Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոփոխությունները, ճիշտ է, միշտ էլ լավ են, եթե, իհարկե, բովանդակային բնույթ են կրում. yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետի հրաժարականի և նախարարների հնարավոր փոփոխման մասին, կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Ըստ նրա` մեզ համակարգային փոփոխություն է պետք, նման փոփոխությունները պարզ չէ` ուր կտանեն:
«Ժամանակի ընթացքում, գիտեք, որ կարող է ամորտիզացիոն հարցեր առաջանան, և ցանկացած մեխանիզմ անպիտան համարվի: Ժամանակն առաջ է գնում, աշխարհը կայծակնային արագությամբ փոփոխվում է, և դու ինքդ շատ ճկուն և փոփոխվող պետք է լինես, բայց ոչ թե` փոփոխական, այլ պատրաստ վերցնելու և համընթաց գնալու: Եթե դու բետոնից ես, պարզ է, որ չես փոխվի, եթե ճկուն նյութից ես, ուրեմն շատ հեշտ կկարողանաս մանևրել, առաջ գնալ, կարող է և պարտվես, բայց պետք է անընդհատ շարժ լինի: Թումանյանն էլ էր ասում, որ շարժումը շատ կարևոր է` մտքի, ֆիզիկական, հոգևոր շարժում, շարժն անընդհատ պետք է լինի` անկախ նրանից` համակարգը լա՞վն է, թե՞ վատը: Չի փոխվում միայն մահացած մարմինը, չնայած այն էլ քայքայվում է»,- ասաց Թուխիկյանը:
Նա նշեց նաև, որ վստահ է` հասարակությունն այնքան խելացի է, որ հասկանում է ամեն ինչ և այն, թե ինչ միտում ունեն այս փոփոխությունները: «Յուրաքանչյուրիս ձեռքում է այն, ինչ պետք է կերտենք: Չեմ ուզում պատասխանատվությունը գցենք կոնկրետ ինչ-որ մեկի վրա, ամեն մեկս պատասխանատու ենք մեր տեղում` ընտրության գնալիս, մեր որոշումները կայացնելիս: Ուզում եմ, որ փոփոխությունները յուրաքանչյուրիս ուղեղում լինեն, այսինքն` ներքին փոփոխություններ լինեն, այդ դեպքում, եթե անգամ արտաքին փոփոխությունը շինծու է, չի աշխատի: Ինչ էլ փոխվի, մեր մեջ պիտի փոխվի, և այդ դեպքում ոչ մի արհեստական բան նշանակություն չի ունենա մեզ համար»,- ասաց Թուխիկյանը: