| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարեսև Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետևաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում:  Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը և համապատասխան լուծումեր գտնելու համար: 
Ըստ նախարարի`  վարչապետի հանձնարարականով նախատեսվում  է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով: Լևոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի: 
Նախարարը նշել է, որ ներկայումս տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն անդրադարձել է որոշ դասագրքերի բովանդակության, որակի, դրանք ավելի ընկալելի դարձնելու, ինչպես նաև որոշ տեխնիկական խնդիրների:
 Ըստ նախարարի` քանի որ մեր երկրում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, այդ պատճառով երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները և այլն: Լ. Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն,  մասնավորապես, բնագիտական և պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ և հայերենի խրթին շարադրանք: Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կինի նաև վերջիններիս ներկայացուցիչը:
 Խումբը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձևավորման վերաբերյալ հրատարակիչների ներկայացրած առաջարկությունները և դիտարկումները, ինչպես նաև այլ խնդիրներ` փորձագետների բազա ստեղծելու, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության հետ կապված:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձևակերպելով օրակարգային խնդիրները: