կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-13 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը ընտրությունով՝ հաշտ ու խաղաղ չի գնա, նրան պիտի քերես, իսկ առանց արյունի չի քերվի էդ մարդը․ Լևոն Ջավախյան

Այս մարդը արդեն 2 անգամ արյուն է արել՝ մարտի 1-ին արյուն է արել, պատերազմը արյուն է եղել, իր գնալն էլ արյունով կլինի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արձակագիր Լևոն Ջավախյանը։

«Աստված ոչ անի՝ իմ ասելիքը մարգարեություն լինի․ ռուսական ասացվածք կա՝ «бог троицу любит», նա ընտրությունով՝ հաշտ ու խաղաղ չի գնա, նրան պիտի քերես։ Նա թքած ունի իր ընտանիքի վրա էլ, նա ունի մի սրբություն՝ աթոռն է, նա յոգի նման երեխա ժամանակից էդ կետին է նայել, էդ կետը իր իղձն է եղել՝ պաշտոնը նախագահի։ Ու հասել է։ Նա չի գնա, դա իր ամբողջ կյանքի իմաստն է, դա հոգեբանություն է, դա եսիմ ինչ է․․․ թքած ունի, թե մեր երկրի հետ, մեր ժողովրդի հետ ինչ կլինի, նա երկու արյուն արել է, երրորդն էլ պիտի արվի, որ նա գնա»,-ասաց Լևոն Ջավախյանը։

Մենք կույր եղանք մեր հավատի մեջ, ասաց նա, մենք խախուտ եղանք մեր հավատի մեջ, մենք սեր տվեցինք, իղձ տվեցինք մարդու, որին չպիտի տայինք։

«Եթե խոհեմ լինեինք, խելոք լինեինք, այս օրը չէինք հասնի։ Ես էլ եմ իրեն ձայն տվել, ու հիմա ասում եմ՝ կոտրվի այն ձեռքը, որ իրեն ձայն է տվել․ ես, որպես լուրջ մարդ, ինչ-որ տեղ՝ լուրջ գրող, պիտի իրեն ձայն չտայի, որովհետև այդ մարդն էր, չէ՞, որ դեռևս 2008 թ-ին հոդված էր գրում և ասում էր՝ Ղարաբաղը գլխացավանք է, պիտի ազատվենք, որ Հայաստանը զարգացում ունենա։ Եվ ի՞նչ եղավ․ հիմա դրանով էլ չի բավարարվում էդ մարդը, Հայաստանը դարձել է «проходной двор», երեկ 3 կմ խորացել են մեր տարածքում։ Թդ մարդը ինչ ասում է՝ անում է, ասում է՝ Զագեզուրը ադրբեջանական է, Երևանն էլ է ադրբեջանական, մինչև էդ էլ Շուշիի մասին ասաց՝ դժգույն ու դժբախտ է, ու հեշտ ու խաղաղ տվեց թշնամուն»,-նկատեց Լևոն Ջավախյանը։

Ուրիշի երկրում չեն ապրում՝ տնփեսա են լինում՝ մի առիթով ասել էր արձակագիրը։ Ասում է՝ դա ասել է մեր երկրից գնացողների մասին, բայց հիմա դուրս է գալիս, որ մենք մեր երկրում կարող է տնփեսա լինենք, որովհետև թուրքամետ կառավարություն ունենք, որն ամեն ինչ անում է թուրքին հաճո լինելու համար։

«Կյանքում սենց բաներ կան՝ որտեղ մարդու արժանապատվություն վիրավորելու հարց կա, մարդ կարող ա իր կյանքն էլ վտանգի ենթարկի, բայց տեր կանգնի իր արժանապատվությանը։ Հայի մենթալիտետում այսպիսի բան կա՝ եթե մեր ուշունց տաս, եթե նա արժանապատիվ մարդ ա՝ տեր ա դառնալու իր արժանապատվությանը․ կոկորդը կկրծի իր պատիվը, իր ընտանիքի պատիվը պահելու համար։ Այսօր մեզ ամեն օր են մայր հայհոյում և մենք դիմանում ենք»,-ասաց Լևոն Ջավախյանը։

1988-ի Շարժումը հենց Ջավախյանի նման առաջադեմ մտավորականներով սկսվեց։ Այդ տարիներից մի պատմություն է հիշում իր մտերիմ ընկերոջ՝ Սեյրան Խաթլամաջյանի մասին․ «Երբևէ իմ տեսած մտավորականներից ամենամեծ մտավորականը՝ միս ու արյուն, դա Սեյրան Խաթլամաջյանն էր։ Էդ մարդը ասում եմ՝ «մեծ», բայց իրական կյանքում իսկական մանուկ էր․ որևէ մեկը երբ ազգադավ մի նախադասություն ասեր, նա շուռ կգար, կասեր՝ «շունի՛ն մեկը», էն կողքից մեկը լրացում էր անում, շուռ էր գալիս, ասում՝ «թո՛ւն ալ շունին մեկն ես»։ Փորձեր հեռուստատեսությամբ, թերթով մեկը ազգադավ հոդված դներ, էն ժամանակ «Պոպլավոկ» սրճարանում էինք նստում, հենց երևում էր էդ մարդը, երեսին շպրտում էր՝ «շունի՛ն մեկը՝ թուն ալ հոս ես»․ այ էդպիսի մարդ էր»։

Ջավախյանը Խաթլամաջյանի հետ միասին Երևանյան ակումբ էին ստեղծել և զբաղված էին Հայաստանի խորհրդանիշների իրացմամբ, որպեսզի դաշնակցական խորհրդանիշները՝ դրոշը, օրհներգը, զինանշանը կայանան, որ Երրորդ հանրապետությունը Առաջին հանրապետության ժառանգորդը լինի։

«Էն ժամանակ մենք խորը ընդդիմություն էինք, և, որպես ուղղադավան ընդդիմադիրներ, տանել չէինք կարողանում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց այդ երեք խորհրդանիշներն է՛լ ու, հատկապես, զինանշանը, Սեյրանը աշխարհի ամենաերջանիկ մարդն էր։ Զանգել էր Լևոն Տեր-Պետրոսյանին ու, մալադեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որ չնայած Սեյրանի հակառակ խոսելուն, բոլորը սիրում էին նրան, ասել էր՝ Լևո՛ն, համբուրում եմ էն ճակատը, որի շնորհիվ մեր զինանշանը դարձավ մեր հայրենիքի խորհրդանիշը․․․ հետո հիշել էր, որ ինքը ընդդիմություն էր, ասել էր՝ Լևո՛ն, բայց համբուրելուց առաջ ես շատ եմ, չէ՞, էդ ճակատին թքել»,-պատմեց Լևոն Ջավախյանը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․