կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 10:00
Քաղաքական

Ինձնից հետո՝ թեկուզ ավերակ

Ինձնից հետո՝ թեկուզ ավերակ

Ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին` հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հրապարակելով նախագահական ընտրություններին չառաջադրվելու իր որոշումը: Միանգամայն ճիշտ դիտարկում է, որը, սակայն, այնքան էլ չի համապատասխանում Տեր-Պետրոսյանի իրական գործունեությանը. գրում «Ժամանակը»:


Ընդհանրապես` նրա հայտարարությունից հետո, կապված նախագահական ընտրություններին չառաջադրվելու հետ, ինչն ընդհանրապես նման է քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարության, շատերն են փորձում գնահատել նրա քաղաքական վաստակը հատկապես վերջին հինգ տարիներում: 



2007-08 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես զգալի դրական դեր ունեցավ Հայաստանում քաղաքական, նաև` քաղաքացիական ակտիվության սկզբնավորման տեսանկյունից, և այդ դերն իսկապես անուրանալի է: Սակայն բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդը հենց ինքն էլ ուրացավ իր դերը հետագա տարիների ընթացքում` կատարելով քայլեր, որոնց պատճառով փոշիացավ ժողովրդական շարժման պոտենցիալը: 



Բանն ամենևին այն չէ, որ Տեր-Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց վերցնել իշխանությունը, կամ նա չգնաց հեղափոխական ճանապարհով: Տեղի են ունեցել առավել մեծ և ֆունդամենտալ սխալներ: Դրանցից մեկն, օրինակ, հենց այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե նպաստեց երիտասարդ գործիչների ճանապարհի կառուցմանը, այլ կարծես ամեն ինչ արեց, որ երիտասարդ գործիչները չկարողանան առանց իրեն, առանց իր ստվերի, առանց իր անվան գործել: Լևոն Տեր-Պետրոսյանը չձևավորեց երիտասարդ գործիչների, նա ձևավորեց երիտասարդների մի շերտ, որոնք իրենց գործը համարեցին Տեր-Պետրոսյանի պաշտամունքը, նաև հարձակումները նրա բոլոր ընդդիմախոսների և մրցակիցների վրա: 



Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի Մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում նախ` չափից շատ կենտրոնացավ քաղաքականության վրա` որպես ինտրիգային երևույթի, իսկ հետո արդեն չափից շատ կենտրոնացավ իր անձի վրա: Արդյունքում, զգալի կառուցողականությամբ վերադառնալով ակտիվ քաղաքականություն, նա այդ քաղաքականությունից հեռանում է առանց էական ակտիվներ թողնելու: Նրա թողածն ընդամենը փոխադարձ անհանդուրժողության մի միջավայր է, որ, կամա, թե ակամա, գեներացնում են նրա համակիրները` չհանդուրժելով որևէ կարծիք, որը չի համապատասխանում իրենց կարծիքին, չհանդուրժելով որևէ դիտարկում, որը կարող է կասկածի տակ դնել իրենց քաղաքական առաջնորդների իմաստությունն ու անսխալականությունը: