Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ պարտադիր չէ` ՀՀՇ-ն լուծարվի, որ ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության մաս կազմի: Արամ Մանուկյանի այս հայտարարությանն ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդգծել էր, որ նման բան լինել չի կարող, կուսակցություն կուսակցության ներսում չի լինում:
Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում Yerkir.am-ը Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե այս դեպքում ինչպես է պատկերացնում ՀՀՇ-ի չլուծարումը: «Այո, կուսակցություն կուսակցության մեջ չի լինում, օրենքն արգելում է դա, օրենքը թույլ է տալիս անհատների նախաձեռնությամբ ստեղծել քաղաքական միավոր՝ քաղաքական միավորների միավորմամբ, քաղաքական միավորների վերաձուլմամբ, քաղաքական միավորների ինքնալուծարմամբ եւ այլ միավորի մեջ մտնելով, ինչպես նաեւ վերակազմակերպվելով»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
ՀՀՇ վարչության նախագահը հայտարարեց, որ այսօր ՀՀՇ կուսակցության վարչության նիստ է, որոշում կկայացնեն բոլոր տարածքային կառույցներում ունենալ հանդիպումներ, որից հետո կհրավիրեն խորհրդի նիստ: «Առաջարկը կքննարկվի նշածս բոլոր երեք կառույցներում, եւ դրա արդյունքում մենք կընդունենք համագումար անելու որոշում: Գործընթացը կտեւի մոտ մեկ ամիս»,-հայտարարեց Արամ Մանուկյանը եւ ընդգծեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ հարցի շուրջ քննարկումներ են գնում ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու վերաբերյալ:
Նա նշեց, որ այս առումով Տեր-Պետրոսյանի հարցազրույցն անակնկալ չէր: Արամ Մանուկյանն անձամբ ՀԱԿ-ը շարժումից կուսակցություն դարձնելը լավ, ադեկվատ լուծում է համարում, դա ավելի կուռ կդարձնի շարժումը: ՀՀՇ կուսակցության նախագահը հայտարարեց, որ դեմ է ՀՀՇ-ի լուծարմանը, քանի որ այդ տարբերակը նշանակում է գիծ գծել անցյալի եւ ապագայի միջեւ:
Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ ուրախ է, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է շարժման ղեկավարը լինելը, եւ որ այլ ղեկավար չի տեսնում: «Ոչ թե նրա համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն է ու միակը, այլ որ ամենախարիզմատիկ, իր չորս կողմը հավաքող գործիչն է»,- պարզաբանեց նա: