կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 13:34
Առանց Կատեգորիա

Էստեղ չեն ապրում

Էստեղ չեն ապրում

Վայոց ձորի Սալլի գյուղ հասնելու համար ստիպված էինք կանգ առնել Եղեգնաձոր-Մարտունի հանրապետական ճանապարհի 18-րդ կմ-ում, իսկ այնտեղից 3 կմ անցել ոտքով եւ հասնել Սալլի:

 

«Դեպի գյուղ տրանսպորտ չկա, միակ տրանսպորտը, որ գալիս է Եղեգնաձորից, այս 4 գյուղերի համար է աշխատում, այն էլ օրվա մեջ 2 անգամ»,- մեզ հետ զրույցում ասաց կանգառում կանգած տիկին Սոֆիկը, ով պատրաստվում էր հասնել մարզկենտրոն:

 

Գյուղում բերքահավաք էր, ոմանք ընկույզ էին թափ տալիս, ոմանք էլ ծառերին մնացած խնձորն էին քաղում. «Էս տարի ոչինչ, էլի լավ է, դե ինչքան կարողացանք էժան-մեժան հանձնեցինք, որ կարողանանք ալյուր ու փայտ առնենք ձմեռվա համար»:

 

Սալլիի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Նվեր Հովակիմյանը «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց գյուղում հացահատիկ չեն մշակում. «Տրակտոր չկա, կոմբայն չկա: Գյուղացուն էլ ձեռ չի տալիս հացահատիկ ցանել, որովհետեւ ինքնարժեքը չի կարողանում հանել: Այս տարի գարնանը ընդամենը 5 հա գարի է ցանվել գյուղում»:

 

Ըստ սալլիցիների` իրենք հացի խնդիրը լուծում են այլուր գնելով. «Լավ էլ թանկ գնով ենք առնում՝ մի մեշոկը 10,5-11 հազար դրամ»: Գյուղում հաշվառված է 100 հա վարելահող, 72 հա` խոտհարք եւ 37 հա՝ այգի, որտեղ աճում են ընկույզի, խնձորի ու ծիրանի ծառեր. «Տանձի ծառերն էլ չորանում են, չգիտենք՝ ինչից է»:

 

Գյուղապետարանի աշխատակիցը մեզ հայտնեց, որ խորհրդային տարիներին իրենց գյուղում մշակելիս են եղել նաեւ խաղող, որի տարածքը կազմել է 30 հա: «Գորբաչովի ժամանակ խմիչքի դեմ պայքարում մեր 30 հա խաղողի այգիները վերացրին, եւ հիմա այդ տարածքներում առվույտ եւ այլ ցանքսեր են անում»,- ասաց Հովակիմյանը:

 

Գյուղացիները բազմաթիվ խնդիրների շարքում ամենակարեւորը նշեցին խմելու եւ ոռոգման ջուրի բացակայությունը: Գյուղապետարանում պարզաբանում են, որ ոռոգման ջրի մայր առուն անցնում է ավազուտների եւ հրաբխային նստվածքների միջով եւ ջուրը տեղ է հասնում մեծ կորուստներով: «Լավից-վատից ապրում ենք... Սա է մեր ապրելակերպը: Էստեղ չեն ապրում, էստեղ գոյատեւում են ու շնչում անիմաստ: Էդ որ մեծ-մեծ խոսում են՝ լավ է, լավ է, ի՞նչն է լավ: Չարքաշ կյանքով անց ենք կացնում մեր կյանքը: Խնձորն էլ խնձոր չի, որ ջուր չի եղել ջրենք, էլ ինչ խնձոր պիտի ստանանք»,- ասում էր տիկին Գայանեն եւ հիշեցնում, որ Եղեգնաձորի տարածաշրջանը ամենախեղճն է Հայաստանում:

 

Չնայած գյուղում վերջին ամուսնությունը եղել է այս սեպտեմբերին, սակայն նորաստեղծ ընտանիքը հարսանիքից մի քանի օր անց հեռացել է գյուղից եւ հաստատվել Ռուսաստանում: «Գյուղում վերջին երեխան ծնվել է 2007 թվականին, իսկ դրանից հետո՝ 2008-2011 թվականներին, ծնունդ չի գրանցվել»,- ասաց Ն. Հովակիմյանը: Գյուղացիները նաեւ մի առաջարկ փոխանցեցին իշխանություններին. եթե ամեն մի երեխայի համար՝ ծնունդից մինչեւ 16 տարեկան դառնալը նպաստ տան, երեխաներ շատ կծնվեն:

 

Սալլին նույնպես համարվում է ծերացող համայնք, քանի որ 256 բնակչից (66 ընտանիք) 40 տոկոսը ծերեր են, իսկ երիտասարդները աշխատանք չունենալու պատճառով լքում են ծննդավայրը, եթե, իհարկե, հնարավորություն են ունենում: Վերջին 2 տարում գյուղը լքել է 4 ընտանիք, իսկ տարվա մեջ մոտ 10 տղամարդ արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: «Պատկերացնո՞ւմ եք, գյուղում մի խանութ էլ չկա: Մի խանութ ունեինք, էն էլ պարտքերի պատճառով փակվեց»,- բողոքում էին սալլիցիները:

 

Սալլիում պնդում էին, որ իրենց գյուղը «մահանում» է: 79-ամյա Հասմիկ տատը մեզ պատմեց, որ իր ընտանիքից ոչ մեկը չի հեռացել գյուղից, բայց «էհ, ապրում ենք էլի ու յոլա գնում: Այս քարերի մեջ մարդ կապրի՞, որ մենք ենք ապրում»:

 

Գյուղում երբեւիցե չի եղել մանկապարտեզ, իսկ հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 22 աշակերտ… Երեխաներն այնուհետեւ կարող են իրենց ուսումը շարունակել Սալլից 7 կմ հեռավորության վրա գտնվող հարեւան Քարագլուխ գյուղում: «Ներկա պահին գյուղից 15 աշակերտ է սովորում Քարագլխի դպրոցում: Պետությունն էլ մի մեքենա է տվել, որ երեխաները հասնեն դպրոց ու վերադառնան»,- ասում էր Հովակիմյանը:

 

Սալլիում պատմեցին նաեւ, որ իրենց գյուղը շատ հին ժամանակներում է հիմնադրվել, եւ 4-րդ դարում Հայաստանի տարբեր վայրեր քրիստոնեություն քարոզելու նպատակով ուղարկված քարոզիչներն իջեւանել են իրենց գյուղում: Գյուղի տարածքում են թաղված նաեւ սրբերից մեկի` Մանասի մասունքները, իսկ հետագայում նույն տեղում կառուցվել է եկեղեցի, որն այժմ վերակառուցման խիստ կարիք ունի:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Սալլի-Երեւան

Լուսանկարը` հեղինակի