Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ կառավարության որոշման նախագծի` Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, և դրա գործառույթն իրականացնելու է փոխվարչապետի գրասենյակը։
Արդյո՞ք որոշումը կայացնելիս հաշվի է առնվել Սփյուռքի կարծիքը, արդյո՞ք նման նախարարություն ունենալը նպատակահարմար չէ: Yerkir.am-ն այդ թեմայով զրուցեց Թեհրանում լույս տեսնող Alikonline-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
Ըստ նրա` լուծում տալու փոխարեն գնում են ծայրահեղ ճանապարհով, հիվանդությունը բուժելու փոխարեն անդամահատում են: Շահնազարյանի կարծիքով` սա պարզապես այն մոտեցումն է, որ ՀՀ նոր իշխանությունները որդեգրել են Սփյուռքի ոլորտի նկատմամբ:
«Խնդիրը լուծելու փոխարեն նրանք որոշել են պարզապես ջնջել խնդիրը. չկա կառույց, չկա եւ խնդիր: Ցավալի է փաստը, որ նոր կառավարության համար Սփյուռքն անկարևոր ոլորտ է հռչակվում: Այս չափազանց կարեւոր ոլորտի խնդիրներով զբաղվող նախարարության օպտիմալացումը պայմանավորել այն հանգամանքով, թե դա ինչո՞վ է արդարացրել իր գոյությունը, նման է այն բանին, որ ծնողն ասի` ինչո՞վ է արդարացված ընտանիքի անդամալույծ զավակի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:
Այն, որ ընդհանուր համակարգն ու մոտեցումները ճիշտ չեն, սփյուռքյան քաղաքականություն՝ համապատասխան ռազմավարությամբ եւ մարտավարությամբ, գոյություն չի ունեցել, միանշանակ է: Այն, որ ոչ ոք չգիտի, թե նախարարության գործառույթը որն է, միանշանակ է: Այն, որ Սփյուռքին վերաբերող բազմաթիվ խնդիրներին լուծումներ տալու փոխարեն նախարարությունը զբաղված էր մասսայական, հիմնականում` ցուցադրական բնույթի ինչ-որ միջոցառումներ (հաճախ անիմաստ ու անբովանդակ) կազմակերպելով, նույնպես միանշանակ է: Բայց, միեւնույն է, այս բոլորը որեւէ կերպ չի արդարացնում կարեւորագույն այս ոլորտի նկատմամբ նման վերաբերմունքը»,- ասաց Արամ Շահնազարյանը:
Ըստ նրա` ոլորտի խնդիրների կարգավորումը չի կարելի պայմանավորել միայն կադրային ու կառուցվածքային փոփոխություններով: «Կրկնե՛մ` ընդհանուր համակարգն ու մոտեցումները ճիշտ չեն, պատկերացումներն աղավաղված են, իսկ դրանք շտկելու համար անհրաժեշտ է խորհրդակցել մարդկանց հետ, որոնք անցել են սփյուռքյան թուհուբոհի միջով ու տեղյակ են դրանից, լիարժեքորեն ծանոթ են ոլորտին, գիտեն դրա հետ կապված բոլոր նրբությունները, առկա խնդիրները, լուծումներ պահանջող առաջնահերթությունները: Ծայրահեղ ճանապարհի ընտրությունը տանելու է դեպի փակուղի: Վերջապես, չի կարելի այդքան մակերեսային մոտենալ համազգային նշանակության նման նրբագույն խնդրին: Դա անթույլատրելի է»,- խոսքը եզրափակեց Արամ Շահնազարյանը: