կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-08 10:05
Առանց Կատեգորիա

Դոնքիշոտյան տեսիլք

Դոնքիշոտյան տեսիլք

Իրեն արմատական հռչակած ընդդիմության ներկայիս գործունեությունը շատ նման է դոնքիշոտյան «արշավանքին»: Նրանց ոչ միայն թվում է, թե այս երկրում կատարվող ցանկացած գործընթաց միայն իրենց գործունեության արդյունք է, այլև, որ տեղի ունեցող պրոցեսները, որոնց հետ ուղղակի որևէ առնչություն չունեն, իրենց անշեղորեն մոտեցնում են աննման Դուլիսնեային, տվյալ դեպքում` «ռեժիմի ոչնչացմանը»:

 

Եվ ահա անխոնջ ասպետները ջանք չեն խնայում տարատեսակ հողմաղացների դեմ իրենց անողոք պատերազմով հասնել գլխավոր երազանքին: Բայց սա չէ ամենածիծաղելին: Մերօրյա դոնքիշոտներին թվում է, թե իշխանության «եզն» արդեն տապալվում է իրենց «հզորագույն ու անկասելի» ճնշման ներքո, ուստի իրենք են այն միակ ուժը, որ բարոյական իրավունք ունի քաղելու դրա բոլոր պտուղները:

 

Եվ դա այն դեպքում, երբ կատարվող վերադասավորումներով գործող իշխանությունը փորձում է ապացուցել իր կենսունակությունն ու հզորությունը, ինչը ոչ թե դանակները սրելու, այլ իշխանական այս անհագուրդ ամբիցիաների դեմն առնելու քաղաքական օրակարգ է առաջադրում: Ինչ է սա` իրականությունից վերջնականապես վերացածության հետեւա՞նք, թե՞, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի մնացած «հավատացյալներին» ամեն կերպ պահելու միջոց: Անկախ դրդապատճառներից` այս ամենը որքան էլ զվարճալի, արդեն իսկապես հոգնեցնող ու անտանելի է դառնում: