կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 15:22
Իրավական

Եկեղեցու ներքին կյանքին միջամտած դատավորների քրեական պատասխանատվության հարցը կբարձրացվի. փաստաբան

Եկեղեցու ներքին կյանքին միջամտած դատավորների քրեական պատասխանատվության հարցը կբարձրացվի. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացվելու է:

Այս դատավորներն իմ կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածում նշված արարքն են կատարել: Ըստ այդ հոդվածի՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը՝ պատժվում է նաև ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները: Ըստ այդ օրենքների՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, ինչպես նաև պետությունը` չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին:

Պետությունը, ոչ իր գործադիր և ոչ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը Հոգևոր Հովվի պաշտոնում:

Եկեղեցական կանոնների համաձայն կարգալույծ եղած հոգևորականի հետ որպես հոգևորականի աղոթակից լինելը հոգևորականի համար կարգալույծ լինելու հիմք է:

Այս դատավորների իրավական պատասխանատվության հարցը պարզ է, բայց արդյոք այս անձինք չեն վախենում հոգևոր պատասխանատվությունից:

Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնու՞մ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու: Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության:

Դատավորներն իրենց չվերաբերող ոլորտի վերաբերյալ կայացրել են այնպիսի որոշումներ որոնք անհնարին է կատարել: Եթե դատավորները որոշեն, որ այսուհետ արևը պետք է արևմուտքից ծագի, ապա այդ որոշումն անհնարին է լինելու կատարել»: