կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 10:19
Հասարակություն

Ամոթ է, էլի՛

Ամոթ է, էլի՛

Չնայած բազմաթիվ կոչերին, հորդորներին ու խորհուրդներին` այնուամենայնիվ, Հայաստանի շատ քաղաքացիներ իրենց հանգիստն են կազմակերպում թուրքական ծովափնյա քաղաքներում: Հայաստանից տարբեր հաշվարկներով մոտ 1,5 տասնյակ հազար մարդ օրվա հացը վաստակում է Թուրքիայում՝ նաեւ նպաստելով այդ երկրի տնտեսական հզորացմանը: Եվ դա, կարծես, սովորական է դարձել բոլորի համար:

 

Որ Հայաստանի շուկան ողողված է թուրքական ցածրորակ ու էժան ապրանքներով, նույնպես ապացուցման կարիք չունի: Բայց որ մեր երկրում թուրքական ընկերությունների բացահայտ քարոզչություն է իրականացվում, դա արդեն, համաձայնեք, անցնում է բոլոր սահմանները:

 

Հագուստի թուրքական ֆիրմայի այս գովազդը փակցված է առեւտրի կենտրոն դարձած «Ռոսիա» կինոթատրոնի հետնամասում: Գովազդը փակցնողները թույլ են տվել առնվազն երկու կոպիտ խախտում. Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ինչը պաստառից բոլորովին չի զգացվում: Եվ սրանով պարտավոր է զբաղվել Լեզվի տեսչությունը: Այստեղ, սակայն, օրենքից բացի, կա նաեւ բարոյականության խնդիր: Ինչ ենք գովազդում եւ ինչու: Նման դեպքերը, ցավոք, քիչ չեն:

 

Տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալուց անմիջապես հետո երկու գյումրեցի քույրեր (արմատներով` մշեցի) որոշեցին իրենց անսահման սերն ու նվիրվածությունը եղբայրական թուրք ժողովրդի նկատմամբ  ի ցույց դնել Երեւանում. Գարեգին Նժդեհ փողոցի խանութներից մեկը թուրքական ապրանքներին «նվիրեցին»` անունն էլ թուրքերենով գրեցին` «YAKUZ EV TEKSIL»:

 

2008 թվականից ի վեր ու մինչեւ վերջերս Հայաստանում գործում է նաեւ թուրքական տուրօպերատոր` «Թեզ-տուր»-ը: Իհարկե, շատերի համար դա ապրուստի միջոց է: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառություն, այդուհանդերձ, կա` Վրաստանի եւ Իրանի տարածքով: Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը մի քանի հարյուր միլիոն դոլար է կազմում: Սակայն կան նորմեր, որոնք խախտելը դուրս է բարոյականությունից:

 

Թուրքերենը հորդում է ոչ միայն խանութներից, այլեւ հեռուստատեսությունից, բառապաշարից, աղիողորմ «մուղամներից»: Եվ մինչ Թուրքիայում արգելվում է Հայաստանի և հայության հետ բոլորովին կապ չունեցող «Էմպորիո Արմանի» ապրանքանիշը, մենք առիթը բաց չենք թողնում նրանց նկատմամբ «բարեկամական» զգացմունքներն ու «հանդուրժողականությունն» ի ցույց դնել: