կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 16:33
Իրավական

Արտաշատում հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով քննություն է կատարվում

Արտաշատում հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով քննություն է կատարվում
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող և զանգվածային լրատվության միջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ այդ լիազորությունը բխում է Անհատական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, համաձայն որի՝ անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար: Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են՝ ապահովել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:
 ՀՀ ոստիկանության ծառայողները հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գտնվելու հավաքների անցկացման վայրում և, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնելու վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաև տեսախցիկով դիտարկումներ: 
Ոստիկանության պետի ցուցումով՝ նկարահանումներ կատարողները պարտադիր պետք է  լինեն համազգեստով կամ համապատասխան տարբերանշաններով:
ՀՀ ոտիկանությունը ափսոսանք է հայտնում Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստիացնում, որ այսուհետ էլ շարունակելու է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի ապահովման, քաղաքացիների իրավունքների պահպանման, փոխըմբռնման և հանդուժողականության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ: