կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 17:48
Արցախ

Ուղեւորները դժգոհ են, իսկ նախարարը…

Ուղեւորները դժգոհ են, իսկ նախարարը…

«Բալա ջան, գնամ ու՞մ բողոքեմ, որ մեր ուղեվարձը բարձրացրել են: Իրենք համ ուժեղ են, համ էլ վլաստը իրենց ձեռքին է»,-այսպես է իր դժգոհությունն արտահայտել մեզ հետ զրույցում Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղի մի պապիկ, ում հանդիպել ենք Ստեփանակերտի ավտոկայանում:

 

Կանոնավոր հասարակական տրանսպորտի միջշրջանային երթուղիներից օգտվողները հոկտեմբերի 24-ից ավելի են վճարում շրջանից մայրաքաղաք հասնելու համար: ԼՂՀ արտադրական  ենթակառուցվածքների նախարարության տեղեկությունների համաձայն՝ գործող 131 երթուղիներից 102-ում սակագները բարձրացվել են. 44 երթուղու սակագին բարձացվել է 50 դրամով , 33-ինը` 100 դրամով, 12-ինը՝ 200 դրամով, 5-ինը` 150, 2-ինը՝ 130, 2-ինը՝ 250, 1-ական՝ 20, 120, 300, 600 դրամով։

 

Արտադրական  ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանի խոսքերով՝ երթուղիների սակագները վերջին անգամ փոխվել են 1997 թվականին, որից հետո մի քանի անգամ բարձրացվել են վառելիքի եւ ավտոպահեստամասերի գները: Սակագների բարձրացմամբ, ըստ նախարարի, նպատակ ունեն բացառեն երթուղիները սպասարկող ընկերությունների ոչ շահութաբեր գործունեությունը: Իսկ որ նրանց գործունեությունը ոչ շահութաբերության եզրին է, դա, ըստ Կառլեն Պետրոսյանի, պարզել է նաեւ Գործարարների միությունում տրանսպորտի գծով խումբը:

 

Ուղեւորները դժգոհում են սակագների բարձրացումից, իսկ նախարարը գտնում է, որ սակագների փոփոխությունները էականորեն չեն ազդում ուղեւորների ընտանեկան բյուջեի վրա։

 

Անփոփոխ է մնացել նաեւ Շուշի-Ստեփանակերտ եւ Քարվաճառ-Ստեփանակերտ երթուղիների ուղեւորավարձը: Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ընկերությունն անփոփոխ է թողել սակագինը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկանոն տրանսպորտային միջոցները կարող են ավելի էժան գնով իրականացնել ուղեւորափոխադրումները, ինչը բացասականորեն կազդի ընկերության գործունեության շահութաբերության վրա: