

- Հայաստանի իմ գործընկերոջ հետ հաղորդակցության մեջ ենք, պարբերաբար՝ գրեթե ամենօրյա ռեժիմով շփվում ենք, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցում ենք։ Ես պետք է գոհունակությամբ նշեմ, որ բոլոր պաշտպանների պարագայում էլ, ում հետ ես անձամբ աշխատել եմ, սկսած պրն Թաթոյանից, բոլորն էլ կոնկրետ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մշտապես պատրաստակամ են եղել, եւ աշխատել ենք առանց որեւէ խոչընդոտի։ Եվ այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ թե՛ ներքին հարցերի հետ կապված դիմումներ փոխանակելու, թե՛ պետական մարմիններից մարդկանց իրավունքները պաշտպանելու եւ թե՛ միջազգային հարթակներում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու առումով։

- Արցախցիները հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում Ձեզ։

- Շրջափակմամբ եւ հումանիտար իրավիճակով պայմանավորված դիմումներն աճել են, որովհետեւ օբյեկտիվորեն հայտնվելով նման ծանր իրավիճակում՝ մարդիկ առավել մեծ պաշտպանության եւ աջակցության կարիք ունեն։ Խնդիրները տարբեր են, պահպանվում են այն խնդիրները, որոնք կային մինչեւ շրջափակումը՝ տարբեր իրավունքների հետ կապված. աշխատանքային, սոցիալական եւ այլն: Բայց շրջափակմամբ պայմանավորված, շատ հաճախ դիմում են տարբեր ծրագրերից՝ պետության կողմից գործարկված տարբեր փաթեթներից օգտվելու ժամանակ առաջացող խնդիրները մեր միջամտությամբ կարգավորելու եւ շրջափակմամբ հարուցված իրավիճակների, օրինակ, բաժանված ընտանիքի անդամների իրավունքների եւ այլ հարցերով։ Տարբեր են խնդիրները՝ առողջապահական, հումանիտար, բոլոր ոլորտներին վերաբերող բողոքներ եւ դիմումներ ստանում ենք եւ մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք օգտակար լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում