կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 14:01
Առանց Կատեգորիա

''Քաշել'' գեներալին

''Քաշել'' գեներալին

Նախագահական ընտրություններում Շիրակի մարզում անակնկալ ֆիասկո գրանցած Սերժ Սարգսյանը շարունակում է այս մարզի և նրա անհնազանդ բնակիչների վրա ոստիկանական «թեմաներ» բարդել: Քիչ էր, որ, բարոյականության հանկարծահաս ալիքից խեղդվելով, իր հրաժարականը տենչաց և ստացավ գեներալ-մայոր մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մի քանի օր չանցած` իր պաշտոնին, ոչ հրաժարականի եղանակով, հրաժեշտ տվեց նաև Գյումրու ոստիկանության պետ Վահան Դանիելյանը: Ընդ որում` այս պաշտոնանկությունը նույնպես պետք է կապել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների և դրանցում գրանցված` իշխանությունների համար աննպաստ արդյունքների հետ, քանի որ Վ. Դանիելյանը Գյումրու ոստիկանության պետի պաշտոնում պաշտոնավարում էր ոչ լրիվ մեկ տարի: Հետևաբար` ակնհայտ է, որ պաշտոնանկության պատճառը ոչ թե (ոչ միայն) աշխատանքային ինչ-ինչ թերացումներն էին, այլ (նաև) նախագահի նկատմամբ ոչ բավարար նվիրումն ու պակասող ջանադրությունը:

 

Ընդհանրապես, հետևելով ՀՀ մարզերի «նկարագրերի» ձևավորմանը, դժվար չէ նկատել, որ նրանցից շատերը իշխանության համար յուրօրինակ փորձատարածքներ են, որտեղ կառավարման այս կամ այն մոդելն է փորձարկվում: Եթե, օրինակ, Սյունիքի մարզում առայժմ կատարյալ հաջողությամբ փորձարկվում է ֆեոդալական կառավարման մոդելի` մասնավորապես մելիքության հայկական տարբերակը, ապա Շիրակի մարզը վաղուց է դարձել ոստիկանապետական կառավարման մոդելի փորձադաշտ, որտեղ փորձարկումները դեռ շարունակվում են:

 

Ահավասիկ, լրատվամիջոցներն իբրև կատարված փաստ են ներկայացնում Շիրակի հեռացած գեներալ մարզպետի փոխարեն մեկ այլ ուժայինի` մարզպետ կարգվելու մասին լուրը, թեև դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանի մասին է, ով գալիս է շարունակելու շիրակյան «ավանդույթը»: Չնայած, ի տարբերություն Սյունիքի, որտեղ ֆեոդալապետությունը բացառիկ հաջողություններ է գրանցում, Շիրակի գեներալները դեռևս չեն կարողանում պարծենալ իրենց մոդելի արդյունավետությամբ. տեղի «շարքայինները» զարմանալի կերպով երբեմն անհնազանդ են ու անկանխատեսելի, քանի որ ամենաճակատագրական պահին կարողանում են նաև «քաշել» գեներալին:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ