Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշեց, որ մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Անդրադառնալով սուր շնչառական հիվանդությունների ներկա վիճակին, Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին թոքաբորբով հիվանդ է 7 մարդ, 124 հղիներից բժիշկների հսկողության տակ են գտնվում 94-ը, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից 982-ն են գտնվում բժիշկների հսկողության ներքո: Երեխաների թիվը ևս նվազել է 170-ով: Մեծամասնությունը բուժումը ստանում է պոլիկլինիկաներում, նվազել են նաև շտապօգնության կանչերը:
«Որոշակի բարելավում կա, սուր շնչառական հիվանդությունների նվազում, որը կարող ենք համարել օրինաչափություն»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Այն հարցին, թե ինչու «Տամիֆլյու» դեղի ներմուծման մենաշնորհը տրվեց «Նատալի ֆարմ» ընկերությանը, նախարարը պատասխանեց, որ որևէ մենաշնորհ որևէ մեկին տրված չէ, «Տամիֆլյու»-ն միշտ անվճար առկա է եղել հիվանդանոցային ցանցում և հունվարի 13-ից սկսած` նաև պոլիկլինիկաներում: Եվ, ըստ նախարարի, չի եղել այնպիսի հիվանդ, որը կարիք է ունեցել այդ դեղի և նրան դեղը չեն տրամադրել: Ինչ վերաբերում է դեղատնային ցանցին, ապա, նախարարի խոսքով, «Տամիֆլյու»-ն կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող, ով իր մեծածախ գործունեության ընթացքում ունի ներկրելու եւ վաճառելու թույլտվություն:
«Մենք «Տամիֆլյու»-ի պահանջարկն անվճար բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում»,- ասաց Արմեն Մուրադյանը: