կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-26 10:27
Առանց Կատեգորիա

Չեն բացառում...

Չեն բացառում...

Քաղաքական կոալիցիայի փլուզման շուրջ խոսակցությունները դեռ չմարած` քաղաքական որոշ գործիչներ հիմա էլ սկսել են քննարկել ԲՀԿ-ՀԱԿ, ՕԵԿ-ՀԱԿ հավանական համագործացությունը: Վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը խոր ռևերանս արեց ԲՀԿ-ին և նրա առաջնորդին՝ հայտարարելով, թե որոշակի պայմաններում հնարավոր է իրենց միջև համագործակցությունը… Սակայն որքան էլ զարմանալի է, պայման էր դրվում ոչ թե ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը, այլ Քոչարյանից սահմանազատվելը… Փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ի պայքարի թիրախը ոչ այնքան «ավազակապետությունն» է, քանի որ առնվազն դրան մաս կազմող կարևոր ուժի հետ համագործակցությունը հնարավոր է համարվում, որքան Քոչարյանը…

 

Հակառակ դրան, համագործակցության հնարավորությունը իր առաջնորդի նման չի բացառում նաև ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ սակայն այս անգամ առաջին պլան մղելով «ռեժիմի հետ համագործակցությունից հրաժարումը»: «Մենք ցանկանում ենք կազմաքանդել ավազակապետությունը: Այսօր ավազակապետության շահերը սպասարկում է իշխող քաղաքական ռեժիմը, մենք անելու ենք այդ ռեժիմի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Երկիր»-ի հարցին` նշեց ՀԱԿ համակարգողը, ու թեեւ կոալիցիայի փլուզման հավանականության մասին կանխատեսումներ չցանկացավ անել, բայցեւ շտապեց ավելացնել, որ կոալիցիայում լարվածություն կա:

 

Ռեժիմի հետ համագործակցությունից հրաժարվելով եւ նրա դեմ պայքարելով՝ այդ ուժը դառնում է ժողովրդի դաշնակիցը, կարծում է Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հավելեց, որ որեւէ պայմանավորվածություն կամ հանդիպում ԲՀԿ-ի հետ չի եղել, եւ առաջիկայում նման բան եւս չի նախատեսվում: Թե ի՞նչը կարող է ստիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, հարցին ՀԱԿ համակարգողը չցանկացավ պատասխանել եւ հավելեց, որ չի ցանկանում խոսել որեւէ մեկի մոտիվների մասին:

 

Պարզվում է, ՀԱԿ-ը գտել է «Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական ուժերի միավորման բանալին»: Դա հասարակությունն է: «Մենք առաջին հերթին աշխատելու ենք ժողովրդի հետ, բայց ինչ-որ փուլից չեմ բացառում, որ ժողովրդի մոբիլիզացիան պատշաճ մակարդակի հասցնելուց հետո արդեն հնարավոր կլինի այլ քաղաքական ուժերի հետ բանակցությունը, ոչինչ չեմ բացառում»,- նշեց նա:

 

Քաղաքականության մեջ, իհարկե, հնարավոր է ամեն բան, սակայն այս դեպքում ի՞նչ են մտածում մյուս ուժերի ներկայացուցիչները: «Այն քաղաքական ուժը, որը կներկայացնի մեր երկրի բարգավաճմանը, առաջընթացին, կայունությանն ու անվտանգությանը միտված ծրագրեր, անկախ նրանից ՀՀԿ-ն է, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», թե Դաշնակցությունը, ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել այդ ծրագրերը»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Փաստորեն, ԲՀԿ-ական պատգամավորն էլ ոչինչ չի բացառում...

 

Ստացվում է, համագործակցությունը ոչ ՀԱԿ-ն է բացառում, ոչ ԲՀԿ-ն: Անհասկանալի է մնում ՀԱԿ-ի պահվածքը, ԲՀԿ-ին պիտակավորումներ տալիս միշտ ասում էր, թե կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտն է»: Բա որ այդպես է, ուրեմն ՀԱԿ-ը ոչ ուղղակի կերպով Քոչարյանի՞ հետ է համագործակցում, թե՞ երկրորդ եւ երրորդ նախագահներին իր դեմ հանելու ծրագիր է մշակում...

 

ԲՀԿ-ՀԱԿ հավանական համագործակցության մասին գնահատականներ տալուց խուսափում է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եթե»-ներով հարցերին հանրապետական պատգամավորը չի պատասխանում, կոալիցիայի շուրջ ստեղծված շփոթն էլ լուրջ չի համարում: «Սպասենք, տեսնենք ԲՀԿ-ին ինչ կանի, ես իրենց անունից խոսել չեմ կարող»,- նշեց Շարմազանովը:

 

Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն մտքին, թե Հանրապետական կուսակցության այն հատվածները, որոնք նույնպես կգիտակցեն ռեժիմի վտանգը եւ դուրս կգան դրա դեմ, կարող են միանալ ՀԱԿ-ին, Շարմազանովը հիշեցնում է, որ «միավորողը ՀՀԿ-ն է եւ չի պատրաստվում որեւէ մեկին միանալ»:

 

Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս՝ քաղաքական դաշտի համար գրեթե մոռացված անդամին` ՕԵԿ-ին, որի եւ ՀԱԿ-ի համագործակցության շուրջ եւս խոսակցություններ են շրջանառվում, «առաջին ձեռքից» տեղեկությունները ճշտելը, թերեւս, լրագրողների համար բարդ խնդիր է: Այս կուսակցության ներկայացուցիչներին գրեթե անհնար է «բռնացնել» հեռախոսազանգերով, իսկ երբ, այնուամենայնիվ, հաջողվում է, առաջարկում են հարցը գրավոր ձեւակերպել, սովորության համաձայն, թողնում անպատասխան ու կրկին դառնում անհասանելի: Եթե նույն բանը նրանք անե նաեւ ՀԱԿ-ի հետ բանակցություններում, ուրեմն, հաստատ, համագործակցությունը չի կայանա: Չնայած, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ