Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը շրջափակելու գործողություններն օրինաչափ են: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նշելով, որ դրանք կատարվում են իր հանձնարարությամբ:
«Եթե նման միջոցառումների ժամանակ մարդիկ փորձում են վիրավորանքներ հասցնել, հակահասարակական գործունեություն են ծավալում, ապա ոստիկանությունը պարտավոր է նրանց զգուշացնել, որպեսզի դադարեցնեն: Շարունակելու դեպքում մենք իրավունք ունենք ուժ գործադրել. դա նախատեսված է օրենքով: Ես դրանից խուսափելու համար նպատակահարմար գտա, որպեսզի այսօր կառավարության տարածքն ազատ լինի: Ավելի ճիշտ էր նախականխել այն, ինչը այսօր սպասվում էր»,- նշեց ոստիկանապետը:
Նա ավելացրեց նաեւ, որ այս գործողությունները նախաձեռնել է միայն ի պաշտպանություն հավաքվածների, որովհետեւ, եթե նրանք շարունակեին նման վարքագիծ դրսեւորել, այսօր արդեն այլ միջոցներ կձեռնարկեր: Մասնավորապես` Վարդգես Գասպարիին եւ նրա շուրջը հավաքված եւս մի քանի մարդկանց ոստիկանապետը նախատեսել էր բերման ենթարկել ոստիկանություն:
Ալիկ Սարգսյանը կառավարության յուրաքանչյուր նիստից հետո մոտենում էր ցուցարարներին, անկախ նրանից, թե ինչ խնդրի պատճառով են հավաքվել` Թռչկանի ջրվեժի ճակատագրի՞, թե՞բանակում սպանված զինծառայողների, մեծահոգաբար մեկնաբանություններ էր տալիս նրանց: Սակայն անցյալ շաբաթ հասկացավ, որ դա անշնորհակալ գործ է: Ավելին` նա հասկացել է, որ այդ մարդիկ եզրեր չունեն ո'չ արդարամտության, 'ոչ էլ ճիշտ դատողությոան հետ:
«Կապ չունի, թե ով է կառավարության շենքից դուրս եկողը, նրանք կարող են իրենց թույլ տալ տարբեր տեսակի բառերով վիրավորել կառավարության անդամներին: Կարծում եմ` այս վիճակին պետք է վերջ դրվի»,- պարզաբանեց Ալիկ Սարգսյանը: Ի դեպ, նախորդ շաբաթ նա հայտնվել էր մոտավորապես նույն իրավիճակում եւ արժանացել ցուցարարների լուտանքներին ու վիրավորանքներին:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանությունից` ոստիկանապետը նեղսրտած ասած. «Ի՞նչ եք կարծում` մենք մարդ չե՞նք, մեր իրավունքնե՞րը ով պետք է պաշտպանի: Ո՞վ է թույլ տվել մեկին, որ էս կյանքում որեւիցե արժանիք չունի, խոսքս այն 18 տարեկան աղջիկ երեխայի մասին է, որ գոռում էր ու պլակատով դեմքը ծածկում: Գուցե հորը բերի, մի հատ ուշադիր նայի ինձ ու իրա հորը. մեր տարբերությունը միանգամից կզգա: Վստահ եմ` նման հորից տենց էրեխա դուրս չէր գա, չէր ծնվի: Այս տիպի վիրավորանքները ես թույլ չեմ տա»:
Այնուհետեւ Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքն էլ է մարդ, ինքն էլ ինքնասիրություն ունի եւ նոր է հասկանում բոլոր այն նախարարներին, ովքեր մշտապես փորձել են ուրիշ մուտքերով դուրս գալ: «Ես ինքս էի դրա ջատագովը, որպեսզի այդ հանդիպումները կայանան, որովհետեւ ցանկացած պահի լիցքաթափվելը բոլորիս շահերից է բխում, բայց էդ օրը հասկացա, որ մարդիկ, իրոք, պատճառ ունեն չշփվելու հասարակության այս խմբի հետ, որովհետեւ մարդ, երբ որ բանականություն չունի եւ, ընդամենը աղմուկ բարձրացնելով, փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն ակտիվիստ է, խոսում է այն մասին, որ սա հիվանդ երեւույթ է»: