կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 16:50
Հասարակություն

Բաճկոններ` Թայվանից, սնունդ` Արցախից

Բաճկոններ` Թայվանից, սնունդ` Արցախից

Տասնամյա Մասիսը ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական  կենտրոնից դուրս եկավ բարձր տրամադրությամբ` ձեռքին պարենով լի կապոց: Թեև բեռը փոքր-ինչ ծանր էր, և մայրն առաջարկում էր որդուն օգնել, սակայն տղան համառորեն պնդում էր, որ ինքն էլ կարող է տանել:

 

Սիրիահայ այս ընտանիքը Հայաստան է ժամանել մոտ 4 ամիս առաջ` Հալեպից:  Մայրը մասնագիտությամբ բժիշկ է, սակայն առայժմ Հայաստանում աշխատանք չի գտել: Երբ փորձեցինք ճշտել` արդյո՞ք ցանկանում են մշտապես բնակվել Հայաստանում, կինը պատասխանեց, որ դեռ չգիտեն: Սակայն պատասխանը բնավ դուր չեկավ Մասիսին, ով սեղմում էր մոր ձեռքը` ասելով. «Մա'մ, ասա, որ մնալու ենք, այստեղ լավ է»: Տղան այստեղ դպրոց է հաճախում և արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել: Նրան դուր է գալիս հայերեն սովորելը, իսկ դպրոցում ամենից շատ սիրում է մաթեմատիկան:

 

Մասիսենց ընտանիքը մեկն էր այն տասնյակ ընտանիքներից, որոնք «Արամ Մանուկյան» կենտրոնից հեռացան կապոցներով: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության  և ՀՕՄ-ի  ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Բրինձ, շաքարավազ, պահածո, ձեթ, քաղցրավենիք... Այս և այլ մթերքների մի մասը  բերվել է Արցախից, մյուս մասը հատկացրել են հայաստանյան բարերարները:

 

Սննդամթերքից զատ, սիրիահայերին բաժանվեցին ձմեռային հագուստներ, բաճկոններ: Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության անդամ Խաչիկ Ջոզիկյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից. բեռը Հալեպի օդանավակայանի բացվելուն պես կուղարկվի այնտեղ: Պարոն Ջոզիկյանը նաև հայտնեց, որ մոտ օրերս  Հայ Ավետարանական եկեղեցին ևս օգնություն կտրամադրի:

 

Ի դեպ, սիրիահայերին պարենքով կապոցներ էին ուղարկել նաև Հոկտեմբերյանի գյուղերից:  «Սիմոն Վրացյան» կենտրոնն էլ օպտիկական ակնոցներ էր տրամադրել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:

 

Այս տարի արդեն սիրիահայ 150 ընտանիք ստացել է անհրաժեշտ օգնություն: Մեզ հետ զրույցում որոշ սիրիահայեր նշում էին, որ չեն ցանկանում Հայաստանը լքել, սակայն, ցավոք, մեր զրուցակիցներից ոչ ոք  այստեղ դեռևս աշխատանք չէր գտել, թեև բավական ժամանակ է` փնտրում են:

 

Ինչևէ, սիրիահայերը «Արամ Մանուկյան» կենտրոնից գոհ հեռացան: