կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 15:11
Քաղաքական

Քաղաքական ուժերի ամենաանցանկալի ու պրիմիտիվ պահվածքը` ըստ ՀՅԴ-ի

Քաղաքական ուժերի ամենաանցանկալի ու պրիմիտիվ պահվածքը` ըստ ՀՅԴ-ի

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը լրագրողներին ներկայացրեցին ՀՅԴ առաջարկները սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ: Առաջարկվում են փոփոխություններ թե' կառավարման, թե' ընտրական համակարգերում, թե' իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ ունենալու հարցում:

 

Ներկայացվող առաջարկներով ՀՅԴ-ն փորձել է ամրագրել այն մեխանիզմները, որոնք կապահովեն ոչ միայն կառավարման համակարգի փոփոխություն դեպի խորհրդարանական համակարգ, այլ կամրագրեն այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի լիարժեք կդարձնեն հակակշռումն ու զսպումը իշխանական համակարգի մեջ, ինչը, ըստ նրանց, գլխավոր հարցն է:


ՀՅԴ պատգամավորների համոզմամբ` առանց Սահմանադրության մեջ այդ առաջարկությունները ներառելու, անիմաստ է ակնկալել, որ երկրում կլինեն դրական փոփոխություններ, ժողովրդի շահերին ծառայող փոփոխություններ:


«
Ամեն ինչ կենտրոնացված է նախագահական աթոռի շուրջ: Դրա համար ենք ասում, որ նախագահական աթոռից պետք է հրաժարվել, որպեսզի սկիզբ դրվի իրական ու խորքային փոփոխություններիՄենք ուզում ենք, որ ժողովուրդն իր իրավունքների տերը լինի, և այդ իրավունքները երաշխավորվեն սահմանադրորեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:


Նրա խոսքով`  այն մտածելակերպը, թե ներկա Սահմանադրությունն էլ չի արգելում լավ բան անել, պրիմիտիվ է, որովհետև ոչ մի Սահմանադրություն էլ չի արգելում, որ լավ բան արվի, բայց Սահմանադրությունը պետք է մեխանիզմ ամրագրի, որ այդ լավ բանը պարտադիր կատարվի, ոչ թե միայն հռչակվի:


ՀՅԴ պատգամավորները նշում են, որ այդ առաջարկները կարող են լրացվել այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կցանկանան ավելի ամրապնդել սահմանադրական փոփոխությունների հիմնական գաղափարները: Նրանց խոսքով` դա կենդանի փաստաթուղթ է, որով գնալու են բանակցելու բոլորի հետ: Առաջիկայում նախատեսվում են քաղաքական կոնսուլտացիաներ: Հետագան ցույց կտա, թե ինչպես է ՀՅԴ-ն կարողանալու այդ առաջարկները իրացնել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որովհետև հաջորդ փուլը, ըստ նախագահի հրամանագրի, նախագահի կոնսուլտացիաներն են, որոնցից հետո` ԱԺ քննարկումներ և հանրաքվե:


«
Այդ ամենից հետո սկիզբ կդրվի արմատական իրական փոփոխությունների, որից հետո կունենանք մի վիճակ, որ եթե պետք է երկրում վիճակ փոխել, նախ դա հնարավոր լինի անել, և դա կատարվի ընտրությունների միջոցով: Դժբախտաբար, Հայաստանում մինչ այժմ ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:


Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական պահանջին, ապա, ըստ Ռուստամյանի, հասարակական պահանջը հանրաքվեի ժամանակ պետք է երևա, եթե հասարակությունը կասի` ոչ, ուրեմն չեն իրականացվի սահմանադրական փոփոխությունները:


ՀՅԴ-ի համար ամենաանցանկալին կլինի այն, որ ոչ իշխանական ուժերի պահանջը հետևյալը լինի` չկատարվեն սահմանադրական փոփոխություններ, քանի ընտրություններ չեն եղել, կամ իշխանությունները չեն փոխվել:


«
Դա կլինի քաղաքական ուժերի ամենապրիմիտիվ պահվածքը, որովհետև կպարզվի, որ պայքարում էին նրա համար, որ համակարգային փոփոխություններ տեղի չունենան»,- ասաց Ա.Ռուստամյանը:


Նա նաև հավելեց. «Հայաստանի քաղաքացիները հոգնել են տարիներ շարունակվող իմիտացիոն քաղաքականությունից, մարդկանց փոփոխությունից, որի արդյունքում իրենց  կյանքում ոչինչ չի փոխվում, կամ կյանքն ավելի է վատանում: Մենք այս առաջարկություններով ճանապարհ ենք առաջարկում, որ ժողովրդին հերթական անգամ չխաբեն»: