կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 15:40
Առանց Կատեգորիա

ԵՄ-ի՞, թե՞ Ռուսաստանի գլխի տակ է Հայաստանը ''փափուկ բարձ դնում''

ԵՄ-ի՞, թե՞ Ռուսաստանի գլխի տակ է Հայաստանը ''փափուկ բարձ դնում''

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրինացման մասին համաձայնագիրը: Հենց նույն օրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց. «Մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանի կառավարության եւ ԵՏՀ-ի միջև փոխգործակցության վերաբերյալ փաստաթուղթ ենք պատրաստում: Հիմա մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա: Ամենայն հավանականությամբ, այն կստորագրվի հաջորդ տարվա սկզբին»:

 

Փաստաթուղթը, որի մասին խոսում է Խրիստենկոն, ամենայն հավանականությամբ, կունենա հուշագրի կարգավիճակ: Թե ի՞նչ է այն իրենից ներկայացնելու, դեռևս դժվար է ասել: Սակայն էականը ոչ այնքան դա է, որքան ինքնին փաստաթղթի ստեղծման վերաբերյալ Խրիստենկոյի հայտարարությունը: Բանն այն է, որ ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական հիմնական վեկտորներին, խոսում է ԱՄՆ-ի հետ «բարեկամական գործընկերության զարգացման ու ընդլայնման», Եվրոպայի հետ «մերձեցման» քաղաքականության շարունակման, Ռուսաստանի հետ «դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության ամրապնդման» մասին, բայց ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ չի անում ո'չ Մաքսային միության, ո'չ Եվրասիական տնտեսական միության և ո'չ էլ, առհասարակ, հետխորհդրային տարածքում որևէ տեսակի ինտեգրացիոն պրոցեսների մասին:

 

Ավելին, չնայած Խրիստենկոն հղում է կատարում դեկտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցին և նշում, որ հարաբերությունների ֆորմալացման հարցը այդ ժամանակ է համաձայնեցվել ՀՀ նախագահի և վարչապետի հետ, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ նշված չէ: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը մի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման, Ազատ առևտրի համապարփակ գոտու, ռեադմիսայի, վիզային ռեժիմի դյուրինացման ուղղությամբ հաջող բանակցությունն է վարում, համաձայնագրեր ստորագրում, իսկ մյուս կողմից` հստակեցնում է Մաքսային միության հետ գործակցության ձևաչափերը: Այն հանգամանքը, որ դա հրապարակայնացվեց հենց ԵՄ-ի հետ մերձեցման հերթական համաձայնագրի ստորագրման ֆոնին, թույլ է տալիս ենթադրելու, որ դա արվում է Բրյուսելում Հայաստանի նկատմամբ անվստահություն առաջացնելու և ինտեգրման հետագա գործընթացը առնվազն դանդաղեցնելու համար:

 

ԵՄ-ում, իհարկե, կարող են որոշակի անհանգստություն ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի այս ուղղակի ճնշումների կապակցությամբ: Պատահական չէր` օրերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարում, թե Մաքսային միությունը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու այլընտրանքն է: Սակայն որոշակի հանգամանքներում նման հուշագիրը կարող է Հայաստանի համար ստեղծված խիստ անհարմար վիճակից դուրս գալու ժամանակավոր լուծում լինել և դրանով հանդերձ` նաև ԵՄ-ին ազատել որոշակի ռիսկերից:

 

Այս իմաստով խիստ հատկանշական է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի` «Ռեգնում» գործակալությանը տված այն պարզաբանումը, թե «մեկ կազմակերպությանն անդամակցությունը չի խոչընդոտում լավ հարաբերությունների կառուցմանը մյուսի հետ: Հայաստանը կարող է ազատորեն մտնել ԱՊՀ ազատ առևտրի գոտի և զուգահեռաբար բանակցություններ վարել ԵՄ-ի հետ` Խորը համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ»: Այլ կերպ ասած` այս տարբերակը նախընտրելի է դառնում նաև ԵՄ-ի համար:

 

Եվ դա պատահական չէ: Դեռ այս տարվա կեսերին ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր. «Մենք համագործակցության ձեւեր ենք փնտրում առանց անդամակցելու Մաքսային միությանը: Ըստ երեւույթին` արժե մտածել ինչ-որ նոր պլատֆորմի կամ էլ Հայաստանի համար հատուկ կարգավիճակի մասին»: Չի կարելի բացառել, որ մշակվող հուշագիրը հենց Միության հետ հարաբերություններում Հայաստանի այդ «հատուկ կարգավիճակի» հստակեցման նպատակ է հետապնդում: Սա նշանակում է, որ Մոսկվայում, թերևս հասկանում են, որ Երևանի այն խիստ օբյեկտիվ հիմնավորման պարագայում, թե ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցելը դարձնում է անիմաստ և վնասաբեր, Հայաստանից ավելին պոկել այսօր այնքան էլ իրատեսական չէ և փորձում են գոնե օգտվել հենց, փաստորեն, Երևանից արված` միջանկյալ լուծում գտնելու վերոնշյալ առաջարկից:

 

Ամեն դեպքում հուշագրի մշակումն ինքնին նշանակում է, որ այս պահին Ռուսաստանը ոչ թե Միությանը Հայաստանի պարտադիր միանալու խնդիր է դնում, այլ ընդամենը` որևէ հռչակագրային փաստաթղթով նրա հետ կապը ֆիքսելու, իհարկե, եթե խոսքը չի գնում հուշագիրը Միությանը Հայաստանի միանալու յուրատեսակ «ճանապարհային քարտեզի» վերածելու Մոսկվայի ձգտման մասին: Սակայն հարցն այն է` արդյո՞ք Ռուսաստանը կբավարարվի այսքանով:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն չի հրաժարվում Եվրասիական միության ստեղծման գաղափարից, այլև ամեն ջանք գործադրում է, որ այն կայանա առաջին հերթին հենց ԵՄ-ի արևելյան գործընկերության ծրագրի շահառու հետխորհրդային երկրների միջոցով, որը դիտարկում է որպես ԵՄ-ի դեպի Արևելք «գրոհը» կասեցնելու լավագույն տարբերակը: Բելառուսը, որպես այդպիսին, արդեն իսկ նրա «գրպանում» է: Այս պահի դրությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Ուկրաինայի ուղղությամբ: Պուտինն այսօր Կրեմլում պետք է հանդիպեր Ուկրաինայի նախագահ Վիկտոն Յանուկովիչի հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության` օրակարգում եղել է երկու առանցքային հարց` Եվրասիական միության ստեղծումը, դրան Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը և երկրորդ` այս երկիր մատակարարվող ռուսական գազի սակագնի վերանայման հնարավորությունը: Սակայն վերջին պահին, թռիչքից բառացիորեն րոպեներ առաջ, Յանուկովիչը հրաժարվել է մեկնել Մոսկվա: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Յանուկովիչը միտքը փոխել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ զրուցելուց հետո:

 

Այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար Մոսկվա է մեկնելու նաև Սերժ Սարգսյանը: Թե ինչու մեկնումից առաջ Բարոզուն «չի զրուցել» նաև վերջինիս հետ, պայմանավորված է թերևս, նրանով, որ ԵՄ-ում կարծում են, թե մինչև Եվրասիական միությունը միս ու արյուն ստանա, Հայաստանը, որն ի տարբերություն Ուկրաինայի, Մաքսային միության հետ չունի ընդհանուր սահման, այնքան ամուր, բազապիսի թելերով, պատավորություններով կապված կլինի ԵՄ-ի հետ, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չի լինի նրան վերադարձնել պուտինյան նոր Խորհրդային Միություն:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ