|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան հետախուզական բնույթ էր կրում: Բացի դրանից` Սարկոզիի համար շատ կարեւոր էր, որ գալիք նախագահական ընտրություններում ֆրանսահայերի ձայնը որոշիչ դառնա իր համար. «Դա է պատճառը, որ Սարկոզին այստեղ որոշ հուզմունքային ձեւակերպումներ տվեց Ցեղասպանության վերաբերյալ եւ նշեց, թե հասկանում է, որ Ղարաբաղը շատ կարեւոր գործոն է հայ ժողովրդի համար: Սրանք թե' դիվանագիտական, թե' ներքին օգտագործման խնդիրներ էին, եւ այդ իմաստով նա իր խնդիրը լուծեց»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կոշտ արձագանքին, ապա քաղաքագետի համոզմամբ` թուրքերը հասկացան, որ Սարկոզիի այդ ձեւակերպումներն ավելի շուտ նախընտրական բնույթ են կրում եւ որոշեցին, որ դիվանագիտական պատասխան կտան:
Բոզոյանը շեշտեց, որ Հայաստանի համար կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ Ֆրանսիան առաջին անգամ նշեց, որ հետաքրքրված է ատոմային էներգիայի ոլորտում ներդրումներ անելու հարցում: Քաղաքագետի կարծիքով` սա լավ ազդանշան է մեզ համար:
ԼՂ խնդրի հետ կապված` նա նշեց, որ Մեդվեդեւի նախաձեռնության ձախողումից հետո տեսակետ կա, որ հաջորդ առաքելությունն իր վրա կվերցնի Ֆրանսիան: «Այստեղ Սարկոզին բավական զգույշ է, որովհետեւ հասկանում է, որ թե' ամերիկացիներին, թե' ռուսներին չհաջողվեց այդ առաքելությունն իրականացնել, որովհետեւ ԼՂ խնդիրը բավական բարդ խնդիր է եւ, անկախ նրանից, թե ով է ուզում առաքելություն իրականացնել, հասկանում է, որ երրորդ անգամ նույն ճանապարհով գնալը ճիշտ չէ: Ֆրանսիան մեզ համար շատ կարեւոր երկիր է` զուտ դիվերսիֆիկացիայի իմաստով, սակայն խնդիրը բավականին բարդ է, քանի որ երկու կողմերի դիրքոորոշումներն ուղղակիորեն տարբեր են»,- նշեց վերլուծաբանը` հավելելով, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների անցած փորձը ցույց է տալիս, որ արագ լուծում չի լինելու, եւ դա հասկանում է նաեւ ֆրանսիական կողմը, ով փորձելու է ավելի զուտ մոտենալ խնդրին եւ անել այն, ինչ չհաջողվեց ամերիկացիներին ու ռուսներին: