կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 11:55
Տնտեսական

Գործազրկության չհանդարտվող ալիք` Հայաստանում

Գործազրկության չհանդարտվող ալիք` Հայաստանում

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում այս տարվա երկրորդ կիսամյակի տվյալներով 75 հազար 200 մարդ է, կամ տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 6,2 ը: Մինչդեռ նախաճգնաժամային 2007 և 2008 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 7,2 և 7,1 տոկոս: Նկատենք, որ ճգնաժամի առաջին ազդակները Հայաստան հասան 2008թ. տարեվերջին միայն:

 

Ստացվում է, որ երբ տնտեսությունը աճում էր երկնիշ թվերով, գործազրկությունն ավելի բարձր էր, քան հիմա, երբ տնտեսությունը անկում է ապրել նույնպիսի երկնիշ թվերով: Տնտեսագիտական այս աբսուրդի պատասխանը դեռևս գտնված չէ: Քանզի մեր վիճակագրությունը նման է վիճակահանության` ձեռքդ մեկնում ես և չգիտես` ի՞նչ թիվ դուրս կգա` իրականության հետ այն որևէ աղերս կունենա՞, թե՞ ոչ: Ստացվում է, որ Հայաստանում 1 մլն 205 հազար 700 տնտեսապես ակտիվ բանկչությունից զբաղված է 1 մլն 130 հազար 500 մարդ: Իրականում 6,2 տոկոս ցուցանիշը «սառցաբեկորի» միայն երևացող մասն է:

 

Տնտեսական ճգնաժամի հետևանքով հենց միայն շինարարության ծավալների շեշտակի անկումը, որի վրա խարսխված էր մեր տնտեսության երկնիշ աճը, ենթադրում է ոլորտում փաստացի զբաղվածների թվաքանակի գրեթե նույնքան կրճատում: Նշում ենք` փաստացի զբաղվածների, որովհետև այս ոլորտին բնորոշ է իրավաբանորեն չձևակերպված աշխատողների մեծ թվաքանակի առկայությունը, հատկապես, այսպես կոչված` մասնագիտացում չպահանջող բանվորական աշխատուժի դեպքում:

 

Ըստ վիճծառայության տվյալների` շինարարությունում զբաղվածների թիվը միայն 2009թ. նախորդ տարվա համեմատ նվազել է 10 հազարով: Այն, որ չգրանցված աշխատողները, կորցնելով աշխատանքը, չեն կարող գործազուրկի կարգավիճակ ստանալ, հասկանալի է: Գործազուրկի կարգավիճակ չեն կարող ստանալ նաև «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատվածները, իրականում` դարձյալ կրճատվածներ: Իրականում աշխատանքը կորցրած շատ քիչ թվով քաղաքացիներ են ձգտում գործազուրկի կարգավիճակ ստանալ, քանզի նպաստի միջին չափը, որ հատկացնում է պետությունը գործազուրկին, 17 հազար դրամից մի փոքր ավելի է: Եվ մարդիկ, որքան էլ տվյալ պահին անելանելի վիճակում լինեն, հաճախ արհամարհում են այդ խորհրդանշական գումարը, որն ավելի շուտ նվաստացնում, քան պաշտպանում է աշխատանքը կորցրած քաղաքացուն: Արդյունքում, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեզանում շատ ցածր է: Ի դեպ, գործազուրկ նպաստառուների քանակն այս տարի կազմում է 17300` նախորդ տարվա 23000-ի դիմաց:

 

«Զբաղվածության պետական ծառայություն» կոչվող գործակալությունում չեն գրանցվում նաև այն պարզ պատճառով, որ վերջինիս միջոցով աշխատանք գտնելու հավանականությունը զրոյական է, թեև, ըստ պաշտոնական վիճակագրության, աշխատանք փնտրողների մոտավորապես 1 տոկոսին, այնուամենայնիվ, հաջողվում է տեղավորել: Նկատենք, որ ճգնաժամային նախընթաց տարիների մեծ թվով կրճատումներ են եղել հանքարդյունաբերության ոլորտի մի շարք ընկերություններում, որոնք առաջինը կրեցին ճգնաժամի հարվածը: Մեծ թվով կրճատումներ են եղել նաև հեռահաղորդակցության ոլորտում. ինչպես «ԱրմենՏել»-ում, այնպես էլ «ՎիվաՍել»-ում այս տարիներին 500-700 աշխատակիցներ են կրճատվել: Զգալի կրճատումներ են եղել նաև այլ ոլորտներում. չթվարկենք:

 

Այս պատկերն առավել ամբողջական արտացոլված է ՀՀ պետեկամուտների կոմիտեի` երկու տարի առաջ հրապարակած «100 և ավելի աշխատողներ հայտարարագրած տնտեսվարողների ցանկ»-ում: Ըստ վերոնշյալ աղբյուրի` հարյուր և ավելի աշխատողներ հայտարարագրած տնտեսվարողների թիվը միայն մեկ տարվա ընթացքում կրճատվել է մի քանի տասնյակով: Իրականությանը փոքր-ինչ ավելի մոտ վիճակագրություն Վիճծառայությունը հրապարակել է նաև 2009 թ. զբաղվածության ցուցանիշներն` ըստ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների արդյունքի: Հետազոտությունն իրականացվել է հայաստանյան 8000 ընտանիքներում: Ցավոք, 2010 թ. համար դեռևս հրապարակում չկա, սակայն 2009թ. արդյունքները ևս որոշ պատկերացում են տալիս իրավիճակի գնահատման առումով:

 

Միայն այն փաստը, որ ըստ հետազոտության` գործազուրկների թիվը 2009 թ. Հայաստանում կազմել է 266 հազար մարդ, այսինքն` առնվազն երեք անգամ ավելի, քան նույն թվականին պաշտոնապես հայտարարված 7,1 տոկոսն է, բավական է նկատել, որ ԱՎԾ վիճակագրությունը մոտավոր պատկերացում անգամ չի տալիս առկա իրավիճակի մասին: Եվ անգամ այս հետազոտության արդյունքներն են «մեղմված»` հաշվի առնելով իրական պատկերը:

 

Այն, որ Հայաստանում սոցիալական պայթյուն դեռևս չի հասունանում, թերևս ոչ թե մեր իշխանությունների ճկունության, այլ դրսից եկող հսկայական տրանսֆերտների շնորհիվ է: Եվրագոտու մյուս երկրները մի կողմ` եթե անգամ միայն Ռուսաստանը ներքաշվի սոցիալ-տնտեսական ճգնաժամի սպասվող ալիքի մեջ, ապա ոչ միայն Հայաստան եկող տրանսֆերտները շեշտակի կնվազեն, այլև տասնյակհազարավոր մեր հայրենակիցներ կդառնան «Արի տուն» ծրագրի հարկադիր մասնակիցներ. ինչպես եղավ ճգնաժամի ամենասկզբում:

 

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ