կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 17:42
Առանց Կատեգորիա

Ինքնաարդարանալու համար քավության նոխազներ են պետք

Ինքնաարդարանալու համար քավության նոխազներ են պետք

Երբ այս տարվա մայիսի վերջին ԲՀԿ-ն որոշեց դուրս գալ իշխանական կոալիցիայից, Ծառուկյանը հանդես եկավ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ: Դա քաղաքական կեցվածք էր, որովհետև այդպիսով ԲՀԿ ղեկավարը փորձեց բացատրել կոալիցիայից դուրս գալու դրդապատճառները և հիմնավորել որդեգրելիք նոր «այլընտրանքային» կուրսը:

 

Որքան էլ տարօրինակ թվա, նախագահական ընտրություններին չմասնակցելու` ըստ էության շատ ավելի կարևոր որոշումը, ԲՀԿ-ն ոչ միայն հրապարակեց ինչ-որ հերթապահ ու խիստ ժլատ հաղորդագրությամբ, այլև արդեն երկրորդ օրն է` կուսակցությունից որևէ մեկը թե' պաշտոնական և թե' ոչ պաշտոնական մակարդակով որևէ մեկնաբանություն չի տալիս: Դժվար է ասել` ԲՀԿ-ն ասելի՞ք չունի իր հարյուր հազարավոր պոտենցիալ ընտրողներին, որոնց մատնել է անորոշության, թե՞ պարզապես հաշվարկները դա թույլ չեն տալիս:

 

Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ լռության այս ֆոնին տողատակից ուղղորդված տեղեկատական հոսքերով այնպիսի ազդանշաններ են ուղարկվում, թե Ծառուկյանը ոչ թե իր ցանկությամբ է հրաժարվել առաջադրվելու մտքից, այլ ստիպված` հաշվի առնելով քաղաքական դաշտում ի հայտ եկած ինչ-ինչ նոր իրողություններ: Այսինքն` փորձ է արվում իրավիճակը ներկայացնել այնպես, թե Ծառուկյանը պարզապես դարձել է այդ նոր հանգամանքների ու թիկունքում ինչ-որ խարդավանքների զոհը:

 

Տեսականորեն, իհարկե, դա հնարավոր է, այն էլ` Հայաստանում, որտեղ քաղաքականությունն ընդհանրապես որևէ օրինաչափության ու տրամաբանության չի ենթարկվում: Սակայն, այնպիսի ռակուրսով, որով այդ ամենը մատուցվում է, նման իրողությունը պրակտիկորեն բացառվում է: Ուշագրավ է`որ ԲՀԿ-ամերձ պրոպագանդիստական շրջանակները թիրախ են ընտրել ոչ թե իշխանությանը, այլ այդ «հանգամանքներն» ի հայտ բերող ընդդիմադիր դաշտի խաղացողներին: Խոսքը, ուշադրություն դարձնենք` վերաբերում է այն ուժերին, որոնք ԱԺ ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հազիվ են հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց նվազագույն շեմը: Եվ ահա այդ ազդանշաններով փորձում են համոզել, որ Ծառուկյանը տեղի է տվել այսքան սահմանափակ ռեսուրս ունեցող ուժերին և նրանց կազմակերպած դավադրությանը:

 

Սկզբից մեղադրվեց ՀՅԴ-ն. օգտագործվեց Սերժ Սարգսյանի հետ  վերջինիս հանդիպումը հրապարակայնացնելու հանգամանքը: Հետո Ծառուկյանի չառաջադրվելուց ակնհայտորեն ցայտնոտի մեջ ընկած երիտբհկականները սկսեցին իշխանությանը «ծախվածության» մեջ մեղադրել նաև «Ժառանգությանը», ի մասնավորի` այս կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին: Պարզ է, որ հերթի մեջ նաև ՀԱԿ-ն է: Եվ դա այն դեպքում, երբ չառաջադրվելու մեղքը իշխանության վզին փաթաթելու հիմք ԲՀԿ-ականները պետք է որ ավելի շատ ունենային` կապված թեկուզ Վարդան Օսկանյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման, ԲՀԿ-ական նախկին նախարարների ենթակայությամբ առողջապահության և հատկապես` քաղաքաշինության ոլորտներում սկսված կոռուպցիոն բացահայտումների շարքի հետ, որոնք չէին կարող ԲՀԿ-ին և Ծառուկյանին չկաշկանդել:

 

Ավելին` ոչ թե ընդդիմությունը, այլ Սերժ Սարգսյանն էր 2010թ. դեկտեմբերից առ այսօր ԲՀԿ-ին պարտադրում հավատարմության երդում տալ և իրեն սատարելու մասին հայտարարություն անել, ինչը և Ծառուկյանն արեց 2011թ. փետրվարին` ստորագրելով մի փաստաթուղթ, որով ուղղակի հաստատում էր, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, ընդ որում` առանց հստակեցնելու, թե ինչպես: Եվ դրանից հետո ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունն էր ձգտում, որ Ծառուկյանը վերահաստատի գոնե չառաջադրվելու պատրաստակամությունը: Փաստորեն, այս ամենը, ստացվում է, այնքան չեն ազդել Ծառուկյանի հաստատակամության ու վճռականության վրա, որքան ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ առանձին վերցրած նրանցից որևէ մեկի դավադիր կեցվածքը, որոնք ուղղակի ծնկի են բերել իշխանության դեմ անողոք պայքարի ելած մեր օրերի հերոսին:

 

Մյուս կողմից` ենթադրենք, թե ընդդիմադիր ուժերը բոլորը միասին կամ նրանցից որևէ մեկն իսկապես որոշել են դավաճանել Ծառուկյանին, թեև նրանցից ոչ մեկն էլ նրան ծառայելու երդում չի էլ տվել: Արդյոք Ծառուկյանն այդքան վախեցա՞ծ էր նրանցից կամ այնքան նշանակությո՞ւն էր տալիս այդ ուժերին, որ կարող էր ազդվել, փոխել իր որոշումը: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ, լինելով բավականին անկախ ու ազդեցիկ, նա շատ ավելի պետք է շահագրգռված լիներ առաջադրվել, որպեսզի «դավաճաններին» կանգնեցներ փաստի առաջ ու ձախողեր նրանց պլանները: Եթե այդ քայլը նա աներ, մնացած ուժերն ստիպված էին լինելու կա'մ դուրս գալ խաղից ու մարգինալացվել, կա'մ ստիպված մտնել Ծառուկյանի դրոշի տակ ու նրա համար լինել վերահսկելի, կա'մ էլ, որպես անհաջող դրված ականներ, սկսելու էին իրար ետևից պայթել` դառնալով Սերժ Սարգսյանի հերթական հաճախորդները: Երեք դեպքում էլ շահողը Ծառուկյանն էր լինելու, ով, առաջադրվելով ի հեճուկս թե' իշխանության և թե' այդ ուժերի, ապացուցելու էր, որ իրական այլընտրանքն ինքն է: Այդ դեպքում նա կարող էր իր կողմը բերել նաև մյուս ուժերի ունեցած այն ընտրազանգվածին, որը նրանց ձայն էր տալու ընդդիմադիր լինելու համար:

 

Ելնելով այս ամենից` կարելի է անել երկու եզրակացություն: Կա'մ Ծառուկյանը քաղաքականապես այնքան կարճատես է եղել, որ իրեն ակամա տրված այս խաղաքարտերն օգտագործել չի կարողացել, կա'մ այնքան հեռատես է, որ թիրախ է դարձնում իր պոտենցիալ գործընկեր ուժերին և փորձում ինքնաարդարացման միջոց հնարել իր կյանքի ամենակարևոր քայլը չանելու համար: ԲՀԿ-ն պարզապես փորձում է այս կերպ հանրավորինս անկորուստ, առանց փոշոտվելու, քերծվածքների դուրս գալ փոսից: Իսկ դա հնարավոր է անել` ոչ թե այդ փոսի հողոտ պատերը ճանկռելով սեփական ուժերով դուրս մագլցելու, այլ միայն մյուսների գլուխն ու ուսերը տրորելու միջոցով:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ