կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 13:28
Հասարակություն

Բանակին արմատական փոփոխություններ են պետք

Բանակին արմատական փոփոխություններ են պետք

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական բանակում սպանության կամ ինքնասպանության երեք դեպք գրանցվեց, իսկ տարվա սկզբից 10 զինծառայող է մահացել` խաղաղ պայմաններում: Բանակում տիրող վիճակի, հանցագործությունների առաջացման պատճառների եւ դրանց կանխարգելման եղանակների մասին զրուցեցինք ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ:

 

- 2011 թվականի ընթացքում արդեն 10 զինծառայող է սպանվել կամ ինքնասպան եղել` խաղաղ պայմաններում, նրանցից երեքը` վերջին շաբաթվա ընթացքում: Ինչո՞վ եք պայմանավորում բանակում տիրող իրավիճակը:

- Մենք բազմիցս նշել ենք, որ բանակում տարիներով կուտակված խնդիրներ կան. մասնավորապես` խորհրդային բանակից փոխանցվել են վատ ավանդույթներ` գաղութային օրենքներ, «դեդավշինա» կոչվածը, կոռուպցիոն երեւույթներ: Առհասարակ, պատերազմի մեջ գտնվող բանակներում մթնոլորտը շատ ավելի լարված է թե՛ հոգեբանական, թե՛ մնացած բոլոր առումներով, եւ կյանքը ցույց է տալիս, որ նման Զինված ուժերում ավելի հաճախ են հանցագործություններ լինում:  Այդ ամենի վրա նաեւ հասարակության սոցիալ-տնտեսական իրավիիճակն է ազդեցություն ունենում:

Մեր բանակում իսկապես, այդ անառողջ մթնոլորտն առկա է:  Սպաները, ենթասպաները, հրամանատարները զինվորների նկատմամբ այնպես չեն վերաբերվում ինչպես կվերաբերվեին, եթե իրենց երեխաները ծառայեին բանակում: Որոշ սպաներ ընդհանրապես արժանի չեն հայ սպայի կոչմանը: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրները կվերանան եւ զգում եմ, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են, բայց կարծում եմ, որ այդ քայլերը բավարար չեն:

- Ի՞նչ քայլեր, կանխարգելիչ ի՞նչ գործողություններ պետք է արվեն` իրավիճակը շտկելու համար:

- Արմատական քայլեր են պետք բանակում, մասնավորապես պետք է կադրային քաղաքականությունը կոշտացվի: Սպաների ատեստացիայի` որակավորման գործընթացը պետք է շատ խիստ պայմաններում անցկացվի եւ բոլոր նրանք, ովքեր արժանի չեն այդ կոչմանը` գրագիտության, կրթության, դաստիարակության պակաս ունեն, չպիտի լինեն բանակում` անկախ նրանց` հայրենիքի նկատմամբ ունեցած նախկին ծառայություններից: Ես հասկանում եմ, որ կան սպաներ, ովքեր Արցախյան ազատամարտով են անցել, մեծ վաստակ ունեն մեր ժողովրդի եւ հայրենիքի նկատմամբ, նրանց առջեւ մենք պետք է խոնարհվենք, բայց բոլոր նրանք, ովքեր արժանի չեն եւ չեն կարող կրել սպայի կոչումն ու կատարել իրենց պարտականությունները, չպետք է տեղ ունենան մեր Զինված ուժերում:

Փոփոխություններ են պետք կրթական-դաստիարակաչական ոլորտում,  պետք է տնտեսական,  սոցիալական որոշակի միջավայր ստեղծվի զինծառայողների համար, օրենսդրական դաշտում պետք է փոփոխություններ լինեն, որպեսզի բանակը առաջընթաց ապրի:

Ցավոք, նախարարի շրջապատում նաեւ որոշ կադրային խնդիրներ կան եւ ամեն ինչ միայն նախարարի ակտիվությամբ չի պայմանավորված:

- Այս օրերին թե՛ սոցիալական ցանցերով, թե՛ որոշ լրատվամիջոցներով խոսվում է նախարարի եւ այլ բարձրաստիճան զինվորականների հրաժարականների անհրաժեշտության  մասին: Նախարարի հրաժարականով ինչ-որ բան կփոխվի՞:

- Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը մոլորություն է: Ես չեմ փոխել իմ մոտեցումը  այն մասին, որ Սեյրան Օհանյանը, որպես պաշտպանության նախարար, ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու համար: Ուղղակի պետք է միավորել ջանքերը, որպեսզի այս գործընթացն արագ ընթանա: Մենք չենք կարող տարիներ շարունակ սպասել եւ այս վիճակը հանդուրժել:

Պաշտպանության  նախարարությունն ու  պատկան մարմինները մեզ ներկայացնում են թվեր, որոնցից պարզվում է, որ այս տարվա դեպքերը նվազելու միտում ունեն: Առաջ էլ դեպքեր լինում էին, բայց դրանց մասին չէր բարձրաձայնվում: Ես նույնիսկ կարծիքներ եմ լսել պաշտոնյաներից, թե ավելի լավ էր, երբ չէին հրապարակվում. հասարակությունն այսքան չէր հուզվում, բանակն էլ այսքան քննարկման առարկա չէր դառնում: Ես այդ կարծիքին չեմ, ավելին կարծում եմ, բանակը պետք է հրապարակային ու թափանցիկ լինի, քանի որ այն հասարակության մի մասն է եւ մարդիկ պետք է իմանան, թե իրենց որդիները, որոնք երկու տարի շարունակ պաշտպանում են հայրենիքը, ի՞նչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ դեպքերը հրապարակային դարձնելուց հետո շատերը կփորձեն ամեն կերպ խուսափել ծառայելուց կամ ամեն գնով կփորձեն «ազատել» իրենց որդիներին:

- Նրանք, ովքեր պիտի շահարկեն այս խնդիրը, կշահարկեն: Բայց այն մարդիկ, ովքեր գիտակցում են, թե ինչ պարտականություն է դրված իրենց որդիների վրա, նրանք միշտ էլ իրենց քաղաքացիական եւ հայրենասիրական պարտքը կատարելու են: Այն ժամանակ, երբ նման դեպքերը գաղտնի էին պահվում, խուսափողներ  դարձյալ կային, հիմա էլ կան: Բայց մի օր կգա, երբ ծնողներն ուղղակի ավելի հանգիստ կզգան իրենց, որովհետեւ, այնուամենայնիվ, տարիներն աշխատել են մեր բանակի օգտին:

- Իսկ ի՞նչ պետք է անի ձեր ղեկավարած հանձնաժողովը բանակ-հասարակություն հնարավոր պառակտումը կանխելու համար:

Մենք անընդհատ կապի մեջ պետք է լինենք, եւ պատկան մարմիններից պահանջենք, որ հրապարակայնորեն բացահայտվեն բոլոր դեպքերը եւ մեղավորներն արժանի պատիժը ստանան: Մեր հանձնաժողովը այդ հարցում միշտ հետեւողական է լինելու եւ մենք արդեն մի քանի անգամ նիստեր, խորհրդակցություններ գումարել ենք թե՛ պաշտպանության նախարարության, թե՛ Ռազմական ոստիկանության, թե՛ զինդատախազության մասնակցությամբ: Հանդիպում ենք ունեցել նաեւ զոհվածների ծնողների հետ: Մեր հանձնաժողովում նաեւ թեժ գիծ է գործում եւ մենք արձագանքում ու ստուգում ենք բոլոր ահազանգերը: Շարունակելու ենք նաեւ ոլորտի օրենսդրական բացը լրացնել: Այս գործընթացը լինելու է շարունակական, եւ հետեւողական ենք լինելու բոլոր խնդիրները վեր հանելու եւ լուծում գտնելու հարցում:

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ