Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք` հայերս, ինչ էլ անենք` ի նպաստ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի, նրա վիճակն ավելի կվատանա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող Լևոն Ջավախյանը:
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» գրքում անդրադարձ է կատարվում Սումգայիթի եւ Բաքվի կոտորածներին, ինչի պատճառով էլ հալածանքների է ենթարկվում իշխանության կողմից:
Ըստ Ջավախյանի` եթե մենք փորձենք ինչ-որ կերպ օգնել գրողին, նրա հանդեպ իշխանության կողմից իրականացվող ճնշումները նոր թափ կառնեն, եւ այդ իսկ պատճառով էլ դիմել են թուրք մտավորականներին` կոչով, որպեսզի նրանք պաշտպանեն Այլիսլիին:
Ջավախյանը համարում է, որ Այլիսլին իր գրքով սատարել է հայ ժողովրդին` արտահայտելով ընդհանուր մարդասիրական գաղափարներ, որոնք ժամանակին արծարծվել են Աբովյանի «Թուրքի աղջիկը», Թումանյանի «Ահմադը» պատմվածքներում կամ Վ. Պետրոսյանի «Կրակե շապիկը» վեպում:
«Այլիսլիին համարում եմ իմ գրչակից եղբայրը»,- ասաց Ջավախյանը` հավելելով, որ ինքը փետրվարի 13-ին նամակով դիմել է գրողին` շեշտելով, որ հայ մտավորականներից շատերը կիսում են գրողի գաղափարները:
Իսկ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի գրողների արհմիության անունից թուրք կին գրող Սունա Արասը հայտարարություն է արել` կոչ անելով համատեղ տպագրության պատրաստել Այլիսլիի և Ջավախյանի գրքերը: Ըստ Հացպանյանի` սա վկայում է, որ նման մարդիկ, անկախ ամեն ինչից, կողմնակից են երկու ժողովուրդների բարեկամությանը:
Նարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ