Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Հայկական ժամանակ» թերթը տեղեկություն էր ստացել, որ H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կին, որը հղիության 7-րդ ամսում էր: Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Թերթի տեղեկություններով` կնոջն այցելել էին ՀՀ գլխավոր վարակաբանն ու հակահամաճարակային տեսչության աշխատակիցները եւ նշել, որ վերջինիս մոտ խոզագրիպ չկա, այլ միայն թոքաբորբ է: Ու թեեւ բժիշկները H1N1 վիրուսի առկայության մասին հիվանդ կնոջն ու հարազատներին ոչինչ չեն ասել, բայց նրա մահվան թերթիկում նշվել է H1N1:
ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը հենց սկզբից էլ երիկամային խնդիրներ է ունեցել եւ այդ կապակցությամբ էլ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Եթե մենք բոլորս հետազոտվենք, գրիպի հարուցիչ կհայտնաբերվի մեզ մոտ, եւ այսպես դնել-գրել` գյուղով, տարիքով, չի կարելի, այդտեղ նաեւ գաղտնիության խնդիր է առաջանում: Հարուցիչն ընդամենը կարող է հիվանդությանը պրովոկացիա անել: Այսօր այդ խոզի գրիպ ասվածը, որը մարդկանց մեջ, չգիտեմ, ում թեթեւ ձեռքով ահ ու սարսափ է առաջացրել, ու շարունակում են շահարկել, բացարձակ անգրագիտություն եմ համարում: 2010-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը H1N1-ը գրանցել է որպես սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակ»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ չի կարելի գրել, որ հղին մահացել է խոզի գրիպից. «Եթե ես գրեի H7N6 կամ գրիպ A, B տեսակից է մահացել, դուք ինչ-որ բան կհասկանայի՞ք: Գրիպի յուրաքանչյուր տեսակի եւ ենթատեսակի դեպքում կարող է արձանագրվել բարդություն: Պետք չէ խոզի գրիպը ֆետիշացնել եւ մարդկանց խուճապի մեջ գցել»:
Թորոսյանը հիշեցնում է, որ աշխարհում տարեկան մահերի առաջացման 10 տոկոսը գրիպից առաջացած բարդություններն են: Ըստ նրա` այսօրվա մեր սեզոնային պայմանները` ցուրտը, սերտ շփումը, ինչպես նաեւ եղանակային տատանումները համարվում են շնչառական վարակների համար բարենպաստ պայմաններ ունեցող եղանակային շրջան: Նա հավաստիացնում է, որ շնչառական վարակների արձանագրման ու տարածման հարցում մեծ դեր ունի մրսածությունը:
«Գրիպի համաճարակի մասին խոսք լինել չի կարող: Մենք խորհրդակցություն ենք կազմակերպել մեր պոլիկլինիկաների ղեկավարների հետ, եւ նրանց տվյալների համաձայն` հանրապետությունում նույնիսկ սուր շնչառական վարակների բարձրացում չի նկատվում: Այս դեպքում` ի՞նչ համաճարակի մասին է խոսքը: Յուրաքանչյուրս կարող ենք գրիպի մի տեսակով վարակված լինել, քանի որ սեզոնն այդպիսին է, բայց յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է դրան արձագանքում»,- ասաց Թորոսյանը:
Նա խորհուրդ է տալիս գրիպի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել: Ըստ նրա` մենք չենք հասկանում, որ գրիպը վիրուսային ծագում ունի, իսկ մեր ընդունած հակաբիոտիկները հակամանրէային են, այսինքն` բակտերիաների վրա են ազդում, եւ բացարձակ ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա:
«Մենք ընդունում ենք մեծ քանակով անտիբիոտիկներ, ընկճում մեր իմունային համակարգը ու թողնում, որ վիրուսներն իրենց գործն անեն: Առաջին իսկ գրիպանման երեւույթների դեպքում, պետք է ոչ թե տատիկի, պապիկի, հարեւանի խորհրդով գնալ` դեղատնից դեղ գնել, այլ դիմել պոլիկլինիկ ծառայություններ, ստանալ համապատասխան խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` հետազոտվել եւ ստանալ դեղորայք, որն այսօր ԱՆ-ն անվճար է տրամադրում բնակչությանը` պոլիկլինիկաների միջոցով»,-ասաց Թորոսյանը:
Կ. Հ.