կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 18:08
Առանց Կատեգորիա

Պայքարն իր լարվածությամբ միջազգային չափեր է ընդունում. օր երրորդ

Պայքարն իր լարվածությամբ միջազգային չափեր է ընդունում. օր երրորդ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչն իսկական «Քեթրին» փոթորիկ է առաջացրել ընդդիմադիրների շարքերում` փորձելով Լինչի դատաստան տեսնել ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածու չառաջադրած ընդդիմադիր ուժերի հետ: Սակայն, չգիտես ինչու, տիկինը խիստ համաչափ պատասխան է ստացել միայն Yerkir.am-ից, ինչը նշանակում է, որ նրա արտահայտությանը` թե «գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում», զայրացրել է ոչ բոլոր ընդդիմադիրներին:

 

Այդուհանդերձ, հանուն ճշմարտության` ասենք, որ տիկին Քեթրինը փորձել է նաև ափսոսանք հայտնել առ այն, որ առանց որոշ ընդդիմադիր ուժերի մասնակցության առաջիկա ընտրությունները մի տեսակ մրցակցային չեն: Այ, սրա հետ է, որ մենք համաձայն չենք: Ուզում ես ասել՝ Դուք գնացեք և Ձեր վարչապետի ու թագուհու ընտրությունները մրցակցային դարձրեք: Եվ, առհասարակ, եթե նույնիսկ Ձեզ դուր չեն գալիս չառաջադրված ընդդիմադիրները, ապա բարի եղեք զմայլվել առաջադրվածների իսկական ընդդիմադիր կեցվածքով:

 

Այսպես խռովահույզ էլ ամփոփել ենք ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավի ևս մեկ օրը: Թե ինչ է դրանից ստացվել, թող դատի ընթերցողը, բայց անձամբ ինձ թվում է, թե սա մի բաց նամակ է՝ ուղղված «ծերուկ» Անգլիայի ծաղկափթիթ դեսպանուհուն, որպեսզի նա ավելի լավ ճանաչի մեզ ու մերոնց և ընտրություններից հետո էլ անկապ հեքիաթներ չպատմի իր հայրենակիցներին:

 

Եվ այսպես՝

 

Բաց նամակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչին

 

Հարգելի' տիկին Լինչ

Ահավասիկ երեկ կոտրել էին ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը, և փրկարարական աշխատանքներից հետո է միայն վերականգնվել թեկնածու-ժողովուրդ կապի այդ անգնահատելի միջոցը: Դուք, պատահաբար չգիտե՞ք, թե որ ահաբեկչական կազմակերպության հաքերներն էին դա արել: Շատ մի' նեղվեք, խնդրում եմ, մենք բոլորին ենք հարցուփորձ անում այդ կապակցությամբ: Ավելորդ ձևականություն է սա, ուրիշ՝ ոչինչ:

 

Շարունակենք: Մեծ Բրիտանիայի դեսպանատնից այնքան էլ հեռու չէ մեր մյուս ընդդիմադիր թեկնածուի՝ Անդրիաս Ղուկասյանի նստավայրը: Մի քիչ ոտ-ոտ որ իջնեք, կարող եք հանդիպել ու, ի նշան զորակցության, սեղմել թեկնածու Անդրիասի սովահար, դողդոջուն ձեռքը: Իսկ Հայաստանում հացադուլի ծայրահեղ դեպքերում են միայն նստում: Սա Ձեր իմացած հացադուլներից չէ, էն որ, օրինակ, Լոնդոնի փողոցները չմաքրելու դեպքում անում են ձեր քաղաքացիները: Անգլիայում ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել, որ վարչապետի թեկնածուն հացադուլ անի: Մարդը կյանքն է վտանգի տակ դրել, իսկ Դուք ասում եք՝ Հայաստանի ընդդիմադիրներն այն չեն:

 

Այ, որ Պարույր Հայրիկյանն էլ միանա հացադուլին (ճանաչո՞ւմ եք Հայրիկյանին), կհասկանաք, որ Հայաստանում էլ է հնարավոր ընդդիմադիրների համախմբումը: Հալա դեռ մեկն էլ ունենք զապաս, որ կարող է քաղաքական հացադուլ անել, միայն թե նա հացադուլի ժամկետների և տեղի հարցերով տարաձայնություններ ունի գործող քաղհացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի հետ: Նրա՝ Արամ Հարությունյանի հացադուլը պետք է տևի մեկ օր, իսկ նստավայրը լինելու է ԿԸՀ-ի շենքի դիմաց՝ նարդի խաղացող ՀՀ քաղաքացու արձանին հարող հրապարակում:

 

Ձերոնք մեր թեկնածուներին չեն հասնի իրենց ինտելեկտով: Մի թեկնածու ունենք, որ բոլոր եվրոպական համալսարաններում տնտեսագիտությունից դասախոսություններ է կարդում: Պարզապես, ի տարբերություն եվրոպացիների, մեր իշխանությունները չեն կարողանում նրա մտքերն ու հայտնագործությունները կիրառել հանուն Հայաստանի բարօրության: Նախանձից է, ինչից է, չգիտեմ: Եվ հիմա մեր այդ թեկնածուն եկել է, որ հաղթի և, ուրիշի մուննաթի տակ չընկնելով, իրականացնի սեփական գաղափարները: Հրանտ Բագրատյանը, այդպես է մեր դասախոսի անունը, շատ հետաքրքիր ընդդիմադիր թեկնածու է: Նա չի ընդունում իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, ցխկվում է (մի փորձեք թարգմանել, բան չի ստացվի), բայց մյուս կողմից էլ` ընդդիմադիր է մնացած ընդդիմադիր թեկնածուներին: Նրանց ընտրած պայքարի ձևերը՝ հացադուլ անել, այս ցրտին, անթրաշ-անպլաշ (without raincoat), Երևանի փողոցները չափչփել, թեկնածությունը հանելու կամ քարոզարշավը դադարեցնելու սպառնալիքներ հնչեցնել, անկախ երկրին անկախության կոչեր անել, Բագրատյանը չի ընդունում: Չհասկացա,- ասում է,- մի՞թե կա այդ ամենի անհրաժեշտությունը, եթե գոնե այս պահի դրությամբ բոլոր նախադրյալները կան արդար ընտրությունների համար: Բա՞:

 

Չէ, հարգելի' տիկին Քեթրին, Դուք իզուր եք այդքան վատ կարծիքի մեր ընտրությունների մասին: Մեր ընտրությունները լավ էլ մրցակցային են: Այնպես չէ, որ հիմնական ընդդիմադիրների չառաջադրումով դրանք լրիվ անհետաքրքիր ու անպայքար են դարձել: Քարոզարշավի խորքը պետք է նայել, խորքը: Եվ հետո՝ մենք բավականին առաջ ենք գնացել, դարձել ավելի քաղաքակիրթ: Ձմռան բքին հարյուրհազարանոց միտինգներ ու անտիմիտինգներ չենք անում այլևս: Նույնիսկ երկրի նախագահն է «համեստի մեջ», դահլիճային պայմաններում է հանդիպում ընտրողների հետ: Նա մեր ժողովրդին մեծ հոգսից է ազատել: Նախ՝ մարդկանց այլևս հազարներով չեն քշում հանրահավաքների և ապա՝ մարդիկ զերծ են մնում հրավառության սիրահար երիտհանրապետականների նոր արկածներից:

 

Կցանկանայինք մեկ-երկու խոսք էլ մեր ընտրողի մասին ասել: Ի տարբերություն անգլիացի ընտրողի, որ ինչ-որ հովերով տարված է գնում ընտրության, մերոնք պրագմատիկ են և շատ ուժեղ, հատկապես` մաթեմատիկայից: «Որքան շատ, այնքան լավ» արտահայտությունը ձեզ ծանո՞թ է: Կարծեմ` Ձեր լեզվով լինում է «The more, the better»: Երևի կհարցնեք՝ ի՞նչը որքան շատ, այնքան լավ: Ինտերեսը, տիկի'ն դեսպան, ինտերեսը: Գիտե՞ք ինչ բան է ինտերեսը: Դե լավ, դա այնքան էլ էական չէ: Ես մի ուրիշ բան ասեմ: Մի անգամ Լոնդոնում, երբ փորձեցի մասնակցել ձեր վարչապետի ընտրությանը, ինձ թույլ չտվեցին դա անել` պատճառաբանելով, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չեմ: Ճիշտն ասած՝ ես շատ ազդվեցի, բայց ենթարկվեցի: Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ շատ թափանցիկ է և ոչ մի ընտրողի «չէ» բառը չեն ասում: Թեկուզ էն աշխարհից եկած լինես: Միայն թե` գաս: Իսկ էն աշխարհից եկածի քաղաքացիությունը ո՞րն է, մանավանդ, որ բոլորի ոսկորներն էլ նույնն են (copy-paste):

 

Ավարտելով նամակս՝ տիկի'ն դեսպան, կցանկանայի Ձեզ փոխանցել քերթողահայր Խորենացու հայտնի խոսքն այն մասին, որ թեև մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ գրի ու հիշատակության արժանի շատ մեծ գործեր կան: Դրանցից մեկն էլ, վստահաբար, Շեքսպիրի «Համլետի» հայերեն թարգմանությունն է, ի դեպ՝ լավագույն թարգմանությունը աշխարհում: Եվ ահա այդ նույն Շեքսպիրը մի առիթով հարց է բարձրացրել՝ լինե՞լ, թե՞ չլինել (to be, or not to be?): Ասեմ, որ մեր Հայկ նահապետն այդ հարցին դեռևս անհիշելի ժամանակներում է պատասխանել՝ to be!: Իսկ երբ դժբախտ պատահարի արդյունքում նրա հակառակորդ Բելը not to be (ոչ ևս) եղավ, բոլորը հասկացան, որ սա Հայաստանն է, և վերջ: Ձեզ էլ չէր խանգարի իմանալ սա, որ հետագայում, մեր ընտրությունների ու ընդդիմության պահվածքի մասին հայտարարություններ անելիս հաշվի առնեիք Ձեր աշխատավայրը համարվող Հայաստանի ներքաղաքական իրողությունները: Այլ կերպ ասած՝ այո, սա Հայաստանն է, և վերջ:

 

Best regards

Էդիկ Անդրեասյան