Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լևոն Տեր-Պետրոսյանի հայրենակից` սիրիացի միջնադարյան հեղինակ Աբուլ Ֆարաջն իր հետաքրքրաշարժ պատմություններից մեկում գրում է. «Տեսնելով Սոկրատեսին արմատիքով սնվելիս` ծանոթներից մեկն ասաց. «Եթե ծառայեիր մեր տիրակալին, երբեք չէիր հասնի այնպիսի վիճակի, որ արմատիքով սնվեիր»: «Իսկ եթե դու գոհանայիր արմատիքով, ապա չէիր ծառայի քո տիրակալին»,- պատասխանում է փիլիսոփան»:
Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնեց և փորձեց վերադառնալ քաղաքականություն, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նա կարող է այդքան աներեսություն ցուցաբերել: Հայ ազգի հանդեպ կատարած հանցանքների համար պատժից խուսափելը նրան վստահություն ներշնչեց, իսկ բարոյալքված ու անտերության մատնված ժողովրդի անմխիթար վիճակը դարձավ առիթ, որ ԼՏՊ-ն մեկ անգամ եւս համարձակություն ու լկտություն ունենա` փորձության ենթարկելու երկրի ապագան: Ինքնահավան ու ամբարտավան մարդը նույնիսկ չկարողացավ համակերպվել իր համախոհների հետ ու շատերին վանեց իրենից:
Անկրկնելի համարելով իրեն` ԼՏՊ-ն, փառքի բնատուր ծարավով առաջնորդվելով, գնում է դեպի անխուսափելի քաղաքական ինքնաոչնչացում: Թե ի՞նչ հոգեխառնվածքի տեր է Լևոնը, արդեն համարյա բոլորը գիտեն: Նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո` անհոգ վիճակում 10 տարի գեղարվեստական գրականություն կարդալու ընթացքում ոչ մի կենդանության նշան, ոչ մի շփում հայ ժողովրդի հետ, որը նրան նախագահ դարձրեց: Կարծես, այդ ժողովուրդը համբարձվել էր երկինք:
ԼՏՊ-ն բնական աղետ է` ավերիչ երկրաշարժ կամ ջրհեղեղ, որից հետո միշտ ավերածություն, դժբախտություն ու անկում է լինում: Եվ եթե այս ամենից հետո ԼՏՊ-ն նորից իշխանություն է ուզում, նշանակում է, որ այդ մարդն անուղղելի է: Ցավալի է, բայց փաստ, որ նույնիսկ Մարկեսը չկարողացավ նրա մեջ ինչ-որ բան փոխել: Հետաքրքիր է, եթե մարդու մեջ ոչինչ չի փոխվում, ինչո՞ւ է գրականություն կարդում, այն էլ` Մարկես:
Անկեղծ ասած` մարդկայնորեն կարելի է և պետք է ցանկանալ, որ ԼՏՊ-ն, որպես մարդ արարած, երկար ապրի, ասենք` 100 տարի, բայց չի կարելի նույնիսկ վատ երազի տեսքով պատկերացնել, որ ԼՏՊ-ն ու նրա նմանները դեռ տասնյակ տարիներ բզկտելու են Հայաստանը:
Մինչև հիմա ԼՏՊ-ն չի հասկացել, որ Հայ ժողովուրդն ու Հայաստանը ո'չ իր, ո'չ էլ իր նմաններից պաշտպանվելու ո'չ ուժ ունի, ո'չ էլ ժամանակ, ուրեմն նա և իր նմանները Հայաստանի համար ավելի վտանգավոր են, քան մոնղոլ-թաթարները: ԼՏՊ-ի վաստակը հայ ժողովրդի հանդեպ կլիներ միայն այն, որ, հրապարակավ հրաժարվելով քաղաքականությունից, իրեն նորից չէր առաջնորդի դեպի իշխանություն, քանզի ինքն էլ գիտի, որ իր ղեկավարած իշխանությունը թալանել և դարձյալ թալանելու է արդեն թալանված երկիրը:
Անփառունակ, անսկզբունքային մարդիկ ժողովրդավարի ու հայրենասերի դիմակի տակ պատրաստ են ամեն ինչի, միայն թե պաշտոն ունենան, փող ունենան:
ԼՏՊ, քո ղեկավարած ժողովուրդը փախել է քեզնից ու նորից կփախչի, եթե նորից գաս իշխանության: Դոստոևսկին ասում է, որ միայն անբարոյականներն ու անդաստիարակները չեն փոխվում: Չե՞ս հավատում, կարող ես նաև Դոստոևսկի ամբողջությամբ կարդալ: Բայց, կարծում եմ, արդեն ուշ է քեզ համար: Դու միայն գեղարվեստական գրքեր ես կարդում, երբ հրաժարական ես տալիս նախագահի պաշտոնից: Ուրեմն` հաստատ չկարդացիր, որովհետև քեզ երկրորդ հնարավորությունը չի տրվի:
Գեւորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ