կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 21:59
Առանց Կատեգորիա

Իսկ ի՞նչ է Սերժ Սարգսյանն առաջարկել Րաֆֆիին

Իսկ ի՞նչ է Սերժ Սարգսյանն առաջարկել Րաֆֆիին

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, ինչպես և խոստացել էր, հրապարակեց  նախագահական նստավայրում  իր և Սերժ Սարգսյանի միջև կայացած բանակցությունների բովանդակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հանդիպումը տեսաձայնագրվել է երկու կողմերից էլ, դժվար է պատկերացնել, որ «Ժառանգության» առաջնորդը կարող էր խտացնել գույները, ինչ-որ բան խեղաթյուրել կամ փորձել տեղի ունեցածը ներկայացնել իր համար նախընտրելի լույսի ներքո:

 

Ըստ այդմ` նա, փաստորեն, արել է երեք կոնկրետ առաջարկ, որոնցից երկուսը բնույթով ակնհայտորեն փոխզիջումային էին: Առաջինը` ընդունել ընտրությունների կեղծվածության իրողությունը և համաձայնության գալ կամ նոր ընտրությունների նշանակման, գոնե` երկրորդ փուլ անցկացնելու հարցում: Երկրորդ` ցրել Ազգային Ժողովը և իրավիճակի հանգուցալուծման համար նշանակել բացառապես համամասնական ընտրակարգով  անցկացվող խորհրդարանական նոր ընտրություններ` ըստ էության պառլամենտում քաղաքական ուժերի հարաբերակցությունը առկա քաղաքական իրողություններին համապատասխանեցնելու նպատակով: Եվ երրորդ` գոնե պատասխանատվության ենթարկել վարչական ռեսուրսները չարաշահած բոլոր ընտրակեղծարարներին` անկախ ռանգից, զբաղեցրած պաշտոններից: Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել է բոլոր երեք առաջարկները, ինչը նշանակում է, որ նա Րաֆֆի Հովհաննիսյանին իր մոտ է հրավիրել ի սկզբանե որևէ զիջման չգնալու նախատրամադրվածությամբ:

 

Որ հանդիպումն անպտուղ էր լինելու, պարզ էր դեռ դրա նախօրեին, երբ նախագահի խոսնակը հայտարարեց, թե, չնայած նախագահը պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն իրենց համար անհասկանալի է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պայմանների շուրջ բանակցելու` վերջինիս  ձևակերպումը:

 

Սերժ Սարգսյանը գործնականում այլ բան դժվար թե ի վիճակի լիներ անելու, որովհետև այդպիսով  նա, ուղղակի, թե անուղղակի, հաստատելու էր, որ իր վերընտրության լեգիտմությունն առնվազն կասկածելի է և որ իրապես ընտրակեղծիքները որոշիչ ազդեցություն են ունեցել: Մյուս կողմից` այնքան էլ հեշտ չէ ընդդիմության փաստացի լիդերի դերը ստանձնող գործչի նկատմամբ  հենց ընտրությունների հետ կապված հարցերում զիջումների գնալ այն դեպքում, երբ աշխարհի տարբեր անկյուններից դեռևս շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել, կամ շարունակվում է դրսից նրա և կայացած ընտրությունների լեգիտիմացման  ցուցահանդեսը, եւ նա պարզապես չի կարող բոլորին միաժամանակ այդքան հիասթափություն պատճառել:

 

Սակայն էական է նաև մեկ այլ հանգամանք: Խոսելով Սերժ Սարգսյանին արած` իր առաջարկների մասին` Րաֆֆին մոռացավ խոսել նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչ է իրեն առաջարկել, եթե առհասարակ որևէ բան առաջարկել է: Այս «գաղտնապահությունը» երկու բան կարող է նշանակել` կա'մ «Ժառանգության» ղեկավարը ամենատարբեր պատճառնելով չի ուզում խոսել դրանց մասին, կա'մ Սերժ Սարգսյանը պարզապես ոչինչ էլ չի առաջարկել:  Այն հանգամանքը, որ անմիջապես նախագահականից դուրս գալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց պայքարը շարունակելու մասին և, իբրև դրա ապացույց, անմիջապես հանդիպեց ՀՅԴ ղեկավարների հետ, կարող է վկայել այն մասին, որ եթե անգամ ինչ-որ առաջարկներ էլ եղել են, ինքը չի ընդունել:  

 

Հետաքրքրական է, որ նրանց հանդիպումից անմիջապես հետո մամուլում սկսեց տեղեկատվություն շրջանառվել այն մասին, թե իբր քննարկման հիմնական առարկաներից մեկը եղել է վարչապետի պաշտոնը Րաֆֆիին հանձնելու հնարավորությունը: Ընդ որում` սա ներկայացվում էր այնպես, թե Րաֆֆին ինքն է այդ առաջարկը հնչեցրել, որը, սակայն Սերժ Սարգսյանը չի ընդունել: Այն, որ սա պարզապես անգրագետ մշակված տեղեկատվական խայծ էր, պարզ էր թեկուզ այն հանգամանքից, որ դեմ առ դեմ հանդիպման մասին նման տեղեկատվություն ուղղակի չէր կարող հրապարակվել կամ ավելի ճիշտ` չէր կարող հրապարակվել առանց նախագահականի իմացության կամ հենց նրա կողմից:

 

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին ի սկզբանե բացարձակապես չի հետաքրքրել բանակցությունների բովանդակային կողմը: Նրան ընդամենը անհրաժեշտ էր, որ Ազատության հրապարակը, ինչպես նաև օնլայն ռեժիմով ընթացող հանրահավաքներին հետևող բազմահազար քաղաքացիները տեսնեն, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանի սիլուետն  անհետանում իր նստավայրի դռների ետևում, և թե դրանից հետո ինչպես են նրանք լայն ժպիտներով միմյանց ձեռքեր սեղմում ու առանձնանում փակ դռների ետևում: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Ամենակարևոր մեսիջը, որ դրանով փորձում էր հանրությանը հղել իշխանությունը, այն էր, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը  համաձայնում է գնալ նախագահական, նշանակում է նա ոչնչով նախկին «ընդդիմադիրներից» չի տարբերվում, պատրաստ է սեպարատ պայմանավորվածությունների, և որ տեղի է ունենում գրեթե այն, ինչ եղավ 2011-ի գարնանը ՀԱԿ-ի հետ, երբ վերջինս որոշեց ընդունել իր «երկխոսության» առաջարկը:  Դրա նպատակն այն էր, որ նախագահականից դուրս գալուց հետո Հովհաննիսյանի ազնվությունը, վճռականությունն ու հետևողականությունն առնվազն դառնան կասկածելի: Այլ կերպ ասած` անհրաժեշտ էր հանրությանը մատուցել Րաֆֆի Հովհաննիսյանի գեղամյանացման, արթուրբաղդասարյանացման ևս մեկ պրոցես, կամ էլ նվազագույնը`' ծառուկյանական բանակցությունների տրամաբանությամբ տպավորություն ստեղծել, թե Րաֆֆիի և նրա թիմի սկսած այս պայքարն ընդամենը վարչապետի աթոռի և կաբինետում պորտֆելներ ստանալու համար է, որտեղ հասարակությունն ընդամենը հերթական անգամ օգտագործվողի դեր է կատարելու:

 

Սա ինքնին նշանակում է, որ իշխանության վերաբերմունքն, ընդհանուր առմամբ, թե' Րաֆֆի Հովհաննիսյանի և թե' նրա սկսած գործընթացի նկատմամբ սկսել է փոխվել և ավելի լրջանալ: Նրանք սկսում են կասկածել, որ նպաստել են բոլորովին էլ ոչ` իրենց կարծիքով կատարելապես վերահսկելի մարիոնետի քաղաքական վերելքի, այլ մի մարդու, ում անվան հետ հասարակությունն սկսում է շատ որոշակի ու «վտանգավոր» հույսեր փայփայել:

 

Ինչևէ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը և արդեն պարզորոշ ուրվագծվող` Հովհաննիսյանի ոտքերի տակ անընդհատ թակարդներ լարելու միտումները, պարզ է դառնում, որ «Ժառանգության» ղեկավարի միակ զենքն իր իսկ առաջնորդած հանրության հետ ծայրաստիճան անկեղծ լինելն է բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են դրված նպատակներին, դրանց հասնելու միջոցներին և հատկապես` իշխանության հետ հարաբերություններին: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի փայլում իր հռետորական տաղանդով, չկարողանա վերջնականապես քանդել իր նկատմամբ առկա որոշակի անվստահության պատնեշը, նա տանուլ է տալու ամբողջ «խաղը» և տանուլ է տալու շատ արագ: Իսկ այդ ճանապարհին առաջին և այս պահին ամենակարևոր բանը, որ կարող է անել, փակագծերը բացելն է, թե, ի վերջո, ինչ է իր ականջին «շշնջացել» Սերժ Սարգսյանը...

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ