կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 14:10
Իրավական

Սամսոն Ղազարյանի դատավճիռն անսպասելի չէր. պաշտպան

Սամսոն Ղազարյանի դատավճիռն անսպասելի չէր. պաշտպան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանը մեղադրվում էր խարդախության մեջ:

 

 

Ըստ մեղադրանքի` նա ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 120.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, նույն ժամանակահատվածից սկսած, մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 3.5 տոկոս, ապա` 5 տոկոս, այնուհետև 10 տոկոս հավելավճարներ, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 190.725 ԱՄՆ դոլար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Սամսոն Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը նշեց, որ իրենք անպայման կբողոքարկեն վճիռը:

 

«Մենք դատավճիռն ամբողջությամբ չստացանք, ուստի չհասկացանք` ինչո՞ւ մեր փաստարկները չընդունվեցին, որոնք, ըստ մեզ, օբյեկտիվ հիմք էին Ղազարյանին արդարացնելու համար: Դատաքննության ընթացքում մենք ցույց էինք տվել, որ իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն «օդի մեջ էին»,- ասաց նա և հավելեց, որ, ծանոթ լինելով հայաստանյան դատական համակարգին, Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռն իր համար անսպասելի չէր:

 

Ս.Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը։