Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մուամար Կադաֆիի սպանությունից մեկ օր անց նոր մանրամասներ են հրապարակվում Ջամահիրիայի գահընկեց արված առաջնորդի կյանքի վերջին րոպեների մասին, սակայն միատեսակ վարկածներ չկան: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ն այսօր պահանջել է Սիրտում կատարվածի հետաքննություն անցկացնել. հարկավոր է պարզել` Կադաֆին մահացել է մարտի՞ ժամանակ, թե՞ սպանվել է գերվելուց հետո. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Վարկածներից մեկի համաձայն` գերված եւ վիրավոր Կադաֆին մինչեւ վերջ կոչ էր անում Ազգային անցումային խորհրդի զինվորականներին` կանգ առնել: Նրա վերջին խոսքերից է եղել «հարամ»` ուշքի եկեք, ավելի ճիշտ` մի' արեք այն, ինչ արգելվում է մահմեդական օրենքներով: Իբր նրան գերեվարած զինվորականներից մեկն ի պատասխան ասել է. «Լռիր, շո'ւն»:
Սիրտից գնդապետին այլ վայր տեղափոխող շարասյունն առաջինը նկատել է ֆրանսիական օդուժը եւ ռմբակոծել է մեքենաները: Զոհվել է 50 մարդ, Կադաֆին կենդանի է մնացել, վիրավորվել է միայն ձեռքը: Այլ տեղեկություններով` արդեն այդ ժամանակ նա ծանր վիրավորվել է երկու ոտքից ու գլխից: Ազգային անցումային խորհուրդը վստահեցնում է, որ Կադաֆիին նստեցրել են մեքենա` անվտանգ տեղ տեղափոխելու համար, սակայն նրա կողմնակիցների հետ փոխհրաձգություն է սկսվել, որի ընթացքում էլ Կադաֆին մահացու վերքեր է ստացել:
Այն, որ Կադաֆին կենդանի է եղել գերվելիս, ապացուցում են տեսանյութերը, իսկ այն, որ նա շուտով մահացել է, կասկածներ չի հարուցում. լիբիական իշխանությունները լրագրողներին ցույց են տվել եւ թույլ են տվել նկարահանել նրա անշնչացած մարմինը, նաեւ որդու` Մութասիմի դին:
Global Post-ը կադրեր ունի, որում գերված Կադաֆիին վայրկյանապես շրջապատել է ամբոխը եւ վիրավորական բացականչություններ տեղացել, կոշիկներով հարվածել: Արյունաշաղախ Կադաֆին մի քանի անգամ ընկել է, սակայն նրան ոտքի են կանգնեցրել: Այնուհետեւ հնչում են կրակոցներ: Հաջորդ կադրերում Կադաֆին արդեն մահացած է, իսկ թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել, հայտնի չէ: Ոմանք պնդում են, թե գնդապետի վրա կրակել է նրա մարդկանցից մեկը: Ընդ որում` Կադաֆիի թիկնապահներին այնուհետեւ գնդակահարել են: Այնպես որ` այդ վարկածը հաստատող այլեւս չկա: