կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 18:36
Քաղաքական

Իբր Ղարաբաղի համար պռոշները ճաքում է. Սերժ Սարգսյան

Իբր Ղարաբաղի համար պռոշները ճաքում է. Սերժ Սարգսյան

ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որքան քարոզարշավի ժամկետն ավարտին է մոտենում, այնքան զավեշտն ավելի է շատանում, երբ սկսում են բարու ու չարի բաժանել:

 

«Ինչպես ասում են` տեղ հասանք»,- նշեց նախագահի թեկնածուն և ընդգծեց, որ եթե առաջ թեկնածուները, շատ, թե քիչ, իրենց կոռեկտ էին պահում, ապա հիմա բոլորովին այդպես չէ:

 

«Մեկը լինի հարցնի` էլի սկսեցի՞ք մերոնք-ձերոնք, սև-սպիտակ, չար-բարի...Վարակված են էս մարդիկ: Երբ են հասկանալու, որ մեր երկիրը մեղք է էս բոլոր բաժանումների ձեռքը, ժողովուրդը կրակը չի ընկել էս մարդկանց ամբիցիաների ձեռքը: Կարո՞ղ են ասել` որն է չարը, որը` բարին, հասկանո՞ւմ են` ինչ է նշանակում լուրջ որոշումներ կայացնել, եղբորդ ու ընկերոջդ պատերազմ ուղարկել, մարդուն` որևէ պետական գործի: Մեծ-մեծ հայտարարություններ են միայն անում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

Նա նաև նշեց, որ թեկնածուներից ոմանք էլ ուզում են Ղարաբաղի անկախությունը ճանաչել, «իբր պռոշները ճաքում է Ղարաբաղի համար», և սա այն դեպքում, երբ, ըստ նախագահի, խոսում է մեկը, ով արտաքին հարաբերություննների մասով լուրջ մասնագետ է իրեն համարում:

 

Սարգսյանը հայտարարեց, որ փոքրամասնությունը փորձում է  իր կամքը թելադրել մեծամասնությանը: «Չի' լինելու այդպես: Պրծանք, անցանք»,- հայտարարեց նախագահը և վստահեցրեց, որ լույս կա, և պետք է կարողանանք հասնել այդ լույսին:

 

Նախագահը նուբարաշենցիներից ներողություն խնդրեց իր ելույթին էմոցիոնալ հատված ավելացնելու համար և նշեց, որ դա անում է մարդկանց սթափեցնելու համար:

 

Ի դեպ, նա նաև ակնարկեց, որ Գյումրիում իր արած հայտարարությունը կատակով է արել, իսկ ոմանք իր խոսքերը խեղաթյուրել  և իրենց շահեկան տարբերակով են ներկայացրել: