Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն իր անվան հետ կապելը նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը բացատրում է նրանով, որ փորձ է արվում քարոզարշավի ընթացքում բարոյահոգեբանորեն չեզոքացնել իրեն:
«Ես փոխանակ իմ ծրագրերը ներկայացնեմ, ուղիղ մեկ շաբաթ զբաղված եմ միայն Սամվելի ու Խաչիկի հարցերով: Դրանից ավել էլ ի՞նչ էիք ուզում, որ անեին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդան Սեդրակյանը:
Նա վստահ է, որ իր համախոհներն ավելացել են, եւ դա եւս անհանգստացրել է իշխանություններին:
Հարցին, թե, այդուհանդերձ, ի՞նչ է կարծում` ձերբակալված երկու տղանե՞րն են Հայրիկյանի մահափորձի իրական կատարողները, նախագահի թեկնածուն հայտարարեց. «Խաչիկի մասով չեմ կարող ասել, Սամվելն անգամ բանակ չի գնացել, զենքը երեւի հեռուստացույցով է տեսել, շատ լավ արհեստավոր է, բայց որ գնա մարդ սպանի` չգիտեմ: Չեմ հիշում` Սամվելն 8-րդ դասարանն ավարտե՞ց, թե՞ չէ: Մեկը, կարծեմ, 8-ի Բ-ն է ավարտել, մյուսն էլ` 7-ի Գ-ն: Հիմա էս մարդկանց, որ հարցաքննում են, փաստաբան ունե՞ն: Ինչ ասես` կարող են գրել տալ: Մեկը նստած է դեղի վրա, որ կես ժամ ուշանա` կգրի, էն մեկին էլ էնքան կծեծեն` ինչ ուզես կգրի»:
Հարցին էլ, թե` մահափորձի ժամանակահատվածում շփումներ ունեցե՞լ է այդ երկու տղաների հետ, Սեդրակյանը նախ ծիծաղալելով հայտարարեց` հա, կողքի փողոցում սպասում էի իրենց, իսկ հետո ավելի լուրջ հայտարարեց, որ սեփական տներում ապրողներն, ի տարբերություն, շենքերում ապրող մարդկանց, իրենց հարեւանների հետ շփվում են: Նա հայտարարեց նաեւ, որ այս ընթացքում հասարակությանը պետք է կարողանա հստակ ապացուցել, որ ինքը կապ չունի այս մահափորձի հետ, եւ գուցե իշխանությունները փոխեն իրեն ձերբակալելու ծրագրերը: Այս պահի դրությամբ` Սեդրակյանը վստահ է, որ իրեն կձերբակալեն:
Հարցին` գուցե անիմա՞ստ աղմուկ է բարձրացնում, Սեդրակյանը պատասխանեց, որ անիմաստ չէ, եւ որ մարդու անունն ու ազատությունն արժեն, որ աղմուկ էլ բարձրացնես:
«Պետք է գտնվի այդ կազմակերպիչը: Պետությունը, ի վերջո, չի կարող գործն այնպես թողնել, որ Սամոն ու Խաչոն որոշեցին գնալ ու Հայրիկյանին խփել: Եվ հիմա ուզում են այնպես անել, որ այդ «կազմակերպիչը» ես դուրս գամ»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: