Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան թեժանում եւ կատարելագործվում են իրար վրա կոմպրոմատ հավաքելու եւ մարդուն մրոտելու տեխնոլոգիաները: Վերջին օրերին համացանցում ակտիվացել են բամբասանքները: Դեռ չէինք մարսել Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսման նողկալի երեւույթը, երբ ոչ անհայտ մանիպուլյատորները հրապարակ իջեցրին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի մասին, այսպես ասած, հնչեղ «բացահայտումները»:
Ըստ այս կուռ խմբի` իրենցից բացի, ոչ ոք իրավունք չունի ապրել նորակառույց շենքում (ըստ իրենց բնորոշման` էլիտար) կամ ունենա սեփական ավտոմեքենա: Չէ՞ որ իրենք են անմնացորդ ծառայում, եւ աշխարհի բոլոր բարիքների կռճոնները առնվազն պետք է վայելեն իրենք: Ինչ որ է, վիճակը նետված է, եւ բոլոր նրանք, ովքեր դեռ վերջնականապես չեն «գնվել» կամ «վաճառվել», պետք է պատրաստ լինեն իրենց մասին լսել ամենազավեշտալի մեկնաբանությունները: Երկար չի տեւելու այս ցեխոտման գործընթացը. մինչեւ փետրվարի 18-ը պետք է դիմանալ կամ առնվազն արհամարհել:
Yerkir.am-ն այցելեց Արմինե Օհանյանին եւ խնդրեց մեկնաբանել իր դեմ հարձակումների պատճառը: Ի պատիվ նրա` պետք է ասենք, որ թերթի խմբագիրը շատ հանգիստ է տանում նման հերյուրանքները եւ այս օրերին սպասում էր նման վերաբերմունքի:
«Իմ կյանքով ու գործունեությամբ չափից դուրս հետաքրքրված անձանց կարհամարհեի ու չէի արձագանքի այդ էժանագին «սպառնալիքներին»: Բացառապես «Հրապարակի» բարեկամների համար մանրամասնեմ, որ թյուրըմբռնումներ չմնան. բնակարանը, որտեղ ապրում եմ, գնել եմ 2011 թվին՝ նախկին հայրական բնակարանիս վաճառքից գոյացած գումարով: Ավտոմեքենան, որը «բարի կամեցողներս» 25 հազար են գնահատել, ուղիղ դրա կեսն արժե, գնել եմ երկարաժամկետ վարկով՝ գրեթե առանց կանխավճարի: Բանկային գործարքը կատարվել է շաբաթ օրը, այնպես որ` «լուսանկարիչները» շատ «օպերատիվ» են աշխատել: Կարծում եմ՝ 50 տարիների ընթացքում 33 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդն ուղղակի պարտավոր է ունենալ 3 սենյականոց համեստ բնակարան եւ 10 հազար դոլարանոց մեքենա: Ինչ վերաբերում է խմբագրության աշխատավարձերը վճարելուն, ապա Հայաստանում թերեւս մատների վրա հաշված հիմնարկներում են այդքան կանոնավոր աշխատավարձ վճարում, ինչպես «Հրապարակում»: Ուրի՞շ: Հաջորդ «հրապարակումը» հավանաբար վերաբերելու է իմ անձնական կյանքին: Դրանցով հետաքրքրված անձանց հրավիրում եմ իմ տուն՝ «օլիգարխիկ» կյանքիս մանրամասներին տեղում ծանոթանալու եւ լուսանկարներով զինված արդյունավետ գործունեություն ծավալելու»,- yerkir.am-ին ասաց Արմինե Օհանյանը: