Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչեւ մահափորձի իրականացումը Պարույր Հայրիկյանը նորմալ, սովորական քարոզարշավ էր իրականացնում` լինում էր ժողովրդի մեջ, հանդիպումներ էր ունենում եւ այլն: Իհարկե, չի կարելի ասել, թե հոգեբանական տեխնոլոգիաների կիրառման առումով լավ քարոզարշավ է եղել, բայց, ամեն դեպքում, եղել է. լրագրողներին այսօր ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Իսկ միջադեպը, հոգեբանի գնահատմամբ, Հայրիկյանի ռեյտինգը կտրուկ բարձրացրեց, եւ Խուդոյանը կարծիք հայտնեց, թե շատ լավ էր, որ նա չհետաձգեց ընտրությունները, քանի որ միջադեպը մոռացվելու վտանգը կար: Հայրիկյանի ռեյտինգը բարձրացավ, քանի որ նախ` որպես զոհ ընկալվեց, հետո` նրա նշանակալի լինելը ընդգծվեց, քանի որ հասարակ թեկնածուին չեն վնասում եւ այլն: Իսկ այսպիսի դեպքերը, ըստ բանախոսի, մարդկանց մոտ ընկալում է առաջացնում, որ նրան պետք է պաշտպանել:
Մարդու խեղճանալու երեւույթը, ըստ բանախոսի, ակտիվորեն կիրառվում է Արեւմուտքում, որպես հատուկ PR հնարք, որպեսզի կերտվի թույլ լինելու կերպար, ու մարդկանց մոտ տվյալ անձին պաշտպանելու ենթագիտակցական ցանկություն առաջանա:
Իսկ հոգեբան, PR մասնագետ Հրաչյա Տաթեւյանը Հայրիկյանի հետ պատահած միջադեպը դիտարկեց PR տեսանկյունից եւ նշեց, թե մարդիկ հակված են այդպիսի դեպքերում որոշակի էմոցիոնալ ռեակցիա դրսեւորել: Բայց մի երկու օր հետո մարդիկ սկսում են խորությամբ մտածել ու վերլուծել կատարված իրողությունները:
Ուստի եթե Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կանխամտածված PR ակցիա լիներ, ապա պրոֆեսիոնալ հոգեբաններն ու տեխնոլոգները, ովքեր կարող էին հաշվարկել, թե ռեյտինգների ինչպիսի վայրիվերումներ կլինեին, այն կկազմակերպեին ընտրություններից մի երկու օր առաջ, որպեսզի տպավորություններն ավելի թարմ լինեին: Տաթեւյանը նաեւ նշեց, թե Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձն ավելի շատ վնաս հասցրեց գործող նախագահին:
«Որովհետեւ եթե ես գնում եմ ընտրության եւ առաջարկում եմ ավելի ապահով Հայաստան, ու այդ երկրում տեղի է ունենում նման բան, դա ցույց է տալիս երկրի անապահովությունը»,- նշեց նա:
Սամվել Խուդոյանի կարծիքով` Հայրիկյանի ձայները, միանշանակ, կավելանան, որովհետեւ տասնհինգօրյա ժամկետն էլ մի այնպիսի ժամանակահատված չէ, որ մոռացության մատնվեն դեպքերը: Եվ թե ռեյտինգի ինչպիսի ցուցանիշներ կունենան թեկնածուները, մասնավորապես` Հայրիկյանը, կախված է նրանից, թե մինչ ընտրությունների օրը` առաջիկա 10 օրում ինչպես կներկայացվեն ու կմեկնաբանվեն իրադարձությունները:
Բանախոսները անդրադարձան նաեւ հանգամանքին, թե ինչքան է հավանական Պարույր հայրիկյանի` անձամբ իր մահափորձը կազմակերպելու հնարավորությունը: Հրաչյա Տաթեւյանը նշեց, թե, որոշ չափով ծանոթ լինելով Հայրիկյանին, իրեն չի թվում, թե ինքն իր դեմ մահափորձի ուղղակի կազմակերպիչը լինի:
Իսկ Սամվել Խուդոյանը նշեց, թե Հայրիկյանն այդպիսի PR քայլը չէր անի, քանի որ այդպիսի քայլ անողն այնքան պրիմիտիվ պետք է լիներ, որ չհասկանար` առաջին հերթին հենց իրեն կկասկածեն: Իսկ Հայրկյանն այդքան պրիմիտիվ չէր: